Քաղաքական

13.05.2014 13:08


ՀԱԿ–ը, «Ժառանգությունը»` դեմ, ԲՀԿ–ն, ՀՅԴ–ն և ՕԵԿ–ը՝ ձեռնպահ (տեսանյութ)

ՀԱԿ–ը, «Ժառանգությունը»` դեմ, ԲՀԿ–ն, ՀՅԴ–ն և ՕԵԿ–ը՝ ձեռնպահ (տեսանյութ)

Ժամանակ ձգելուց հետո ԱԺ–ում քվեարկության դրվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը։

Քվեարկությունից առաջ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ երեկ ամբողջ օրը հանդիպել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, «ԴԵՄ ԵՄ» շարժման անդամներին, փորձագետների, և հանգել են եզրակացության, որ այս օրինագիծը կես քայլ առաջ է, բայց թերի է, կիսատ և չի լուծում հիմնական խնդիրը։

–ԲՀԿ–ի համար այս օրինագծով մի շարք հարցեր մնում են բաց, հարցի ամբողջական լուծում չի տալիս, և ԲՀԿ–ն քվեարկելու է ձեռնպահ, միևնույն ժամանակ, եթե քառյակը որոշի արտահերթ նիստի պահանջով ստորագրահավաք սկսել, մենք կմիանանք,–ասել է Ն. Զոհրաբյանը։

ՕԵԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Մանուկյանը ևս հայտարարել է, որ ներկայացված նախագիծը խնդրին ամբողջական լուծում չի տալիս, ուստի այս փուլում ՕԵԿ–ը քվեարկելու է ձեռնպահ։

–Երկրորդ ընթերցման ռեժիմում ՕԵԿ–ը կներկայացնի առաջարկ, որին առաջարկում ենք միանալ մյուս խմբակցություններին,–ասել է նա։

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը պնդել է, որ նախագիծը ոտնահարում է սեփականատերերի իրավունքները և ՍԴ որոշումը, և ինքնին հակասահմանադրական է։

–Իշխանությունն ամբողջ թափով շարունակելու է պարտադիրի բռնագանձումը։ Կոնգրեսը քվեարկելու է դեմ և կոչ է անում քաղաքական ուժերին հրավիրել արտահերթ նիստ մեր մշակած նախագծով,–նշել է Լ. Զուրաբյանը։

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ նշել է, որ իրենք առաջարկել էին մինչ պարտադիր բաղադրիչն ամբողջությամբ վերացնելը անցումային փուլում մեղմացնել իրավիճակը։

–Դա այս նախագծում ներառված է, բայց մեր մնացած ամբողջական առաջարկներն այս նախագծում ներառված չեն։ Սա քայլ առաջ է, բայց չի լուծում բոլոր մտահոգությունները։ Մենք ողջամտորեն հասկանում ենք, որ սա քայլ առաջ է նախկին կառավարության կարծր դիրքորոշումից, և մենք որոշել ենք ձեռնպահ քվեարկել՝ հայտնելով մեր պատրաստակամությունը աշխատել վերջնականապես պարտադիր բաղադրիչը հանելու ուղղությամբ,–հայտարարել է Ա. Մինասյանը։

Իսկ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ասել է, որ իրենք դեմ են քվեարկելու, քանի որ վստահ են՝ վերջում պարտադիր կուտակային բաղադրիչը մնալո՛ւ է։

–Չենք ուզում խաբված լինել, բայց կարծում եմ, որ վերջում խաբված ենք լինելու,–ասել է նա։

Ի վերջո, օրինագիծն առաջին ընթեցմամբ ընդունվել է 68 կողմ, 12 դեմ, 36 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

Կոճակները սեղմելուց հետո ՀՀԿ խմբակցության պատգամավորները խմբակային լքել են նիստերի դահլիճը։

Պատգամավորների անհատական քվեարկություններին կարող եք ծանոթանալ այստեղ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը