Հարցազրույց

20.08.2009 18:11


Տիգրան Կարապետյան.

Տիգրան Կարապետյան.

Հարցազրույց «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանի հետ։

-Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ներկայիս ներքաղաքական իրավիճակը։

-Իմ կարծիքով որոշ ուժեր համարում են, որ այսօրվա մթնոլորտը հղի է փոփոխություններով։ Մասնավորապես իշխանական բուրգում (նկատի ունեմ նախարարական, վարչական համակարգերը) պետք է փոփոխություններ լինեն։ Այսօր կառավարությունն ընդունում է շատ տարօրինակ որոշումներ, որոնք նրա գործառույթների մեջ չեն մտնում։

-Ի՞նչը նկատի ունեք։

-Օրինակ՝ այս վերջին որոշումը՝ կապված ամրագոտիների հետ։ Դա ընդհանրապես կառավարության խնդիրը չէ, դա կոնկրետ գերատեսչության խնդիր է։ Եվ երբ կառավարությունը սկսում է մանր գործերով զբաղվել, դա փոփոխության նշան է։ Կառավարությունն առաջին հերթին պետք է զբաղվի ճգնաժամի հաղթահարմամբ։ Առանց ամրագոտիների կարելի է ապրել։ Չնայած, դա էլ է պետք։ Ոչ մեկը դրան դեմ չէ։ Սակայն դա կառավարության խնդիրը չէ։ Դա կարելի էր անել ներքին ռեսուրսներով, և ոչ թե անիմաստ փոշիացնել այն ռեսուրսները,  որոնք Հայաստան են մտել վարկային պայմաններով։

-Եվ այս ամենն, ըստ Ձեզ, խոսում է իշխանական համակարգում հնարավոր փոփոխությունների մասի՞ն։

-Այո՛։

-Իսկ ընդդիմության ներսում վերաձևավորումներ հնարավո՞ր են։

-Այսօվա ընդդիմությունը կմնա այնպիսին, ինչպիսին որ կա։ Այն առումով, որ ընդդիմությունն ուղղորդվում է դրսից, և ոչ մեկը ոչ մեկին չի միանա՝ ո՛չ «Ժառանգությունը»  ՀԱԿ-ին, ո՛չ էլ ՀԱԿ-ը՝ «Ժառանգությանը»։ Պարզապես նրանք ակնկալում էին, որ ղարաբաղյան հարցում կարող են լինել ինչ-որ որոշումներ։ Դրանք չեղան, և հիմա ընդդիմությունը փորձում է աշխուժացնել իր գործունեությունը մարզերում։

-Արտախորհրդարանական ընդդիմության ներսում ներուժի մաշվածության խնդիր առաջիկայում կառաջանա՞, թե՞ ոչ։

-Ամեն դեպքում՝ այո՛։ Այն էլեկտորատը, որը պահանջում է վճռական գործողություններ, պարզ է, որ հետ կքաշվի, քանի որ ընդդիմության գործողություններում վճռական ոչինչ չկա։ Նրանք սպասում են հերթական ընտրություններին։

-Առաջիկայում Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների պատասխան խաղն է։ Բնականաբար, հայ-թուրքական հարաբերությունները կրկին կհայտնվեն օրակարգում։ Ինչպե՞ս եք գնահատում «ֆուտբոլային դիվանագիտությունը»։

-«Ֆուտբոլային դիվանագիտությունը» գնահատում եմ բացասական։ Արդեն ակնհայտ է, որ մեր արտգործնախարարությունը չապահովեց նույնիսկ դպրոցական՝ 5-րդ դասարանի մակարդակը։ Փաստորեն, հերթական անգամ Թուրքիան մեզ օգտագործեց։ Իմ կարծիքով դա այն ցուցումներն էին, որոնք արտգործնախարարությունը փորձում էր հրամցնել նախագահին։ Համենայն դեպս, ես «ֆուտբոլային դիվանագիտությունը» չեմ ընդունում, առավել ևս, որ մենք այսօր թուրքերից վատ ենք ֆուտբոլ խաղում։ Ա՛յ օրինակ՝ շախմատը՝ խնդրեմ...Այդ դիվանագիտությունը կընդունեմ, որովհետև մենք կարող ենք հաղթել։ Եթե որևէ սպորտաձևում մենք չենք կարող հաղթել, ապա դրանով պայմանավորված դիվանագիտությունն անպայման կձախողվի։

-Ձեր կարծիքով հանրապետության նախագահը Թուրքիա կգնա՞, թե՞ ոչ։

-Իմ կարծիքով՝ ոչ։

-Դա ճի՞շտ որոշում կլինի։

-Այո՛, դա ճիշտ որոշում կլինի։

-Արտահերթ համապետական ընտրությունների հավանականությունն ինչպիսի՞ն է։

-Ես գտնում եմ, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջն ակնհայտ է։ Այսօր բոլորին հայտնի է, որ օլիգարխները բոլոր նորամուծությունների համար պատնեշ են հանդիսանում, համենայնդեպս, հակամենաշնորհային բոլոր օրենքների ընդունման հարցում։ Դա վնաս է պետության, վնաս է ժողովրդի, վնաս է բոլորի համար։ Բացի այդ, այսօր քաղաքական դաշտում կան, ասենք, երիտասարդ սերունդ և հին դպրոցը, որոնք հակասության մեջ են։ Դա էլ է ակնհայտ։ Ի վերջո, այսօր խորհրդարանում չկան այն առողջ ուժերը, որոնք, որպես օրենսդիր մարմին, կարող են հասարակությանը հանել ճգնաժամից։ Չկան։ Փոփոխությունների անհրաժեշտությունն ակնհայտ է։ Կգնա՞ արդյոք այդ քայլին  նախագահը, թե՞ ոչ, կցուցաբերի՞ քաղաքական կամք, թե՞ ոչ, ես դա չգիտեմ։ Ցանկալի կլիներ, որ ցուցաբերեր։ Ինչո՞ւ։ Որովհետև ոչ միայն ժողովուրդը, այլ նա էլ է այս իրավիճակի պատանդը։

-Առաջիկայում ներքաղաքական ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում։

-Մեծ ցնցումներ ես չեմ ակնկալում։ Սակայն յուրաքանչյուր հարցի շուրջ կլինեն շահարկումներ. դա ակնհայտ է։ Կանխատեսում եմ նաև ուժերի վերադասավորում, սակայն ոչ մոտ ապագայում, ասենք՝ մեկ տարի հետո։ Կլինեն ուժեր, որոնք կստանան իշխանական ռեսուրսից ինչ-որ մի մաս։ Օրինակ՝ «Բարգավաճ Հայաստանը» կարող է «Հանրապետականից» պետական որոշակի ռեսուրս տանել։ Իր հերթին, «Հանրապետականը» կփորձի դա թույլ չտալ։

Զրույցը վարեց Վախթանգ Մարգարյանը

Այս խորագրի վերջին նյութերը