Լրահոս

20.08.2009 18:02


Վարդան Ղուկասյանը մեկնում է բուժվելու

Վարդան Ղուկասյանը մեկնում է բուժվելու

Գյումրիի Մուշ 2 թաղամասում ընթացող անօթևանների բնակարանաշինության աշխատանքներին ծանոթանալու համար շինհրապարակ էր այցելել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Նա ծանոթացել է շինաշխատանքներին, որից հետո պատրաստակամ համաձայնել է հարցազրույց տալ լրագրողներին:

Հարցազրույցի հենց սկզբում Վարդան Ղուկասյանը լրագրողներին հարցրել է, թե ինչու՞ նրանք չեն հետաքրքրվում ավելի քան 2 տարի առաջ իր հետ կատարված դեպքով. «Ինչո՞ւ չեք հարցնում այդ մահափորցի մասին»։ Ի պատասխան՝ լրագրողներն արձագանքել են. «Ի՞նչ հարցնենք, ասում են՝ ձեր առողջական վիճակը վատ է»:

«Ճիշտ է, առողջականս վատ է, արտաքինից չի երևում. գնալու եմ Մոսկվա՝ բուժվելու էն դեպքերի պատճառով»,-իր առողջության վատթարացման  մասին Գյումրիում պտտվող լուրերը հաստատել է Վարդան Ղուկասյանը:

Այնուհետև նա անդրադարձել է շինարարության ընթացքին. «Շատ լավ վիճակի մեջ է. հասցնելու են անպայման։ Այս տարի 1320 հոգի բնակարաններ են ստանալու: Մենք թղթաբանության հարցերը կարգավորել, ուղարկել ենք։ Հատիկ-հատիկ քննարկվում է: Այնպես որ, բոլորը ստանալու են հաջորդ տարի ևս: Մնացած մարդկանցից էլ մի քիչ համբերատարություն եմ հայցում, որ գիտենան, որ, իրոք, Աստծու ողորմածությամբ հաջորդ տարի էլ մնացած 1700 և ավելի ընտանիքները կստանան իրենց բնակարանները»,- վստահեցրել է Գյումրու քաղաքապետը:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը