Լրահոս

03.04.2014 15:36


ՄԱԿ-ի որոշմամբ հայտարարված Ընտանիքի տարվա միջոցառումներ կանցկացվեն նաև Հայաստանում

ՄԱԿ-ի որոշմամբ հայտարարված Ընտանիքի տարվա միջոցառումներ կանցկացվեն նաև Հայաստանում

Հիմք ընդունելով 2014 թվականը ընտանիքի տարի հայտարարելու Միավորված Ազգերի Կազմակերպության որոշումը՝ ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում մեր երկրում Ընտանիքի տարի է հայտարարել 2014թ. ապրիլի 7-ից 2015թ. ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածը: Գործադիրը նույն որոշմամբ հաստատել է Ընտանիքի տարվա կապակցությամբ անցկացվելիք միջոցառումների ցանկը, դրանց կատարումը վերապահել շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների, ՀՀ մարզերի և Երևան քաղաքի ղեկավարներին: Փաստաթղթի նախագիծը մշակել են ՀՀ վարչապետին կից կանանց հարցերի խորհուրդը՝ ՀՀ նախարարությունների, Կանանց հանրապետական խորհրդի և այլ հասարակական կազմակերպությունների ներկայացրած առաջարկների հիման վրա:
Երկու այլ որոշմամբ՝ կառավարությունը հավանություն է տվել կնոջ և տղամարդու իրավահավասարության քաղաքականության, սեռի հատկանիշով բռնության կանխարգելման 2014թ. միջոցառումների տարեկան ծրագրերին: Պաշտոնական վիճակագրության տվյալներով՝ Հայաստանում պահպանվում է կանանց հանդեպ քողարկված խտրականությունը: Այսօր սեռի հատկանիշով բռնության հիմնախնդիրը դեռևս մնում է արդիական: Հայաստանի աշխարհաքաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակը, գործազրկությունը, անօրինական միգրացիան, անկատար իրավական դաշտը հանգեցնում են սեռի հատկանիշով բռնության աճի: Ակնկալվում է, որ ընդունված որոշումները նպաստելու են կնոջ և տղամարդու իրավահավասարության գիտակցմանը և սեռի հատկանիշով բռնության կանխարգելմանը:

Այս խորագրի վերջին նյութերը