Լրահոս

02.04.2014 14:28


ԲՀԿ պատգամավոր. «Կառավարությունը մինչև հիմա որևէ հիմնավորում չի բերել, որ լավ է աշխատել»

ԲՀԿ պատգամավոր. «Կառավարությունը մինչև հիմա որևէ հիմնավորում չի բերել, որ լավ է աշխատել»

Այսօրվա ասուլիսին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը և ՀՀԿ կուսակցության պատգամավոր Արտակ Դավթյանը խոսել են երկրում առկա քաղաքական զարգացումներից: Անդրադառնալով ՀՀ ԱԺ 4 ոչիշխանական ուժերի՝ ապրիլի 28-ին կառավարությանն անվստահություն հայտնելու հարցին՝ Միքայել Մելքումյանն ասել է.

-Նախ՝ ինչ վերաբերում է քառյակի գործունեությանը, նա իր բնականոն հունով, ռիթմով այն ծավալում է։ Աշխատանքները բաժանված են ըստ կազմակերպչական բնույթի, ծրագրային բնույթի, բնականաբար, նաև քաղաքական։ Մոտ ժամանակներս նաև մարզերում կսկսվեն իրազեկման հանդիպումներ ժողովրդի հետ. մենք պատրաստվում ենք ապրիլի 28-ին Ազգային ժողովի լիագումար նիստում կառավարությանն անվստահություն հայտնելու որոշումը դնել շրջանառության մեջ,-ասել է պատգամավորը։

Մելքումյանը նշել է, որ երկրում սոցիալական և տնտեսական անելանելի վիճակի համար կառավարությանն անվստահություն հայտնելուն զուգահեռ՝ 4 ոչիշխանական ուժերը նաև իրենց ծրագրային աշխատանքներն են իրականացնում, այսինքն՝ այն, թե ինչ պետք է արվի երկիրն այս իրավիճակից դուրս բերելու համար. «Որոշ ժամանակ հետո դուք ականատես կլինեք մեր մոտեցումներին։ Մենք ոչ միայն ասում ենք՝ անվստահություն, մենք ասում ենք, թե որն է այդ ոչիշխանական ուժերի ծրագիրը այս վիճակից դուրս գալու համար»։

Ինչ վերաբերում է ԱԺ-ում ձայների ապահովմանը, ԲՀԿ-ական պատգամավորը հորդորել է «կոճակային» տրամաբանությունից ելնող եզրակացություններ չանել. «Եկեք առաջ չանցնենք. սա գործընթաց է»,-ապա նշել, որ իրենք միշտ ասել են, որ ցնցումների, շատ կտրուկ գործողությունների դիմելու ցանկություն չունեն։ Կառավարությունն էլ մինչև հիմա որևէ հիմնավորում չի բերել, որ լավ է աշխատել։ Այդ կառավարությունն է հնգամյա ծրագիրն Ազգային ժողով բերել, և բոլոր հիմնական ցուցանիշները, փաստորեն, չեն կատարվել՝ ծնելով հանրային դժգոհություններ. «Եվ այդ հանրային դժգոհությունները հաշվի չառնելը, մեղմ ասած, միամտություն կլինի այս կառավարության կողմից։ Այսինքն, համընդհանուր դժգոհություն է առաջանում, ասենք՝ չկա՞ նման բան»։

ՀՀԿ–ական Արտակ Դավթյանն էլ ասել է. «28-ից 28-ը մենք որոշակի իրադարձությունների սպասելուց կլինենք։ Ինչ խոսք, որ Սահմանադրության և ԱԺ կանոնակարգ օրենքով նախատեսված գործառույթ են իրականացնում։ Մենք այդ ամենին վերաբերվում ենք շատ հանգիստ. նրանց իրավունքն է։ Կապված այն բանի հետ, թե ինչպես կներկայացնեն, ինչ կասեն, ինչպիսի քննարկումներ կծավալվեն, դրան մենք ականատես կլինենք ապրիլի 28-ին, եթե մինչ այդ, իհարկե, ինչ–ինչ փոփոխություններ կամ ինչ–ինչ գործընթացներ չլինեն...»։

Հանրապետական պատգամավորը հավելել է, որ ուշի ուշով հետևելու է այն այլընտրանքային քայլերին, որոնք ոչիշխանական ուժերը կներկայացնեն:

Լրագրողի հարցին, թե բոլոր հանրապետականները չեն կարող կողմ լինել կառավարության կողմից ստեղծված այն սոցիալական վիճակին, որն առկա է, հնարավո՞ր է, որ քվեարկեն կուսակցության որոշումից անկախ, ՀՀԿ–ական պատգամավորը պատասխանել է. «Դուք մի՛ ասեք՝ հանրապետականներն ընդհանրապես. ոչ միայն հանրապետականներին, մեր երկրի ցանկացած քաղաքացու ու բնակչի այսօրվա մեր սոցիալ–տնտեսական զարգացման տեմպերը կամ մարդկանց բարեկեցության մակարդակը 100%-ով չեն գոհացնում...»,–ապա հավելել է, որ ճիշտ հետևություններ չանել այն բանից, ինչը օբյեկտիվ իրողություն է, այնքան էլ ճիշտ չէ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը