Լրահոս

27.03.2014 15:57


Սամվել Սևադա. «Եթե կառավարությունը շարունակի համառել կուտակայինի հարցում, դա կհանգեցնի հրաժարականի պահանջին»

Սամվել Սևադա. «Եթե կառավարությունը շարունակի համառել կուտակայինի հարցում, դա կհանգեցնի հրաժարականի պահանջին»

Հարցազրույց գեղանկարիչ, լուսանկարիչ, բանաստեղծ Սամվել Սևադայի հետ

–Յուրաքանչյուր իսկական արվեստագետ իր դիրքորոշումը պետք է ունենա հասարակական–քաղաքական իրադարձությունների վերաբերյալ։ Համոզված եմ, որ ընդդեմ կուտակային կենսաթոշակային համակարգի «ԴԵՄ ԵՄ» շարժման մասին դիրքորոշում ունեք։ Ո՞րն է այդ դիրքորոշումը։

–Բոլոր շարժումները դրական եմ գնահատում, ուրախանում եմ, որ շարժում կա, որովհետև քարացած լճում, երբ որ ջուրը չի խաղում, շուտ նեխում է։ Հասարակությունն էլ այդ ջրի նման է. ինչքան շատ է տարուբերվում, այնքան մաքրվում է, տիղմը դուրս է գալիս։ Ինչ վերաբերում է կոնկրետ «ԴԵՄ ԵՄ»–ին, ապա ուրախ եմ, որ երիտասարդությունն իր ձայն է բարձրացնում։ Իրականում կուտակայինի գաղափարը լավն է, բայց ինձ համար անհասկանալի է, թե ինչո՞ւ հենց հիմա, ինչո՞ւ այս նեղ պահին որոշեցին այդ համակարգը ներդնել։

–Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ հենց հիմա։

–Բյուջեն դատարկ է, և դա պետք է ինչ–որ կերպ լցվի։ Ուրիշ պատասխանան չեմ գտնում։

–Այդ համակարգի դեմ սկսված բողոքի ալիքն արդյոք պայմանավորվա՞ծ չէ կառավարության, իշխանությունների հանդեպ վստահության բացակայությամբ։

–Բնականաբար, իշխանություններին չեն վստահում։ Իսկ եթե բյուջեն դատարկ է, չի նշանակում, որ 45 տարի հետո առաջարկվող հեռանկարով այսօրվա երիտասարդները պետք է լցնեն դրա այլ անցքերը։

–Ի՞նչ եք կարծում՝ հնարավո՞ր է՝ ընդդեմ պարտադիր կուտակայինի սկսված շարժման օրակարգը վերածվի կառավարության հրաժարականի պահանջին։

–Միայն այս շարժումը քիչ է այդ նպատակին հասնելու համար. պետք է նաև մի քանի տարբեր պատճառներ գումարվեն իրար, սա էլ դրանցից մեկը կլինի, որ կառավարության հրաժարականի պահանջի պատճառ հանդիսանան։ Եթե կառավարությունը շարունակի համառել կուտակայինի հարցում, հնարավոր է՝ ժողովուրդն էլ արդեն իր ձայնը բարձրացնի, հետ չկանգնի, և դրան էլ գումարվեն մնացած այլ խնդիրները, ու արդյունքում հասնի կառավարության հրաժարականի ռեալ պահանջին։ Այստեղ շատ կարևոր է նաև չորս ոչիշխանական ուժերի աջակցությունը, և Աստված տա, որ, ինչպես միշտ, այս անգամ ևս ներսում դավադրություններ չլինեն։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը