Լրահոս

12.08.2009 14:24


Մեխակ Ապրեսյանը պնդում է, որ զբոսաշրջությունը Հայաստանում զարգացել է

-Այդ ո՞վ է գնահատում, որ չի զարգանում զբոսաշրջությունը։ Ո՞ր չափանիշներից ելնելով են այդպես ասում. Համենայնդեպս, պետական թվերն ասում են, որ այն զարգանում է և ոչ միայն նրանով, որ տարեցտարի զբոսաշրջիկների թիվն է ավելանում, այլ Հայաստանում զբոսաշրջության ենթակառուցվածքների զարգացման առումով,-խոսելով «7օր Blog»-ում «Տուրիզմը Հայաստանում. հանգստանա՞լ, թե՞ չհանգստանալ՝ ա՛յս է խնդիրը» թեմայով քննարկման մասին՝ ասել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը։

«7օր»-ի  այն հարցին, թե ի՞նչպես կմեկնաբանի այն փաստը, որ քննարկման մասնակիցները հիմնականում պետական սխալ քաղաքականությունն ու տուրիստական կազմակերպությունների վարած գնային քաղաքականությունն են համարում զբոսաշրջության  չզարգանալու պատճառը, նա ասել է. «Եկեք չմոռանանաք, որ տուրիստական կազմակերպությունները շահեր հետապնդող կազմակերպություններ են, և նրանց նպատակն առաջին հերթին իրենց գործունեությունից շահույթ ստանալն է, բայց նրանք իրենց գործունեության արդյունքում, բնականաբար, ազդում են նաև երկրի իմիջի ձևավորմանը, երկում բիզնեսի զարգացմանը, դեպի Հայաստան զբոսաշրջիկների հոսքի ապահովմանը։ Դրանով նաև պետական խնդիրների լուծումն են ապահովում, ինչ վերաբերում է պետական քաղաքականությանը, ես դեռ չեմ հասցրել հետևել բանավեճին, բայց եթե ասում են, որ այն սխալ է, ապա թող ասեն, թե որն է սխալը, և որն է ճիշտը»։

Ըստ Մեխակ Ապրեսյանի՝ պետությունը չի կարող ուղղակիորեն ազդել գնային քաղաքականության վրա. դա հնարավոր է տարբեր միջոցառումների շնորհիվ։ Նրա խոսքերով՝ ՀՀ կառավարությունն այս ուղղությամբ քայլեր ձեռնարկում է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը