Մեկնաբանություն

28.02.2014 15:10


Քոչարյանը պայթեցրեց Մաքսային միության մասին իշխանությունների հորինած լեգենդները

Քոչարյանը պայթեցրեց Մաքսային միության մասին իշխանությունների հորինած լեգենդները

Իշխանությունը հնարավորին չափ պահելու եւ դրա հաշվին հարստություն դիզելու տենդագին ցանկությունն այնքան ուժեղ է գործող իշխանությունների մոտ, որ նրանք ոտնատակ են տալիս մեր ազգային եւ պետական շահերը, իսկ հետո իրենց որոշումները բացատրում տարօրինակ եւ անհեթեթ ձեւակերպումներով:

Անկասկած, ամենաանհեթեթ քայլը դիվանագիտական «պինգ–պոնգն» էր. մոտ չորս տարվա բանակցություններ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի շուրջ, ապա գլխապատառ վազք դեպի ... Մաքսային միություն:

Բնականաբար, նախորդ տարվա սեպտեմբերի 3-ից հետո գործող իշխանությունները պետք է լեգենդներ հորինեին իրենց կայացրած «գիշերային» եւ խայտառակ որոշումը հիմնավորելու համար: Լեգենդներից մեկն էլ այն էր, թե մտնելով Մաքսային միություն՝ մենք ապահովում ենք մեր երկրի անվտանգությունը, ընդ որում՝ ոչ միայն տնտեսական: Հիմա բոլոր պալատական գործիչներն ու գրագիրները, տեղից կանգնելով, շտապում են հայտարարել, թե շնորհիվ հմուտ եւ իմաստուն առաջնորդ Սերժ Սարգսյանի՝ Հայաստանը փրկեց իր գոյությունը, իհարկե, ձեռքի հետ էլ նաեւ Արցախը:

Իսկ ինչ կլիներ Հայաստանի անվտանգության հետ, եթե մենք գլխապատառ չնետվեինք դեպի Մաքսային միություն, իսկ դրանից առաջ էլ անիմաստ բանակցությունների մեջ չմտնեինք Եվրամիության հետ: Այս հարցին շատ կոնկրետ պատասխան է տվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույցում:

Ինչ վերաբերում է ՄՄ–ին անդամագրվելու որոշմանը, ապա դրա կապակցությամբ Քոչարյանը մի շարք հարցադրումներ է հնչեցրել՝ զուգահեռաբար ներկայացնելով այն խնդիրները, որոնք առաջանալու են։ Մեջբերում ենք. «Այսպիսով, Հայաստանն ու Ռուսաստանը, օբյեկտիվ հանգամանքներից ելնելով, երկար ժամանակ մաքսային քաղաքականության մեջ տարբեր մոտեցումներ էին իրականացնում, և այդ մոտեցումները մեր երկրների մաքսային օրենսգրքերի հիմքը դարձան: Իսկ քանի որ Մաքսային Միության մոտեցումներում ընկած է ՌԴ մաքսային օրենսգիրքը, հարց է առաջանում, թե ի՞նչ խնդիր է լուծում Հայաստանն իր տնտեսության համար՝ բարձրացնելով մաքսատուրքերը ռուսաստանյան մակարդակի, և կհաջողի՞ արդյոք անցնցում վերափոխել իր մոտեցումները»:

Այս հարցերին ՀՀ իշխանությունները հաստատ չեն պատասխանի, քանի որ անկեղծ պատասխանի դեպքում է՛լ ավելի խայտառակ կլինեն:

Իրականությունն այն է, որ հանուն մի քանի լումայի եւ հանուն իրենց դիրքերի ամրապնդման՝ իշխանություններն արկածախնդիր խաղեր սկսեցին Եվրամիության հետ, որի հետեւանքն էլ սեպտեմբերի 3-ն է, որի պայմանավորվածությունների իրականացման հետեւանքով մեր երկիրը կրկին կտուժի:

Պատահական չէ, որ այս անգամ իշխանության մեծ եւ փոքր ներկայացուցիչները չեն շտապում պատասխանել Ռոբերտ Քոչարյանին: Մեծ հաշվով, պատասխան չունեն, եւ, բացի այդ, հիմա նրանց ուժերը կենտրոնացած են ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի դեմ: Եւս մի նոր ճակատի բացումը շատ ծանր կլինի նրանց համար: Այսուհանդերձ, երբ ՀՀ երկրորդ նախագահը չի կարողանում իրեն զսպել եւ ասում է այն, ինչ մտածում է ՀՀ իշխանությունների վարած արտաքին քաղաքականության մասին, նշանակում է, որ ամեն ինչ իրականում շատ ավելի վատ է, քան ենթադրում են շատերը:

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ ՄՄ մտնելուց հետո պալատական «վերլուծաբաններն» ու հաստիքային սերժամետները պնդում էին, թե Քոչարյանը չի խոսում այդ թեմայով, քանզի նրա տեսակետները չեն տարբերվում Սերժ Սարգսյանի տեսակետներից։ Կյանքը, սակայն, ցույց տվեց, որ հերթական քարոզչական փուչիկը պայթեց օճառի պղպջակի պես։

Հ.Գ.–2։ Երեկ, հանդիպելով վրաց իր պաշտոնակցի հետ, Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագրի գնացող Վրաստանի ու ՄՄ մտնելու հայտ ներկայացրած Հայաստանի հարաբերությունների միջև խոչընդոտներ չեն լինի։

Սարգսյանի ասածներից կարելի է երկու եզրահանգման գալ՝ 1. կա՛մ Սարգսյանը լավ չի պատկերացնում ԵՄ–ի ու ՄՄ–ի մաքսային քաղաքականությունների և առևտրային հարաբերությունների ահռելի տարբերությունները, 2. կա՛մ Սարգսյանը հասկանում է, որ հայ–վրացական առևտրաշրջանառության վրա հսկայական ազդեցություն է թողնելու երկու երկրների վեկտորալ ընտրությունը, բայց դե, զուտ բաժակաճառային մակարդակով ուզում է լավ բաներ ասած լինել։ Երկու դեպքում էլ «նախաձեռնողական» բան է ստացվում։

Այս խորագրի վերջին նյութերը