Կարծիք

11.08.2009 13:08


Միրաժ. անապատային հիվանդություն

Միրաժ. անապատային հիվանդություն

                                                                              Դե,փոքրիկ ջան,նանիկ արա,

                                                                                  Աչուկներն են քո փակվում,

                                                                                  Ինչ ուզում ես' կտեսնես դու

                                                                                  Քո անուշիկ երազում...

                                                                                              (Օրորոցային)

Չէ՜, ինչ ուզում եք՝ ասեք, մեկ է, մերն ուրիշ է: Փորձեք ուզած հայի մտորման նյութ տալ, ու նա այնպիսի բաներ ձեզ կհրամցնի՝ կմնաք ապշած: Ուծացման վտանգի կանխարգելման ու հայկական ներուժի կոորդինացման նկատառումներով ստեղծված Սփյուռքի նախարարությունն, օրինակ, հայապահպանության շրջանակներում «Արի տուն» ծրագիր է իրականացնում, ու  «ազգընտիր» քաղաքապետի գործուն քավորությամբ՝ օտար դաշտերում ծլարձակած «ծաղիկներին» ( բնականաբար, հայկական «փոշոտումից» հետո) կանաչ ճանապարհ մաղթում: Վարչապետն ավելի հեռատես լինելով՝ զարգացնում է միտքն ու անդրադառնում հայկական աշխարհի կարևորությանն ու մեգահայկական  ապագա վիթխարահասակի ռազմավարական նշանակությանը: Ով՝ ով, բայց հավատավոր վարչապետը թերևս ողնուղեղով է զգում՝ «Քարն այն, որ մերժել էին շինարարները, կարող է դառնալ անկյունաքարը կառույցի»: Հանուն այդ վսեմ գաղափարի իրագործման նա  զարմանալի նախաձեռնողականություն է դրսևորում ու իբրև սկիզբ՝ իր արբանյակների միջոցով ներկայացնում Նյու Ջերմուկների, Տեխնո-Գյումրիների ու Ուոլսթրիթ-Դիլիջանների  թող որ թղթե, բայց զգլխիչ...մակետները: Ավելին, քաջածանոթ

«Երբեք վաղվան մի՛ հետաձգիր այն գործը, որը կարող ես անել վաղը չէ մյուս օրը»  «իմաստնությանը»՝ նա, թեև էական ուշացումով, բայց գրեթե «հայրաբար», Անթալիայի լազուրե ափերում այս էլ քանի տարի հանգիստն անցկացնող  իր «ընտանիքի» անդամներին գորովանքով հիշեցնում է պատմական Արցախի պատմամշակութային «բարեմասնությունների» մասին ու տնավարի հորդորում՝ «Մնալ(հասկանալ՝ ծախսել) տանը»: Մի գնդակով, ինչպես ասում են, երկու նապաստակ: Հա՛մ թուրքական բանակը հայկական միջոցներով հետայսու չի զորանա, հա՛մ էլ վարչապետի կողմից պարբերաբար  կազմակերպվող դասաժամերը ցանկալի արդյունք կտան: Նրա  իսկ հորդորներով այս ընթացքում համակարգիչներից փոքրիշատե օգտվել սովորած չինովնիկների համար «Հայրենի բնության»  դասաժամերն  ավելի ախորժելի կլինեն, հավատացած եղեք:

Իսկ նույն այդ ընթացքում կառավարության  կողմից իրականացվող հակաճգնաժամային միջնաժամկետ ծրագրերը շարունակում են դեգերել համահայկական տեսլականի և հնարավոր ու անհնարին բոլոր միջոցներով Հայաստանն այլոց համար՝ թեկուզ զբոսաշրջության հաշվին Քլոնդայքի վերածելու փնտրտուքների տիրույթում: Ուրեմն, ի գո՛րծ, օնա՛նդր: Վաղը, ինչպես ասում են, մեկ օր ուշացած այսօրն է: Կառավարության կողմից հատկացված մոծակների դեմ պայքարի 50 հազ. դոլարանոց, առերևույթ անիմաստ  թվացող ջերմուկյան «ձեռնարկը» հարկ է դիտարկել վերոբերյալի հոլովույթում: 2013-ին արդեն, երբ մոլություններից մատաղ սերնդին զերծ պահելու «նկատառումներով» խաղատները կքոչեն զբոսաշրջության գոտիներ, «Մենք  մերը կասենք» ու կունենանք Լաս Վեգասին, Մոնտեկարլոյին ու Ատլանտիկ Սիթիին ոչնչով չզիջող խաղավաններ հենց նույն Ջերմուկում, կապուտակ Սևանում ու համահայկական Դավոսի միտող Ծաղկաձորում: Այնպես որ, հանուն բարեկեցիկ ապագայի, հարկ է  չէ՞ մի քիչ էլ համբերատար լինել:  Եթե հիշում եք, Մոսկվան էլ մեկ օրում չէ, որ կառուցվել է: Տրամաբանությունն էլ է կուռ. ի՞նչ է պատահել. մի քիչ էլ թանկ վճարեք, դրացիներին հարստացնելու փոխարեն սատարեք «տեղական արտադրողին»  ու այցելեք «Հարսնաքար»: Միայն հնչողությունն արդեն ամեն ինչ արժե: Ոչինչ, հոգ չէ, մի քիչ էլ ծիրանին կարոտած աչքերով նայեք ու առժամանակ խեղդեք  նրա՝  թանկությունից ու քչությունից դժգոհելու ձեր անզուսպ ցանկությունը: Իսկ ավելի լավը լռելն է, եթե հեչ բան չենք հասականում «Բրենդինգից»... Դա ձեր խելքի բանը չէ, հասկանո՞ւմ եք: Դուք էլ մի՛ կերեք: Գոնե այդ կերպ  կսատարեք հայկական ծիրանի  աշխարհակուլ ընթացքին: Հեռուն է պետք տեսնել, հեռուո՜ւն...  

Հայերը եթե ծով ունենային, այն հաստատ «Համբերության»  էր կոչվելու: Գուցե հենց սրանում է հայ տեսակի հարատևության գաղտնիքը: Հանուն պայծառ ապագայի նողկալի այսօրը հանդուրժելու մարզվածության մե՞ջ... Ո՞վ գիտե:  Թեև լավ էլ գիտենք ու լավ էլ հակադարձում ենք' «Անհնար է, անհնար' հայոց ոգին ընկճել»: Գիտենք, քանի որ  «Վհատելու չէ, վերջ կունենան, կուգան ու կերթան» -ի մեջ համոզված Ջիվանի  ունենք, ու նաև նեղ օրվա համար նախատեսված-պահեստավորած  «Սալորի ջեմ-1937թ.»  գրությամբ «զակատներն» են անպակաս... Իսկ «անապատի» մահաբեր հեղձուկը, կիզիչ արևն ու  մարդավայել «ծարավը»' հեչ... Վհատելու չէ... Հար և նման հայտնի անկեկդոտի հոր ու որդու խոսակցությանը.  ազգի «հայրերը» մեզանից լավ գիտեն' մեր քո՞ւնն է տանում, թե՞ անոթի ենք...

Արթուր Ազարյան

Այս խորագրի վերջին նյութերը