Խմբագրական

11.08.2009 13:39


Հայաստանը փոփոխությունների շեմի՞ն

Հայաստանը փոփոխությունների շեմի՞ն

Մեր հասարակության հիմնական հոգեվիճակը սպասողական է։ Շատերն են հասկանում, որ այս ամենը ժամանակավոր է և սպասում են փոփոխության, բայց հասարակության ամեն մի շերտ՝ կապված այդ «ժամանակավորի» հետ, ի՛ր հաշվարկներն ունի։

Իշխանությունն առաջնորդվում է «Չկա ավելի հավերժական բան, քան ժամանակավորը» կարգախոսով և ձգտում է  հավերժացնել իր ժամանակավոր կառավարումը։ Իսկ ընդդիմությունը (այն հիմա մի քանի «դեմք» ունի) կարծում է, թե իր այսօրվա վիճակն է ժամանակավոր և չի կարող հավերժ շարունակվել։

Ասեմ, որ և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը մասամբ են սխալվում՝ կախված այն հանգամանքից, թե ով ինչպիսի պատկերացում ունի ժամանակավորի ու հավերժականի մասին։  

Ինչ վերաբերում է գլխավոր  սպասողին՝ իշխանական և ընդդիմադիր քաղաքական «շինելից» դուրս գտնվող ժողովրդին, ապա նրա հիմնական  սպասումը փոփոխություններն են։ Համենայնդեպս, այդպիսի ակնկալիքներ կան հանրության առավել ակտիվ զանգվածի մոտ՝ սկսած մանր բուրժուայից մինչև նկարիչ ու դասախոս (խոսքս պալատական սազանդարների մասին չէ, չնայած նրանց մեջ էլ հաստատ կլինեն այսօրվա վիճակից զզվածներ)։ Իսկ դա նշանակում է, որ փոփոխություններ անպայման կլինեն։ Պետության մեջ փոփոխություններ լինում են հենց այդպիսի՛ դեպքերում, երբ ազատ մտածողություն ունեցող ռացիոնալ ու անհանգիստ էգոիստները (լավ իմաստով) չեն համակերպվում ստեղծված իրավիճակի հետ և փոփոխությունների քաղաքական պատվեր են ձևակերպում։ Եթե այսօր այդ պատվերը կատարող քաղաքական ուժ չկա, ապա դա չի նշանակում, որ վաղն էլ վիճակը նույնը կլինի։

Ի դեպ, մեզ մոտ առկա անհանգիստների այդ շերտը մեծամասամբ դուրս է որոշակի ընդդիմադիր քաղաքական ուժի հետևորդը լինելու  չափումներից և ընկալումներից՝ «Եթե հակաիշխանական ես, ապա պետք է լևոնական լինես» պարզունակ տրամաբանությամբ։ Այդ շերտն ընդդիմադիր է այսօրվա ողջ համակարգին՝ իր «իշխանություն» և «ընդդիմություն» ստատուսքվոյական ատրիբուտներով հանդերձ, որոնց միջև, մեծ հաշվով և հասկանալի պատճառներով, հակասություններ չկան։   

Սովետական շրջանի անհանգիստ ֆիզիկներն ու լիրիկները նախապատրաստեցին ու պատվիրեցին տոտալիտար ՍՍՀՄ-ի փլուզումը՝ մարազմատիկ գենսեկների դեմ հյուսվող անեկդոտներով, այլընտրանքային և ազատ մտածողությամբ, ռոք երաժշտությամբ, Բուլգակովի ստեղծագործությունները ձեռքից ձեռք փոխանցելով, Սոլժենիցինին  ընթերցելով կամ Սախարովի պայքարի տեսքով։ Այսինքն, փոփոխությունների հանրային պահանջը ձևավորվեց «ներքևից»՝ հասարակական էլիտայի կողմից, իսկ հետո արդեն քաղաքական նոր էլիտան բավարարեց մտավոր էլիտայի ձևակերպած պահանջը և դրան մասնակից դարձրեց լայն զանգվածներին։

Նկատենք, որ սովետական հանրության լայն շերտերն անհաղորդ էին այդ գործընթացին, բայց պիկի ժամանակ, երբ արդեն ամեն ինչ դուրս եկավ ջրի երես,  ապահովեցին «կոլեկտիվ հայտերը» դեպի հրապարակ, և փոփոխությունը կատարվեց։  Այնպես որ, սխալ է մտածել, թե միայն գլխաքանակային համապատասխան ծավալների դեպքում է հնարավոր փոփոխություններ իրականացնել. իշխանափոխություն՝ միգուցե, բայց իրական փոփոխություններ՝ երբեք։ Գլխաքանակը պետք կլինի վերջնական ակտի և ցնծության ժամանակ, իսկ մինչ այդ հարկավոր է մտքի փոփոխություն։ Եթե մտածող մարդկանց ուղեղներում արատավոր այս համակարգը քանդվի, ապա հետագայում դա կյանքի կկոչվի իրականության մեջ, չկասկածե՛ք։

Անշո՛ւշտ, մեզանում գործող քաղաքական համակարգը բացարձակապես չի համապատասխանում ժամանակակից պետության չափանիշներին և ունի ժամանակավոր բնույթ։ Բայց որպեսզի այդ ժամանակավորը հավերժական չդառնա, պետք է այլընտրանքային  կոնտրէլիտա ձևավորվի,  որը հիմնված կլինի ժողովրդավարական արժեհամակարգի վրա և ազգային անվտանգության խնդիրները լուծելու դեղատոմսեր կառաջարկի։ Պարտադիր չէ, որ այդ կոնտրէլիտան կուսակցականացված ձևով հանդես գա։ Կառավարելի քաոսն այս փուլում պայքարի ավելի արդյունավետ մեթոդ է։ Նախ իշխանությունները չեն կարողանա  իրենց «տապոռային» մեթոդներով հակազդել մեկ կենտրոնի վրա և, բացի այդ, լիդերի գերի դառնալու հարց չի առաջանա։ Ապակենտրոնացումը ժամանակի ընթացքում կկենտրոնացվի անհրաժեշտ ակորդները դնելու համար։

Ժողովրդավարական արժեհամակարգ կրող նոր էլիտան ազգային պետք է համարի և՛ Արցախի, և՛ հայ-թուրքական հարաբերությունների, և՛ սեփականության պաշտպանության, և՛ ընտրությունների,  և՛ մարդու իրավունքների  և  այլ  խնդիրները. սրանք բոլորը ազգային հարցեր են, ինչպես, որ ճիշտ նկատել է պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանը։ 

Տարածված սխալ տեսակետ կա, որ եթե դու ազգային հարցեր ես առաջ քաշում (Արցախի հարցում հաղթողի դիրքերից ես հանդես գալիս կամ, ասենք, Թուրքիայի բաց սահմանը չես ուզում փոխել Արցախից զորքերը դուրս բերելու հետ կամ Հայոց ցեղասպանության ճանաչումը դարձնում ես արտաքին քաղաքականության օրակարգային հարց), ապա անպայման  պետք է հակադրության մեջ լինես ազատականության ու ժողովրդավարության գաղափարին։ Ամենևին։ Ճիշտ հակառակը. եթե դու շահագրգիռ ես ազգային հարցերում, ապա պետք է գիտակցես, որ դրանց լուծմանը հասնելու լավագույն ճանապարհը ազատ քաղաքացու, ազատական տնտեսության և ժողովրդավարական համակարգի առկայությունն է։ Եվ հակառակը. ազատական մտածողության կրողը չպետք է կարծի, որ ինքը հնաոճ կընկալվի, եթե չխոսի Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների՝ ամեն գնով և շուտափույթ կարգավորման օգտին։

Վաղվա մեր ազատ քաղաքացին պետք է ասի՝ այո՛, մենք ուզում ենք նորմալ հարաբերություններ ունենալ մեր հարևանների հետ, բայց դրան պետք է հասնել ոչ թե անհեթեթ և, ըստ էության, դեպի գետտոյացում տանող միակողմանի զիջումների գնով, այլ մեր ներքին պոտենցիալն առավելագույնս օգտագործելով և որակապես նոր պետության դիրքերից բանակցելով. հող հանձնելով ու ստրկամիտ քիրվայությամբ հաստատ նոր պետություն չես կառուցի, մոռացե՛ք։ Օրինակ՝ հրեաները երբեք չեն հրաժարվել Հոլոքոստից և նրանց մտքով անգամ չի անցել ցեղասպանության հարցը դուրս թողնել իրենց քաղաքական օրակարգից։ Ավելին՝  հրեաներն իրենց  ցեղասպանության հարցը դարձել են բովանդակ Արևմուտքի քաղաքական օրակարգի բաղկացուցիչ մաս։

Ազատական և ժողովրդավարական արժեհամակարգի կրող ՀՀ քաղաքացին չպետք է կոմպլեքսավորվի Հայոց ցեղասպանության ճանաչմանը հետամուտ լինելուց։ Ժամանակին այդպես կոմպլեքսավորվում էին նաև հայ բոլշևիկները և չէին ուզում խոսել ցեղասպանությունից, քանի որ գտել էին «նոր կտակարան»՝ ի դեմս մարքսիզմի ու աթեիզմի և «նոր շարժում»՝ ի դեմս համաշխարհային պրոլետարական կոսմոպոլիտ հեղափոխության։ Դա իրականում ազգային դավաճանություն, փախուստ և դասալքություն էր և ոչ թե առաջադեմ մտածողության դրսևորում։ Ասել է  թե՝ բոլշևիկյան մտածողություն ունեցող մեր այսօրվա «ազատականներն»  ամենևին էլ առաջադեմ չեն։ Նրանք մեր գաղափարական դաշտի մոլախոտերն են, որոնք աճել են պետականության երկարատև բացակայության ընթացքում, քանի որ դրանցով զբաղվող չի եղել։

Եվ ուրեմն, հանրային կյանքի փոփոխությունները պետք է ներառեն և՛ այս փտած համակարգի ապամոնտաժումը, և՛ հակապետական մոլախոտային մտածողության արմատախիլ անելը։

Անդրանիկ Թևանյան

Այս խորագրի վերջին նյութերը