Մեկնաբանություն

19.02.2014 11:35


Ոչ ադեկվատն ու արյունը

Ոչ ադեկվատն ու արյունը

Կիևում արյունալի բախումների մեղավորը ոչ ադեկվատ իշխանություններն են։ Այսօր այդ մասին հայտարարում են բոլորը՝ անկախ քաղաքական դիրքորոշումից, նախապատվություններից, Արևմուտքի «խարդախ նկրտումներն» ու «Ռուսաստանի կայսերապաշտական հավակնությունները» հայհոյողներից։

Ուկրաինայի իշխանությունն անտեսեց ժողովրդի դժգոհությունը։ Նրա ոչ ադեկվատությունից փորձեցին օգտվել Արևմուտքն ու Ռուսաստանը. ելնելով սեփական շահերից՝ աշխարհի հզորները շարունակում են խաղալ դրա վրա։ Իսկ զոհերի թիվն ավելանում է։ Երկիրը կանգնած է մասնատման վտանգի առաջ։ Ոչ ադեկվատության գինը...

«Ժողովրդի 80 տոկոսը դեմ է, բայց մենք կընդունենք այդ օրենքը...»,– հայտարարում է Սերժ Սարգսյանը «կուտակայինի» թեմայով։

Իսկապես տխուր է։ Հայաստանի իշխանությունների՝ իրականությունից կտրված լինելու մասին տևական ժամանակ ասվում է։

Եթե իրենց թվում է, որ «չորով» կարող են «սաղացնել» ուզած որոշումները, միամտաբար սխալվում են։ Այսպես երկար չի կարող շարունակվել, որովհետև այդպես ուղղակի չի լինում։ Ամբողջ հարցն այն է, թե ինչ գին է վճարվելու Սերժ Սարգսյանի ոչ ադեկվատության պատճառով։

Այն, որ ձեզ հետ խաղում են, արդեն բացահայտ անում են այն, ինչ ուզում են (մեկ օրում Մաքսային միություն մտնելու որոշում կայացնելը վկա), դեռ ձնծաղիկներն են։ Դուք եք ասում, որ 80 տոկոսը դեմ է։ Այն էլ՝ խիստ չափազանցնում եք ձեր կողմնակիցների թիվը։ Դուք ոչ միայն անտեսում եք ժողովրդի դժգոհությունը, դուք անտեսում եք ամեն ինչ։ Ոչ ադեկվատին սթափության կոչ անելն ապարդյուն է։ Կոչն այդ պետք է ուղղվի իշխանության մեջ եղած ադեկվատներին։ Կանգնե՛ք մի պահ ու նայե՛ք, թե որ եզրագծին եք հասել։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը