Մեկնաբանություն

03.02.2014 12:40


Միանձնյա ու ձախողված

Միանձնյա ու ձախողված

Մարդկության պատմության ընթացքում բազմաթիվ են տարբեր երկրների իշխանությունների որոշումները, որոնք պատմաբանները, տնտեսագետները, սոցիոլոգները որակել են որպես միանշանակ ձախողված։ Շատ հեռու չգնանք.

1. Խորհրդային կոլեկտիվացում. 1929–ին Ստալինը որոշում է պարտադրաբար անցում կատարել կոլեկտիվ տնտեսությունների։ Պատմաբանների պնդմամբ՝ հենց կոլեկտիվացումը դարձավ զանգվածային սովի պատճառ՝ նախորդ դարի 30-ականներին խլելով 100 հազարավոր մարդկանց կյանք։

2. «Չոր օրենք» ԱՄՆ-ում. 1920-1933թթ. Միացյալ Նահանգներում իշխանությունները գնացին աննախադեպ քայլի՝ երկրում արգելելով ալկոհոլային խմիչքների վաճառքը։ Բարի նպատակ հետապնդող այս որոշումը ունեցավ ծայրահեղ բացասական հետևանքներ՝ հանցագործության և կոռուպցիայի կտրուկ աճ։

3. Գերմանիայի միգրացիոն քաղաքականությունը 1960–ականներին. Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Գերմանիան փլատակների տակ էր, միլիոնավոր մարդիկ զոհվել էին, քաղաքների զգալի մասն ավերված էր։ Բնականաբար, զգացվում էր աշխատուժի խիստ պահանջարկ։ Գերմանիայի Դաշնային Հանրապետության իշխանությունները՝ առաջինը Եվրոպայում, գնացին արմատական քայլի՝ որպես աշխատուժ ներգրավելով երրորդ աշխարհի երկրների քաղաքացիներին։ Ներգաղթյալների նման հոսքը մինչ օրս լուրջ խնդիր է Գերմանիայի համար...

4. Միասնական եվրոպական արժույթի ընդունում. 2002թ. հունվարի 1-ից տնտեսական զարգացածության տարբեր մակարդակներով պետությունների մի ամբողջ խումբ ինքնակամ անցավ միասնական արժութային համակարգի։ Բազմաթիվ տնտեսագետների հիմնավորմամբ՝ հենց այդ օրը եվրոպական տնտեսության տակ դրվեց «դանդաղ գործողության ռումբ» ...

Բնականաբար, ցանկն անվերջ կարելի է շարունակել, բայց անցնենք մեր խնդիրներին։ Ու ի՞նչ է պարզվում։ Պարզվում է, որ սկսած 2008–ից՝ իշխանությունների որոշումները (նկատե՛ք, որպես կանոն՝ միանձնյա ու գիշերային) ոչ թե, մեղմ ասած, ձախողված են, այլ խիստ վտանգավոր հետևանքներով հղի։

Մայնդորֆի համաձայնագիր, «ֆուտբոլային դիվանագիտություն», ասոցացման համաձայնագրից մինչև Մաքսային միություն, անցում պարտադիր կուտակային կենսաթոշակի, արտաքին պարտքը անընդհատ մեծացնող որոշումներ, երկրի տնտեսությունը կաթվածահար արած որոշումներ, «օֆշորային» վարչապետ ունենալու որոշում՝ դրանից բխող հետևանքներով ...

Այս ամենի հետևանքները սարսափելի են։ Միայն 300 հազարի կարգի արտագաղթողների թիվն արդեն բավական է իշխանությունների գործունեության գնահատականը տալու համար։

Պարզ է, որ ձախողված այս իշխանություններն անփառունակ կերպով վաղ թե ուշ հեռանալու են։ Ամբողջ հարցը հետևանքներն են, որոնք նրանք թողնում են...

Քաղաքագետների, տնտեսագետների, սոցիոլոգների, ինչու ոչ՝ հոգեբանների համար որքա՜ն նյութ են տվել Հայաստանի ձախողված իշխանությունները։ Միայն դա, ուրիշ ոչինչ...

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը