Մեկնաբանություն

28.12.2013 23:20


«Մեկ բան պետք է անպայման հիշել, որ անմեղ թափված արյունը վաղ թե ուշ փոխհատուցում է պահանջում»

«Մեկ բան պետք է անպայման հիշել, որ անմեղ թափված արյունը վաղ թե ուշ փոխհատուցում է պահանջում»

13.09.2008թ. լրագրողների հետ իր հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը լրագրողի հարցին, թե արդյոք կարելի՞ էր Տիգրան Նաղդալյանի սպանության պատվիրատուին ներում շնորհել, պատասխանել է. «Նրան ներում չի շնորհվել, ես ինձ տրված իրավասություններով կրճատել եմ պատիժը կրելու ժամկետը»:

Հետաքրքիր է, որտեղ են արձանագրված այդ իրավասությունները: Ըստ ՀՀ սահմանադրության, նման իրավասություն պարզապես գոյություն չունի: Լավ կլիներ, որ երկրի նախագահը գոնե ծանոթ լիներ Սահմանադրությամբ իրեն վերապահված իրավասություններին:

Ինչպես հանրապետության վարչապետն է սիրում ասել, երկրի ղեկավարները իրենց օրինավոր պահվածքով պետք է օրինակ ծառայեն մյուսներին: Իսկ ի՞նչ օրինակ մենք կարող ենք վերցնել նրանցից… Ժամանակն է ուշքի գալ և թույլ չտալ, որ մեր իշխանավորները իրենց գրաված պաշտոնները օգտագործեն միմիայն իրենց ընտանիքի, կուսակիցների և ընկերների համար:

Հաճախակի կրկնում են, որ ժամանակը բուժում է բոլոր վերքերը, բայց այս տասը տարիներն առանց Տիգրանի ապացուցեցին, որ դա ամենևին էլ այդպես չէ: Տասը տարիների ընթացքում վերքերը ոչ միայն չսպիացան, առավել ևս՝ չբուժվեցին, այլ ավելի ու ավելի խորացան հատկապես այն պատճառով, որ դրան շատ նպաստեցին այն անձինք, ովքեր իբր թե Տիգրանի կողքին էին:

Մայրս սիրում էր ասմունքել և ամեն անգամ Համո Սահյանի «Կտակը» արտասանելիս կարծես դիմում էր Տիգրանին. «Եվ լայն օրում թե ընկերներ, թե բարեկամ ճանաչիր, իսկ նեղ օրում ընկերներին ոչ որոնիր, ոչ կանչիր»: Մոր սիրտ է, չէ՞, կարծես կանխազգում էր ինչ-որ բան: Այս տասը տարիները դրա ապացույցը եղան նրա համար:

Տիգրանի սպանությունից հետո նրա, այսպես կոչված, ընկերները հեռուստաէկրանից բազմաթիվ խոստումներ էին տալիս, նշում ստույգ ժամկետներ (մասնավորապես՝ Տիգրան Նաղդալյանի անվան հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայի հիմնումը ), բայց իրականում դրանք լոկ հայտարարություններ էին: Տիգրանի խոսքը գործ էր և նրա հանդեպ նման անտարբերությունն ու անպատասխանատվությունը պարզապես անբարո է:

Վերջին տարիներին Հ1-ի եթերից ընդհանրապես չի խոսվում Տիգրանի մասին, փոխարենը գովազդվում է ոճրագործության պատվիրատուն: Գուցե դա է՞լ վերևից տրված հերթական ստոր հրամանն է: Համենայնդեպս, Տիգրանը նրանց չդավաճանեց եւ երբ նրանցից ոմանք նեղության մեջ էին, չկառչեց աթոռից և պաշտոնից, այլ իրեն պահեց ընկերոջը, իսկական մարդուն վայել ձևով: Իսկ նրա՞նք…

Ինչպես կյանքը ցույց տվեց, Տիգրանի սպանությունը ձեռնտու էր նաև նրանց (բացառությամբ մեկի, ով, այնուամենայնիվ, հիշում էր, որ Տիգրանը ընտանիք ունի և ծնողներ):

«Մեկ բան պետք է անպայման հիշել, որ անմեղ թափված արյունը վաղ թե ուշ փոխհատուցում է պահանջում»,– մեկ տարի առաջ՝ 2012-ի դեկտեմբերի 28-ին, Տիգրան Նաղդալյանի մահվան տարելիցի օրը գրել է քույրը՝ Կարինե Նաղդալյանը:

11 տարի առաջ, դեկտեմբերի 28-ին, հայրական տան շեմին սպանեցին Տիգրանին:

Եթե մինչեւ 2008-ը բոլորն էին հիշում եւ խոսում Տիգրան Նաղդալյանի մասին, ապա 2008-ից հետո, երբ Սերժ Սարգսյանը սպանության պատվիրատուին բանտից ազատեց՝ այլեւս այդ թեման տաբու դարձավ: Եվ միայն քույրը շարունակեց գրել ու բողոքել:

Ամո՛թ մեզ:

Ամո՛թ նաեւ այն իշխանությանը, որ գնում եւ ողջունում-ողջագուրվում ու լուսանկարվում է սպանության պատվիրատուի հետ: 2008-ից հետո գնացել եւ արել են այդ բանը:

Սա՛ է Սերժ եւ Տիգրան Սարգսյանների բարոյականությունը:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը