Լրահոս

12.12.2013 14:02


Իրականացվում է երկարատև սեյսմիկ մոնիթորինգ

Իրականացվում է երկարատև սեյսմիկ մոնիթորինգ

ՀՀ կառավարությունը թույլատրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից ՀՀ տարածքի երկրակեղևի տեղաշարժի մոնիթորինգ իրականացնելու նպատակով ԱՄՆ-ից ներմուծված երկրաֆիզիկական ցնցումների ընդունիչ սարքի նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմը երկարաձգել մինչև 2016թ. նոյեմբերի 28-ը: 2008 թվականին ներմուծված սարքը նախատեսված է երկրադինամիկական գիտահետազոտական աշխատանք կատարելու համար: Հաշվի առնելով, որ երկրաֆիզիկական երևույթները դանդաղ են ընթանում, անհրաժեշտ է իրականացնել տևական դիտարկումներ, որոնց ընթացքում հավաքված տվյալներն օգտագործվում են սեյսմիկ վտանգի գնահատման համար:
Գործադիրն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնց համաձայն հակակարկտային կայանքների տեղադրման արժեքը զգալիորեն նվազել է` հնարավորություն տալով 50-ի փոխարեն ձեռք բերել 80 կայանք: Դրանցով լրացվելու են Արմավիրի մարզի առաջին պաշտպանական գոտու թույլ օղակները և ստեղծվելու է երկրորդ պաշտպանական գոտին: Բացի այդ, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տարածքում այլ մարմինների կողմից տեղադրված հակակարկտային կայանքները համապատասխանացվելու են Հայաստանում գործող և կիրառվող մթնոլորտային միասնական համակարգին` «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատանքային սկզբունքների համաձայն: Լրացում և փոփոխություններ կատարելով իր նախկին որոշումներից երեքում, կառավարությունը պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների արտադրության արտոնագրման գործառույթը վերապահել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի հավաստագրման և արտոնագրման գործակալությանը: Հարակից արտոնագրման ընթացակարգերը և համապատասխան վերահսկողությունը նույնպես կիրականացվեն ՀՀ ԱԻՆ-ի կողմից, ինչը կնպաստի գործարար միջավայրի բարելավմանը և քաղաքացիներին մեկ պատուհանի սկզբունքով ծառայություն մատուցելու` ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականության իրագործմանը:
ՀՀ 2013թ. պետբյուջեում և իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում գործադիրը կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք թույլ կտան ՀՀ օրենսդրությանը համապատասխան իրականացնել «Անապատացման դեմ պայքարի մասին» կոնվենցիայի 10-ամյա ռազմավարական, Ազգային կենսաբազմազանության ռազմավարության և գործողությունների և հանքարդյունաբերության ոլորտի բնապահպանական ու սոցիալական կանոնակարգման ծրագրերը:

Այս խորագրի վերջին նյութերը