Հարցազրույց

28.07.2009 15:51


Ռաֆայել Համբարձումյան

Ռաֆայել Համբարձումյան

Հարցազրույց «Ազգային միասնության ուխտ» կուսակցության նախագահ Ռաֆայել Համբարձումյանի հետ

-Վերջին շրջանում արագացված տեմպերով զարգանում են գործընթացները ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ։ Ինչպե՞ս եք գնահատում ընթացող բանակցություններում հայկական կողմի որդեգրած գիծն ու կեցվածքը։

-Հայկական կողմից տարվող բանակցությունները ես գնահատում եմ շատ սխալ և պարտվողական։ Երբ սկսվեց հայոց համազգային շարժումը, որը ես անվանում են արցախյան շարժում, ամբողջ աշխարհում հասարակական կարծիքը մեր կողմն էր։ Իսկ հիմա այն լիովին փոխվել է, ինչը մեր սխալ քաղաքականության հետևանք է։ Ես համարում եմ, որ այսօրվա մեր դիվանագիտությունը բացարձակապես պարտվողական դիվանագիտություն է։

-Սակայն ներկայացվում է, թե ներկայիս բանակցային գործընթացում հայկական կողմը ճկունորեն կարողանում է օգուտներ քաղել։

-Այս և նման կարգի հայտարարությունները բացարձակապես հիմնավորված չեն։ Նման հայտարարություններ անելու համար այդ մարդկանց պետք է իրենց պաշտոններից վտարել։ Նրանք ժողովրդին խաբում են՝ գիտակցելով, որ կեղծում են։ Նման բան չկա։ Մենք շատ լավ գիտենք, որ Ադրբեջանի ղեկավարը Արցախի հարցում շարունակում է պնդել, թե Լեռնային Ղարաբաղին առավելագույնը կարելի է տալ միայն բարձր մակարդակի ինքնակառավարում, անկախության հարց չկա։ Եվ, ընդհանրապես, չեմ կարծում, որ նման հայտարարությունների և սխալների համար կարելի է ներողամտորեն վերաբերվել։

-Արցախյան շարժման, պատերազմի տարիներին մեր հասարակությունը միակարծիք էր։ Այսօր իրավիճակը փոխվել է։ Եվ տարբեր քաղական գործիչներ, փորձագետներ ներկայացնում են փոխզիջման հնարավոր սահմաններ։ Օրինակ՝ ասվում է, թե Աղդամը մեր հայրենիքը չէ։ Ինչպիսի՞ն է Ձեր տեսակետն այս հարցում։

-«Աղդամը մեր հայրենիքը չէ», կամ «ազատագրված տարածքները պետք է հանձնենք» ասողները 1988թ. չկային, նրանք չէին կարող լինել։ 1988թ. ամբողջ հայ ազգը, համայն հայությունը անվերապահ ոտքի կանգնեց՝ լուծելու մեկ խնդիր՝ միավորել Արցախը Հայաստանին։ Մեկ ուրիշ խնդրի համար մենք դուրս չենք եկել։ Ընդ որում, մենք ասելով՝ նկատի ունեմ КГБ գործակալից սկսած մինչև նշանավոր մեր հայրենասերները։ Բոլորը միակարծիք էին։ Եվ հենց այս պատճառով մենք կարողացանք հաղթել և ամբողջ համաշխարհային կարծիքն ուղղել մեր կողմը։ Այսինքն, հասանք մեր նպատակին։ Սակայն իշխանության մեջ հայտնվեցին մարդիկ, ովքեր առաջին մեծ հարվածը հասցրեցին արցախյան շարժմանը։ Նրանք կարողացան Արցախը հայտարարել ինքնուրույն հանրապետություն։ Դա առաջին մեծ պարտությունն էր, ինչը հեղինակեց առաջին նախագահը, որին ժողովուրդն անվանեց «Լևոն չարագործ»։

-Ներկայիս բանակցային գործընթացում ինչո՞վ է իշխանությունների որդեգրած քաղաքական գիծը տարբերվում 1998թ. իշխանությունների դիրքորոշումից, երբ Լևոն Տեր-Պետրոսյանն ստիպված հրաժարական տվեց։

-Ես չեմ կարծում, թե Արցախի հիմնախնդրի լուծման հարցում որևէ էական տարբերության կա այսօրվա իշխանությունների և Լևոն Տեր-Պետրոսյանի մոտեցումների միջև։ Տեր-Պետրոսյանը միակ բանը, որում, այսպես ասած, գովեց  այսօրվա նախագահին, հայ-թուրքական հարաբերություններում նրա դիրքորոշումն է։ Դա նշանակում է, որ նրանք այս հարցում վճռական հակասություններ չունեն։

-Այդ դեպքում, ըստ Ձեզ, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի հայկական կողմը։

-Հայկական կողմը Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Վրաստան միջպետական հարաբերությունների և պետական սահմանների քաղաքական-դիվանագիտական հիմքը պետք է դարձնի Սևրի պայմանագիրը։ Մենք շատ լավ գիտենք, որ այսօրվա մեր սահմանները պարտադրված են։ Հայաստանի այսօրվա սահմանները մերը չեն։ Հայաստանի սահմանները՝ Սևրի միջազգային պայմանագիրով, հաստատել են մեկ տասնյակից ավելի պետություններ, ԱՄՆ նախագահն էլ գծել է այդ սահմանը... Մի խոսքով, մեր պետական քաղաքականության հիմքը պետք է դարձնենք Սևրի պայմանագիրը։ Եվ երկրորդ՝ մենք պետք է բարձացնենք Նախիջևանի հարցը։ Դիվանագիտական և քարոզչական պայքարում մենք խայտառակ պարտություն ենք կրում, այդ իսկ պատճառով մենք պետք է բարձացնենք Նախիջևանի հարցը։ Նախիջևանը, ինչպես և ԼՂՀ-ն, պարզապես բռնակցվել են Սովետական Ադրբեջանին։ Իսկ այսօրվա Ադրբեջանը, իր սահմանադրությամբ,  իրեն ճանաչում է ոչ թե Խորհրդային, այլ Դեմոկրատական Ադրբեջանի իրավահաջորդը, որի կազմում չկային ո՛չ Ղարաբաղը, ո՛չ էլ Նախիջևանը։ Մենք Սևրի պայմանագրի և Նախիջևանի հարցերը պետք է դնենք պետական քարոզչության հիմքերում։

-Եվ որքանո՞վ է իրատեսական, որ Ձեր նշած սկզբունքները կարող են կյանքի կոչվել։

-Մեկ բան ինձ համար անվերապահորեն իրատեսական է։ Մենք մեր պատմությունը, մեր արդարացի պահանջներն ու իրավական ամենայն հիմնավորվածությամբ ճիշտ լինելը եթե չենք ներկայացնում աշխարհին, ապա գոնե պարտավոր ենք այս բոլորը մեր ժողովրդին ցույց տալ։ Եվ այդ ժամանակ, ես վստահ եմ, մեր հաղթանակի ճանապարհը կգտվի։

Զրույցը վարեց Վախթանգ Մարգարյանը

Այս խորագրի վերջին նյութերը