Լրահոս

14.09.2013 12:07


Ֆյուլեն Սերժ Սարգսյանի շոկային որոշման մասին. «Մենք նույն վիճակում էինք, ինչ հայաստանցիները»

Ֆյուլեն Սերժ Սարգսյանի շոկային որոշման մասին. «Մենք նույն վիճակում էինք, ինչ հայաստանցիները»

Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում ևս մեկ անգամ հստակ ընդգծել է, որ ԵՄ ասոցացման համաձայնագիրն այլևս օրակարգում չէ Մաքսային միությանը միանալու Հայաստանի ընդունած որոշման հետևանքով:

Նա միայն քարտեզին նայելը բավական է համարում՝ հասկանալու համար այն որոշակի գործոնները և տեսակետները, որոնց հետ Հայաստանի իշխանությունները ստիպված են հաշվի նստել իրենց որոշումները կայացնելիս:

–Գործընկերների հետ երեքուկես տարվա ինտենսիվ բանակցություններից և համատեղ աշխատանքից հետո թերևս տեղին է ակնկալել, որ, ասենք, Հայաստանի պարագայում որոշակի բաներ հստակ կլինեին այստեղի մեր ընկերների համար, բայց ես, ամեն դեպքում, օգտվեցի առիթից և իմ հանդիպումներում վերահաստատեցի հետևյալը՝ մենք բանակցություններ ենք վարել ոչ թե երկու, այլ ընդամենը մեկ համաձայնագրի շուրջ, որը երկու մասից է կազմված՝ քաղաքական և առևտրային, որը նաև վերաբերում է իրավակարգավորիչ դաշտին կամ օրենսդրության համապատասխանեցմանը: Այս երկու մասերի շուրջ բանակցությունները վարվել են երկու տարբեր թիմերի կողմից, սակայն մեկ մանդատի ներքո: Եվ բանակցությունների ընթացքում բանակցող թիմերը փոխադարձ կապեր են ստեղծել այս համաձայնագրի երկու մասերի միջև: Սա մեկ ամբողջական համաձայնագիր է, հնարավոր չէ դրա միջից ընտրել միայն այն մասերը, որոնք ուզում ես, և հրաժարվել այն մասերից, որոնք չես ուզում: Ես հարցրել եմ՝ գուցե ցանկանում եք վերստի՞ն բանակցել, և պատասխանն էր՝ ոչ,– ասել է Ֆյուլեն:

Նա նաև նշել է, որ Եվրամիության և Հայաստանի հարաբերություններում էական դեր է խաղում փոխվստահության գործոնը:

–Ես ասացի այդ մասին նախագահին, և ասացի, որ եթե հավատ և վստահություն լինի, այդ հենքի վրա շատ բանի կարելի է հասնել: Բայց հիմա հավատ և վստահություն չկա, չկա ստեղծագործականություն, և գրեթե չկա ընդառաջ գնալու ցանկություն,– ավելացրել է նա։

«Ազատություն» ռ/կ–ի հարցին՝ «Հայաստանցիների համար շատ անսպասելի էր սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանի արած հայտարարությունը, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը, Ձեզ այդ մասին նախապես տեղեկացրե՞լ էին նախքան այս հայտարարությունը, թե՞ դա Ձեզ համար լիակատար շոկ էր, անսպասելի մի տեղեկություն», Ֆյուլեն պատասխանել է.

Այսպես ասեմ՝ մենք նույն վիճակում էինք, ինչ հայաստանցիները:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը