Լրահոս

11.09.2013 10:31


ԵՀՄՖ. «Այսօր վտանգված է հայ ժողովրդի գոյությունը սեփական երկրում»

ԵՀՄՖ. «Այսօր վտանգված է հայ ժողովրդի գոյությունը սեփական երկրում»

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ մամլո քարտուղարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 6-8-ը Բրատիսլավայում տեղի ունեցավ ԵՀՄՖ 15-րդ հոբելյանական համագումարը, որին մասնակցում էին Սլովակիայի պաշտոնական ներկայացուցիչներ, մեծաթիվ հյուրեր և պատվիրակներ Եվրոպայի 23 երկրներից, ինչպես նաև Հայաստանից ու Իսրայելից: Համագումարին ներկայացվեցին և քննարկվեցին աշխարհասփյուռ հայության առջև ծառացած մարտահրավերին առնչվող խնդիրների լուծմանը միտված առաջարկություններ, մասնակիցները հաստատեցին գործողությունների հստակ պլան, որը տեղ գտավ մոտ ապագայում ներկայացվելիք Համագումարի Բանաձևում: Համագումարը ընդունեց նաև կոչ` ուղղված աշխարհասփյուռ հայությանը, որն էլ ստորև ներկայացվում է Ձեր ուշադրությանը:

ԵՎՐՈՊԱՀԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՉԸ

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայ ժողովրդի առջև ներկա պատմական փուլում ծառացած են բազմաթիվ հիմնախնդիրներ, որոնց մի մասը ժառանգություն ենք ստացել դեռ նախորդ դարերից, և բազմաթիվ հայորդիներ փորձում են վերացնել դրանց հասցրած վնասները, և գալիք սերունդներին իրազեկել պատմական անարդարությունների մասին, մասնակից դարձնել հայրենասիրական և հայապահպանման ծրագրերի իրագործման գործին:

ԵՀՄՖ համագումարի մասնակիցները գտնում են, որ այսօր վտանգված է հայ ժողովրդի գոյությունը սեփական երկրում` փաստացի պատերազմի մեջ գտնվող Հայաստանի Հանրապետությունում, որտեղ համատարած անարդարության հետ մեկտեղ կոռուպցիան վաղուց վերածվել է ազգային անվտանգությանը սպառնացող լուրջ խնդրի` խժռելով ազգային ունեցվածքը, պաշարները, չխնայելով անգամ բնությունը և մարդկաց, գալիք սերունդների առողջությունը, որն արտահայտվում է օր-օրի ահագնացող արտագաղթով, իսկ դրան որպես սնող աղբյուր է հանդիսանում ՀՀ վարչախմբի կողմից վարվող քաղաքականությունը` հիմնված անարդարության, անպատժելիության, ցինիզմի, իր իրավունքների համար պայքարող ՀՀ քաղաքացիների հանդեպ ատելության վրա:

Մարդիկ լքում են Հայրենիքը` գերադասելով ապրել և արարել այլ երկրներում:

Հիմք ընդունելով վերը նշված բարդագույն իրավիճակը Հայրենիքում, կոչ ենք անում Հայ Ազգին, Սփյուքռի և Հայաստանի ողջ հայությանը, միանալ Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի շրջանակներում ստեղծված “Համահայկական ճակատ”-ին, որի հիմնական նպատակն է լինելու մեկտեղել համայն հայության ներուժը` երկրում արդարության, օրինականության, քաղաքացիների իրավական պաշտպանվածության հաստատման և անցնցում իշխանափոխության իրականացման համար: Միայն ժողովրդի վստահությունը վայելող իշխանությունը ունի իրավունք հանդես գալու Հայաստան պետության անունից և կարող է լուծել համայն հայության խնդիրները, իսկ Սփյուռքը իրավասու և պարտավոր է իր անմիջական մասնակցությունը բերել Ազգի հրատապ փրկության այս գործընթացին:

ԵՀՄՖ-ի 15-ամյա հոբելյանական Համագումարի նախագահություն

Սլովակիա, Բրատիսլավա

Այս խորագրի վերջին նյութերը