Լրահոս

09.09.2013 14:33


ԵՀՄՖ. «Հայաստանի իշխանության կողմից վարվող բացառիկ ոչ արհեստավարժ քաղաքականությունը որակավորվում է որպես հայրենատյացություն»

ԵՀՄՖ. «Հայաստանի իշխանության կողմից վարվող բացառիկ ոչ արհեստավարժ քաղաքականությունը որակավորվում է որպես հայրենատյացություն»

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ մամլո քարտուղարությունը հայտնում է, որ սեպտեմբերի 6-8, Բրատիսլավայում տեղի ունեցավ ԵՀՄՖ 15-ամյան հոբելյանական Համագումար, որին մասնակցում էին Սլովակիայի պաշտոնական ներկայացուցիչներ, Եվրոպայի 23 երկրներից, ինչպես նաև Հայաստանից ու Իսրայելից մեծաթիվ հյուրեր և պատվիրակներ:

Համագումարը սկսվեց Սլովակիայի և Հայաստանի հիմների կատարմամբ: Համագումարի բացմանը և փակմանը առաջին անգամ հնչեց նաև մեծանուն մաեստրոյի, աշխարհի ամենահայտնի հայ՝ Շառլ Ազնավուրի կողմից ԵՀՄՖ-ին նվիրված «Քեզ համար Հայաստան» երգը, որը նրա թույլտվությամբ դարձավ ԵՀՄՖ-ի օրհներգը: Շնորհավորանքներ էին ստացվել աշխարհի տարբեր ծայրերից, հայկական կազմակերպություններից և մեծանուն անվանի հայ մշակութային ու հասարակական գործիչներից: Առանձնահատուկ հետաքրքիր էր Միացյալ Նահանգերի Կոնգրեսի հայտնի կոնգրեսմեն Բրետ Շերմանի ստորագրությամբ ստացված սերտիֆիկատը, որտեղ նշված էր, որ ԵՀՄՖ-ն ստանում է նվեր՝ այս տարվա հուլիսի 1-ին Կոնգրեսի գագաթին ծածանված ամերիկյան դրոշը:

Համագումարի առաջին նիստը ամբողջովին նվիրված էր ԵՀՄՖ –ի կողմից Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի շուրջ գործնեության համակարգմանը: Կարևորագյուն ելույթները (Արշալույս Ճգնավորյան՝ Ավստրիա, Հիլդա Չոբոյան՝ Ֆրանսիա, Միհրան Դաբաղ՝ Գերմանիա և Հարություն Առաքելյան՝ Չեխիա) նվիրված էին միջազգային իրավունքի հիման վրա Հայոց Ցեղասպանության դատապարտումը Միացյալ Ազգերի Կազմակերպությունում /ՄԱԿ/ և այլ կարևոր միջազգային ատյաններում լսելուն ու փոխհատուցման կոնկրետ պահանջները ներկայացնելուն, այսինքն Հայոց Ցեղասպանությունը տարբեր երկրների պառլամենտներում ընդունելու և դատապարտելու գործընթացից իրավական դաշտ տեղափոխելու վերջնական արդյունքի բերող գործընթաց սկսելուն: Մասնակիցները միահամուռ կերպով հաստատեցին գործողությունների պլանը, որը տեղ գտավ Համագումարի բանաձևում:

Ցեղասպանության կարևորագույն բաղադրիչներից՝ մշակութային ցեղասպանությանն էր նվիրված ԵՀՄՖ-ի՝ Մեծ Բրիտանիայի պատվիրակ և նախագահության անդամ Տաթևիկ Գրիգորյանի բացառիկ մասնագիտական զեկույցը, որտեղ հստակ ներկայացվեց մշակութային ցեղասպանության իրավական ասպեկտները, և պահանջն այն ներգրավել Ռաֆաել Լեմկինի կողմից 1948 թվականին տպագրված ցեղասպանության բանաձևում:

Հատուկ նիստի ընթացքում քննարկվեց ազեր-թուրքական լոբբինգի դեմ տարվող պայքարի կտրուկ ուժեղացման անհրաժեշտության խնդիրը: Որոշվեց այն համակարգելու համար ընդունել Արցախի ներկայացուցիչ, խոշոր գործարար և հայտնի բարերար պարոն Լևոն Հայրապետյանի առաջարկությունը՝ համահայկական ֆինանսական ֆոնդ հիմնելու, և դրանով սատարելու համաշխարհային «Հայ պահեստազորների և վետերանների միության» ստեղծումը: Այդ առթիվ որոշում ընդունվեց Եվրոպայի և աշխարհի բոլոր այն երկրներում, որտեղ կան հայ վետերաններ, սպաներ, և ռազմական կրթություն ստացած գործիչներ, ինչպես նաև այդ հարցում օտարերկրացի համակիրներ, ստեղծել միության ներկայացուցչություններ, և պատրաստել նրանց Հայաստանի պաշտպանության համար առաջին իսկ անհրաժեշտության դեպքում ոտքի ելնելուն: Միաժամանակ այդ միության առաջ դրվեց խնդիրներ՝ Հայաստանում արտագաղթը կասեցնելու նպատակով պատրաստ լինել երկրի ներքին քաղաքական կյանքի վրա ազդելու և ընդհուպ իշխանափոխության պահանջը ներկայացնելու ու սատարելու:

Հայտարարվեց, որ այսօր Հայաստանի արտագաղթը ու իշխանության կողմից վարվող բացառիկ ոչ արհեստավարժ քաղաքականությունը որակավորվում է որպես հայրենատյացություն և ստեղծված ոչ իրավական ու արդարադատության բացարձակ բացակայության հետևանքով երկիրը դատարկվել է և շարունակում է դատարկվել: Նշվեց, որ լքողների շարքերում են հատկապես կարող որակյալ մասնագետները և արհեստավարժ գործիչները: ԵՀՄՖ-ն ընդունեց որոշում՝ ստեղծել «Համահայկական ճակատ», որտեղ ընդգրկվելու հնարավորություն ունեն Հայաստանի և Սփյուռքի անխտիր բոլոր կազմակերպությունները, կուսակցությունները և անհատները՝ ի դեմս քաղաքական ու հասարակական գործիչների: Այդ ճակատի հիմքը կհանդիսանա վերոհիշյալ «Հայ պահեստազորների և վետերանների միությունը», որը կպայքարի Հայ Դատի իրականացման համար, որի մեջ լրացուցիչ կետով առաջին անգամ ներառվում է նաև Հայաստանի ներքին թշնամիների դեմ պայքարը: Համագումարին նշվեց, որ Հայաստանի ներքին թշնամիներ համարվում են բոլոր այն պաշտոնյաները, որոնք հայտնի են իրենց կոռուպցիոն գործունեությամբ, արհամարհում են քաղաքացիական հասարակության պահանջները և ծառայում են ընդամենը իրենց կուսակցական ու անձնական շահերին: Հնչեց պահանջ Հայաստանի Հանրապետական Կուսակցության /ՀՀԿ/ կողմից համակարգված իրականացվող թալանը և Հայաստանի ազգային շահերին մեծ վտանգ սպառնացող գործընթացները կասեցնելու համար դիմել «Ազգային ճակատի» և «Հայ պահեստազորների և վետերանների միության» օգնությանը: ԵՀՄՖ-ն իր Համագումարի արդյունքում կոչ է անում բոլոր հայրենասեր, սթափ մտածող անհատներին, կազմակերպություններին և կուսակցություններին համախմբվելու ԵՀՄՖ-ի կոչի ներքո «Ազգային ճակատի>> տանիքի տակ: ԵՀՄՖ-ն իր հարյուրավոր պատվիրակների և ներկայացուցիչների միջոցող կկազմակերպի <<Ազգային ճակատի>> ստեղծումը, որի գործնեության միակ նպատակը Հայաստանի արտագաղթը անհապաղ նվազագույն ժամականերում կասեցնելն է:

Այդ նպատակով ԵՀՄՖ-ն պատրաստ է հսկայական տնտեսական օգնություն ցուցաբերել և՛ արտահանումները, և՛ ներդրումները խրախուսելու այն ծրագրի շրջանակներում, որը պատրաստվեց ու քննարկվեց Համագումարի ընթացքում՝ զուգահեռաբար իշխանություններից պահանջելով ենթարկվել քաղաքացիական հասարակության պահանջներին կամ, կոռուպցիան հասցնել անվտանգ նվազագույնի, վերականգնել արդարադատությունը և ՀՀ քաղաքացու իրավական պաշտպանվածությունը, բանակցել ստեղծվող <<Ազգային ճակատի>> նախագահության հետ, գնալ հսկայական զիջումների քաղաքացիական հասարակության պահանջները բավարարելու ճանապարհին կամ անմիջապես իշխանությունը վայր դնել:

ԵՀՄՖ-ի Համագումար հատուկ նշվեց, որ Հայաստանում պիտի բացառվեն բախումները իշխանության ու արդար պահանջների ելած քաղաքացիական հասարակության միջև, և պետք է բացառել բռնություններն ու արյունահեղությունը: Իշխանափոխությունը պետք է լինի փոխադարձ համաձայնությամբ և երկրի տնտեսությանն ու արտաքին քաղաքականությանը վտանգ չսպառնացող ուղիով: ԵՀՄՖ-ի բոլոր պատվիրակները և ներկայացուցիչները համոզված են, որ այն ուժերը, որոնք կանգնած են <<Ազգային ճակատի>> կողմից կազմակերպվելիք գործընթացի մեջքին, ունակ են կոչի մեջ ներկայացված պահանջների իրականացումը կատարելուն: Հետագա հաղորդագրությունների մեջ կմանրամասվեն Համագումարի բանաձևը և կներկայացվեն կոչն ու բանաձևն ամբողջովին:

ԵՀՄՖ-ի 15-ամյան հոբելյանական Համագումարի նախագահություն

Սլովակիա, Բրատիսլավա

Այս խորագրի վերջին նյութերը