Լրահոս

09.09.2013 14:08


Վերաօծվեց Վրաստանի Թեթրիծղարոյի շրջանի Փոքր Դաղեթի Սուրբ Աստվածածին եկեղեցին

Վերաօծվեց Վրաստանի Թեթրիծղարոյի շրջանի Փոքր Դաղեթի Սուրբ Աստվածածին եկեղեցին

Սույն թվականի սեպտեմբերի 8-ին՝ Սուրբ Աստվածամոր ծննդյան տոնին, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, վերաօծվեց Վրաստանի Թեթրիծղարոյի շրջանի Փոքր Դաղեթի Սուրբ Աստվածածին եկեղեցին:

Փոքր Դաղեթ գյուղը լեցուն էր Թբիլիսիից և հարակից Մեծ Դաղեթ և Շամշուլդա գյուղերից ժամանած ուխտավորներով: Վիրահայոց թեմի առաջնորդը օծեց եկեղեցու Սուրբ Սեղանը, սյուները, Մկրտության ավազանը, Սրբապատկերները, որից հետո Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ, Թեթրիծղարոյի և Բոլնիսի շրջանների այցելու հովիվ Տեր Նարեկ քահանա Ղուշչյանը մատուցեց անդրանիկ Սուրբ Պատարագը:

Մեծ էր հավատացյալ ժողովրդի ուրախությունը, ովքեր դեռ նախորդ օրվանից պատրաստվել էին և հոգևոր ուրախությամբ Տեր Հոր ձեռքից ստացան անդրանիկ Պատարագի հաղորդությունը:

Դաղեթը՝ Դաղեթ-Խաչենը, հայաբնակ գյուղ է Վրաստանի Թեթրիծղարոյի շրջանում, շրջկենտրոնից 3 կմ հարավ-արևելք: Գյուղը զբաղվում է հացահատիկային մշակաբույսերի մշակությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։ Գյուղը հիմնադրել են Ղարաբաղի Խաչեն գավառից եկած հայերը, 1789 թվականին։ Խաչենի շրջակայքում կան գյուղատեղիներ, մատուռներ, գերեզմանոցներ։ Գյուղն ունեցել է Սբ. Աստվածածին անվամբ քարաշեն, միջակ մեծությամբ եկեղեցի: Գյուղում կազմված է եղել հոգևոր դպրոցի հոգաբարձություն:

18-րդ դարում կառուցված եկեղեցին տասնամյակներ շարունակ փակված էր և գտնվում էր վթարային վիճակում, սակայն ծնունդով Դաղեթից, ռուսաստանաբնակ Արսեն Ամիրխանյանի, Սեյրան Փերիխանյանի, Արտյոմ Առուշանյանի և Լևոն Կարախանյանի բարերարությամբ վերանորոգվեց Աստծու տունը:

Այս գողտրիկ անկյունում, ներդաշնակ բնության գեղեցկության հետ փոքրիկ եկեղեցում Պատարագի մեղեդիները և շարականների երգեցողությունը կարծես հավատքի և հույսի փրկություն տարածվելով՝ շուրջբոլորը ստեղծեցին խորհրդավոր բաց խաղաղություն:

Հավարտ Սրբազան Պատարագի՝ ուխտավորներին մատուցվեց ավանդական մատաղը և տեղի ունեցավ հյուրասիրություն:

Այս խորագրի վերջին նյութերը