Լրահոս

06.09.2013 10:40


Այսօր՝ հերթական բողոքի գործողությունը ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ

Այսօր՝ հերթական բողոքի գործողությունը ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ

Այսօր՝ ժամը 14.00–ին Գլխավոր դատախազության շենքի առջև տեղի կունենա հերթական բողոքի գործողությունը՝ ՀԱԿ ակտիվիստներ Արտակ Կարապետյանին, Դավիթ Քիրամիջյանին, Սագիս Գևորգյանին և Տիգրան Առաքելյանին արդարեցնելու պահանջով։

2011թ. օգոստոսի 9-ին Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստների և ոստիկանության աշխատակիցների միջև տեղի ունեցած միջադեպից հետո մինչ օրս շարունակվում է Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստների նկատմամբ քաղաքական հետապնդումը: Վերջիններս դատապարտվեցին 2-6 տարվա ազատազրկման:

Կալանավորված Տիգրան Առաքելյանի, իսկ վերոնշյալ դատավճռի իրավական ուժի մեջ մտնելուց հետո նաև Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի և Արտակ Կարապետյանի կարգավիճակն ամբողջությամբ համապատասխանում է ընթացիկ տարվա հոկտեմբերի երեքին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի 1900 բանաձևով հաստատված «քաղբանտարկյալ» ձևակերպմանը:

Ու թեև դատավճիռը դարձել է հասարակական դժգոհության պատճառ և դատապարտվել է իրավապշտպան «Երիտասարդություն հանուն ժողովրդավարության», «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե», Իրավունքի և ազատության կենտրոն, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ, «Համագործակցություն հանուն ժողովրդավարության», «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ», «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունների, մի շարք քաղաքական կազմակերպությունների` «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», «Հայ Հեղափոխական Դաշնակցություն», «Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունների երիտասարդական թևերի, ինչպես նաև «Եվրոպայի Լիբերալ Երիտասարդներ»-ի կողմից, իշխանություններն այնուամենայնիվ շարունակում են հանցավոր համառություն ցուցաբերել այս հարցում:
Բերման ենթարկման առաջին իսկ րոպեներից երիտասարդների իրավունքների կոպտագույն խախտումները, բազմնաթիվ ապօրինությունները` սուտ ցուցմունքներ, ապացույցների բացակայություն, ոչ պատշաճ քննություն, կողմերի անհավասարություն և այլն, որ տեղ են գտել ողջ դատաքննության ընթացքում վառ ապացույցն են այն բանի, որ երիտասարդները ենթարկվում են Սերժ Սարգսյանի հանցախմբի կողմից պատվիրված քաղաքական հետապնդման:

Անթույլատրելի համարելով քաղաքացիների նկատմամբ քաղաքական հետապնդումներն ու քաղբանտարկյալների առկայությունը Հայաստանում` գտնում ենք, որ Կոնգրեսի երիտասարդների նկատմամբ իշխանությունների սանձազերծած արշավը մարտահրավեր է ողջ հանրությանը:

Կոչ ենք անում քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների անդամներին, Հայաստանն առանց քաղբանտարկյալների տեսնել ցանկացող քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել բողոքի միջոցառումներին:

Քաղաքացիական նախաձեռնություն

Այս խորագրի վերջին նյութերը