Լրահոս

06.09.2013 10:11


ԵՀՄՖ-ն առաջին անգամ քննարկելու է Հայաստանի ներքին քաղաքական հարցերը

ԵՀՄՖ-ն առաջին անգամ քննարկելու է Հայաստանի ներքին քաղաքական հարցերը

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, Բրատիսլավայում բացվում է Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի (ԵՀՄՖ) 15-րդ հոբելյանական համագումարը: Համագումարում քննարկվելու են եվրոպահայերի լոբբիստական գործունեության հզորացման հնարավորությունները: Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ աշխատանքների կոորդինացումից բացի Ֆորումը զբաղվելու է վերջին տարիներին ուժգնացած ազեր-թուրքական լոբբինգի աշխատանքները վնասազերծելու ուղղությամբ: Հատկապես մեծ ուշադրություն է դարձվելու Հայաստանի արտաքին քաղաքականության մի շարք տապալումների արդյունքում առաջացած ներկայիս վիճակից ելքեր գտնելու վրա: Առաջին անգամ ԵՀՄՖ-ն քննարկելու է Հայաստանի ներքին քաղաքական հարցերը, հատկապես ուշադրություն դարձնելով իշխանությունների անպատասխանատու գործունեության հետևանքով աննախադեպ ծավալներ ստացած արտագաղթի դեմը առնելու հարցը: Ֆորումում առաջին անգամ ներկայացվելու է աշխարհի տարբեր բանակներում ծառայած հայ արհեստավարժ սպայական կազմի և վետերանների միություն ստեղծելու առաջարկությունը՝ այն Հայրենիքի պաշտպանության հզորացման համար ծառայեցնելու միտումով: Քննարկվելու են նաև Հայաստանի իշխանություններից կտրուկ փոփոխություններ պահանջելու և կամ իշխանափոխության խնդիրները: Ֆորումին ներկա են գտնվելու Եվրոպայի 25 երկրների պատվիրակներ, ներկայացուցիչներ, ինչպես նաև հյուրեր: Առաջին անգամ Ֆորումի աշխատանքներին մասնակցելու են Իսպանիայի մեծածավալ հայ համայնքի ներկայացուցիչները, Դանիայի հայ համայնքի պատվիրակները և Ռուսաստանից նշանավոր հայեր, այդ թվում Ղարաբաղը ներկայացնող խոշոր գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը: Ի թիվս բազմաթիվ ողջույնների և շնորհավորանքների, Համագումարը ստացել է աշխարհի ամենահայտնի հայ՝ Շառլ Ազնավուրի ողջույնի խոսքը և համաձայնությունը «Քեզ համար Հայաստան» երգը ԵՀՄՖ-ի հիմն դարձնելու համար: Համագումարի արդյունքները ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարությունը օպերատիվ կներկայացնի ԶԼՄ-ին:

ԵՀՄՖ մամլո քարտուղարություն

Այս խորագրի վերջին նյութերը