Լրահոս

29.07.2013 13:31


«Տերյանական պոեզիայի օրեր»

«Տերյանական պոեզիայի օրեր»

Հուլիսի 28-ին Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում հանդիսավոր կերպով ևս մեկ անգամ մեծարեցին Հայ մեծանուն պոետ՝ Վահան Տերյանին:
«Տերյանական պոեզիայի օրեր» ավանդական միջոցառումը բոլորեց 46-րդ տարին: Այն շատ կարևոր է, ոչ միայն տերյանական պոեզիան անմար պահելու, այլև ջավախքահայության հայպահպանության համար:
Տոնական օրն սկսվեց Գանձայի Սբ Կարապետ եկեղեցում մատուցված սբ Պատարագով: Պատարագիչը համայնքի հոգևոր հովիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանն էր: Հավարտ Սբ Պատարագի՝ հավատացյալներին շնորհավորական քարոզի խոսք հղեց Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն աբեղա Սալբիյանը: Հայր Սուրբն իր խոսքում արժևորեց մեծանուն քնարերգուին: Եվ հույս հայտնեց, որ հաջորդ տարի գյուղի եկեղեցին, որտեղ իր առաջին քայլերն է արել և մկրտվել՝ Վահան Տերյանը, կունենա քահանա հայր, ով մարդկանց կուղղորդի դեպի եկեղեցի: Պատարագի Սրբազան վերջավորությանը նաև կատարվեց հոգեհանգստյան արարողություն ի հիշատակ հայ քնարերկուի: Այնուհետև հոգևոր դասը հյուրերի հետ միասին այցելեց տուն և թանգարան՝ ծանոթանալով Տերյան բանաստեղծի ապրելավայրին և ստեղծագործություններին:
Եկեղեցու հարևանությամբ գտնվում էր Տերյանի տունը և թանգարանը: Մարդաշատ էր, թե թանգարանը, թե տունը: Նրանք հիացմունքով էին ծանոթանում Տերյանի իրերին ու քնարերգությանը:
Նշենք, որ գյուղի եկեղեցին կառուցվել է 19-րդ դարի երկրորդ կեսին Վահան Տերյանի պապի` տեր Գրիգորի նախաձեռնությամբ: Եվ այս եկեղեցում է սկսել քայլել Վահան Տերյանը, այս եկեղեցու մկրտարանում է մկրտվել բանաստեղծը:
Այնուհետև մարդիկ ուղևորվեցին գյուղից քիչ հեռու գտնվող սարերի ստորոտին կազմակերպված դաշտահանդեսին մասնակցելու : Միջոցառման հանդիսավարն էր Վրաստանի հայ գրողների միության նախագահ Ժորա Սնխչյանը: Գրական միջոցառումն սկսվեց «Միթե վերջին պոետն եմ ես» բաստեղծությամբ: Տերյանական պոեզիայի օրվան նվիրված տոնահանդեսին երաժշտական, պարային և բանաստեղծական ելույթներով հանդես եկան ոչ միայն Նինոծմինդայի, այլև Գանձայի և շրջական գյուղերից ժամանած երգի-պարի համույթներ և անհատ կատարողներ:
Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակը ելույթի իր խոսքում նշեց, որ սա տոն է նրանց համար, ովքեր սիրում են Տերյանի պոեզիան և մեծարում են նրան:
«Միշտ մարդաշատ է այստեղ, բնակչությունը սիրով է գալիս: Չնայած առկա մարտահրավերներին, հայ մարդը ամուր կառչած է իր արմատներին: Տերյանական, ջիվանական օրերը մշակույթի այն հենասյուներն են, որոնք հայ մարդուն հայ են պահում: Կարևոր է, որ հայ մարդը պահպանի իր արմատները, հարազատ մնա իր արմատներին»,- ասաց Հերմինե Նաղդալյանը:

Միջոցառմանը ներկա էին Թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, պատվիրակություններ Հայսատանից և Վրաստանից: Միջոցառումն իր ներկայությամբ էր պատվել նաև Հայաստանի գրողների միության նախագահ՝ Լևոն Անանյանը: Ինչպես նաև ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը, խորհրդարանի երեք հայազգի պատգամավորները և այլոք:
Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվան

Այս խորագրի վերջին նյութերը