Կարծիք

14.07.2009 15:03


Ազգային մոբիլիզացիայի անհրաժեշտություն

Ազգային մոբիլիզացիայի անհրաժեշտություն

Համահայկական ներուժի նոր զորաշարժի՝ մոբիլիզացիայի անհրաժեշտությունը հրատապ խնդիր է:

Մեր փոքր տարածքը և փոքրաթիվ բնակչությունը, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի հսկայական հնարավորությունները և կատարելագործված դիվանագիտական մեքենան, մեզ միշտ էլ ստիպել են համախմբել մեր ազգային և միջազգային ռեսուրսները, թեկուզ տարբեր չափով, խորությամբ և արդյունավետութամբ: Բայց այսօր, հաշվի առնելով մեր շուրջը տեղի ունեցող փոփոխությունները և ի հայտ եկող նոր մարտահրավերները, սա դառնում է օրվա հրամայական: Կարելի է առանձնացնել չորս պատճառ, որոնք մոբիլիզացիայի խնդիրը հրատապ են դարձնում:

 Առաջին՝ գլոբալ և տարածաշրջանային նոր զարգացումները, որ տեղի են ունեցել վերջին մեկ և կես տարվա ընթացքում և դեռևս շարունակվում են :

 Երկրորդ՝ մեր լավ չհաշվարկված արտաքին քաղաքականության հետևանքով առաջացած խնդիրները:

 Երրորդ՝ այդ քաղաքականության հետևանքով, հատկապես ապրիլի 22-ին Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարությունների կողմից արված համատեղ հայտարարության պատճառով, Հայաստանի իշխանությունների և սփյուռքի միջև խրված սեպը:

Վերջապես՝ լեգիտիմության, հասարակության տարբեր շերտերի միջև հատվածականության և աճող լարվածության խնդիրները, խորացող անվստահությունը հասարակության և կառավարության միջև, ինչը  ժողովրդավարության պակասի, հետևողականորեն անցկացվող վատ ընտրությունների և հետմարտիմեկյան իրավիճակի հետևանք են:

Ռեսուրսների մոբիլիզացիան ճիշտ պատկերացնելու համար անհրաժեշտ է պատասխանել երեք խումբ հարցերի:

Առաջին՝ ի՞նչն է, որ մենք փորձում ենք մոբիլիզացնել, որտե՞ղ են այդ ռեսուրսները, ինչպե՞ս բացահայտել ակնհայտ տեսադաշտից դուրս գտնվող ռեսուրսները, ինչպե՞ս դրանք համախմբել ընդհանուր նպատակի համար:

Երկրորդ՝ ո՞րն է այդ համախմբման նպատակը, ո՞ւմ հետ պետք է աշխատի այդ ուժը մեր ընդհանուր նպատակներն իրականացնելու համար: Որո՞նք են ուժի և ազդեցության այն կենտրոնները, որոնց հետ մենք ուզում ենք աշխատել: Որո՞նք են այն լծակները, որ պետք է օգտագործել:

Վերջապես, ամենակարևորը՝ ո՞րն է այն գաղափարախոսությունը, որի շուրջ պետք է համախմբել մեր հնարավորությունները: Ո՞րն է այն նպատակը, որին հայ ժողովուրդը, որպես մեկ ազգ և ժողովուրդ՝ Հայաստանում, Ղարաբաղում և սփյուռքում, ուզում է հասնել:

Սա է այն կարևոր խնդիրը, որի վրա ուզում եմ կենտրոնանալ՝ մեր ընդհանուր նպատակները և մեր խոցելի կողմերը:

Որպեսզի մենք կարողանանք ճիշտ գնահատել մեր խոցելի կողմերը և մարտահրավերները, թույլ տվեք անդրադառնալ այն խնդրին, թե ինչ է փոխվել այս վերջին մեկ և կես տարվա ընթացքում, և որոնք են այն վտանգները, որ սպառնում են մեզ:

 Առաջինը գլոբալ մակարդակում ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների փոփոխությունն է: Կատարվում է մերձեցման և երկու ուժերի միջև նոր detente-ի (լարվածության թուլացման) փորձ: Մերձեցման այս միջավայրում, այս երկու երկրները գլոբալ խնդիրներին սկսելու են նայել այլ տեսանկյուններից: Հնարավորությունները, արդյունքները և շահը երկու կողմերի համար էլ ավելի մեծ է լինելու, քան նախկինում:

Երկու կողմերի միջև բանակցային սեղանին դրված են պոտենցիալ անհամաձայնության բազմաթիվ խնդիրներ՝ էներգետիկ, սպառազինությունների վերահսկման, միջուկային անվտանգության խնդիրներ, ինչպես նաև հակամարտությունները, որ ներառում են նաև ղարաբաղյան հակամարտությունը, ինչն ակնհայտ դարձավ Մեծ ութնյակի հանդիպման ընթացքում Մինսկի խմբի համանախագահ երկրների հայտարարությամբ: Նման պայմաններում փոխադարձ առևտրի հնարավորությունները շատ ավելի մեծ են, և էլ ավելի մեծ է հավանականությունը, որ առևտուրը տեղի կունենա ի հաշիվ մեզ: Մենք չենք կարող արհամարհել կամ պարզապես կողքից դիտել այդ փոփոխությունները: Մենք պետք է լինենք հետևողական, զգոն և փորձենք կանխել այս երևույթների բացասական հետևանքները Հայաստանի համար:

Երկրորդ՝ ռուս-վրացական պատերազմն անցյալ տարի փոխեց ազգերի ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքների միջև մինչ օրս ինչ-որ չափով պահպանվող հավասարակշռությունը: Արևմուտքը ճանաչեց Կոսովոյի անկախությունը, չնայած Ռուսաստանի զգալի դիմադրությանը: Թեև Ռուսաստանը սպառնում էր ի հակակշիռ Կոսովոյի անկախության ճանաչմանը նույնն անել Աբխազիայի և Հարավային Օսեթիայի դեպքում, նա չէր կարող դա հեշտությամբ անել: Դա լուրջ քաղաքական խնդիրներ կառաջացներ: Բայց ռուս-վրացական պատերազմը փոխեց միջավայրը և դարձավ անհրաժեշտ պատրվակ դա անելու համար:  Ռուսաստանը հակադրվեց Կոսովոյի անկախությանը, որը համարում էր միակողմանիորեն պարտադրված, նույնն անելով Աբխազիայի և Հարավային Օսեթիայի դեպքում: Այժմ, երբ այս, իրար հակադրվող, ճանաչումներն ավարտվեցին, կարծես համընդհանուր ներքին համաձայնություն կա, որ ինքնորոշման ջանքերի ճանաչման այս շարքն ավարտված է, և որ նույն բանին ձգտող մյուսների հանդեպ այլ վերաբերմունք է լինելու: Այս «քվոտավորմանն» անհրաժեշտ է հակազդել:

 Երրորդ՝ այս ամենը տեղի է ունենում տարածաշրջանում, ինչպես նաև ղարաբաղյան կարգավորման գործընթացում, Թուրքիայի դերի բարձրացման համատեքստում: Ռուս-վրացական պատերազմի, բայց հիմնականում հայ-թուրքական խիստ հրապարակային դիվանագիտական ներգրավվածության հետևանքով, մենք կանգնած ենք լուրջ խնդրի առաջ, որից հնարավոր էր խուսափել:

Ահա թե ինչպիսին է ստեղծված իրավիճակը: ԱՄՆ-ը, Եվրամիությունը, թերևս նաև Ռուսաստանը, ինչպես և Թուրքիան ու Հայաստանը, որոնց վարկը մասամբ կախված է հայ-թուրքական այս գործընթացի հաջողությունից, գործընթացի հանդեպ համընդհանուր ուշադրության պայմաններում ակնկալում էին հայ-թուրքական սահմանի բացում: Բայց դա տեղի չունեցավ: Ավելին՝ բոլորը հասկացան այն, ինչ պիտի հասկանային հենց սկզբից, որ Թուրքիան քայլ չի անի, քանի դեռ Ադրբեջանն իրեն բավարարող լուծումներ չի ստացել Ղարաբաղի հարցում: Այն, ինչը սկսվեց որպես հայ-թուրքական երկկողմ գործընթաց, ավարտվեց ղարաբաղյան խնդրի լուծման վերածումով հայ-թուրքական հարաբերություններում առաջընթացի նախապայմանի: Մենք բոլորս լավ հասկանում ենք, որ ստեղծված իրավիճակում և առաջին հերթին Հայաստանի վրա հսկայական միջազգային ճնշման պայմաններում ղարաբաղյան կարգավորման արագացված գործընթացը, որը միտված է ոչ միայն հենց ղարաբաղյան խնդիրը, այլ նաև հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելուն, կարող է հատկապես մեզ համար վատ որոշումների և զարգացումների բերել:

 Չորրորդ՝ իրավիճակն ավելի է բարդանում այն հանգամանքով, որ Հայաստանն անցյալ նոյեմբերին ստորագրեց մայնդորֆյան հռչակագիրը, որի պահանջներից մեկը մեր դեմ է աշխատելու: Այն է՝ հակամարտությունը պետք է կարգավորվի ոչ միայն միջազգային սկզբունքների, այլև միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված որոշումների հիման վրա: Սա լուրջ դիվանագիտական բացթողում էր: Այդ հռչակագրով մենք հեշտացրել ենք Ռուսաստանի և այլ երկրների գործը Ադրբեջանի հետ իրենց հարաբերություններում՝ նրանց հնարավորություն տալով անել ադրբեջանանպաստ հայտարարություններ: Հայաստանը պետք է ամեն ինչ անի այդ հռչակագրի գոյությունը, դրա կարևորությունը հնարավորինս չեզոքացնելու և որպես գործոն նվազեցնելու ուղղությամբ:

 Վերջապես հինգերորդը՝ ռազմական և քաղաքական հավասարակշռությունը Ղարաբաղի և Ադրբեջանի միջև սկսում է փոխվել: Զինադադարը, որը պահպանվել է 15 տարի, պայմանավորված էր ոչ միայն կողմերի բարի կամքով և բանակցային գործընթացի առկայությամբ, այլ հիմնականում այն հանգամանքով, որ կողմերի միջև գոյություն է ունեցել բուֆերային գոտի և ռազմական հավասարակշռություն; Այսօր հավասարակշռության այդ բաղադրիչը հարցականի տակ է: Բուֆերային գոտու հարցն արդեն Հայաստանի վրա ճնշման առիթ է՝ տարածքները վերադարձնելու պահանջի տեսքով: Ադրբեջանը անթաքույց հզորացնում է իր ռազմական ներուժը: Որքան էլ մենք վստահ լինենք մեր բանակի հզորության և մեր ուժերի վրա, ադրբեջանական կողմը կարող է ռազմական գործողություններ սկսելու որոշում կայացնել՝ ելնելով իրենց ընկալումներից:

Այս բանաձևի քաղաքական մասը, որ արտահայտվում է բանակցությունների միջոցով, նույնպես փոփոխվում է: Այսօրվա բանակցային փաստաթուղթն արդեն հինգերորդն է վերջին 10 տարվա ընթացքում: Եթե կողմերը կորցնեն հավատը  բանակցային գործընթացի հանդեպ, և դա զուգորդվի ռազմական հավասարակշռության փոփոխության ընկալմամբ, պատերազմի հնարավորությունը էապես կմեծանա:

Ես թվարկեցի մեզ համար խոցելի կողմ հանդիսացող հինգ խնդիրներ, որոնք, ես կարծում եմ, պետք է լինեն մեր մոբիլիզացիայի ջանքերի հիմքը:

Մենք պետք է փորձենք հակազդել այն իրավիճակին, որտեղ ԼՂՀ-ն կարող է առևտրի առարկա դառնալ գերտերությունների միջև:  Մենք պետք է հստակեցնենք, որ մեզ համար անընդունելի է ինքնորոշման և անկախության համար քվոտաների սահմանումը: Մենք պետք է թույլ չտանք, որ Թուրքիան շահարկի հայ-թուրքական հարաբերություններում ստեղծված փակուղային իրավիճակը, ուշադրությունը շեղելով առանց նախապայմանների սահմանը բացելու իր ստանձնած պարտավորություններից և մեղքը դնելով հայկական կողմի վրա՝ Ղարաբաղի հարցում զիջումներ չանելու համար: Մենք պետք է հստակորեն պնդենք, որ Ղարաբաղի  հարցը պետք է լուծել միջազգային սկզբունքերի և ոչ թե միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված, պարտադիր ուժ չունեցող որոշումների հիման վրա:

Վերջապես, առ այսօր լինելով ղարաբաղյան մարտում հաղթող կողմը, մենք պետք է հստակ շեշտենք, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը չունի ռազմական լուծում, և կոչ անենք գնալ հարցի լուծման խաղաղ ճանապարհով՝ հիմնվելով պատմական ու իրավական իրողությունների վրա:

Այս նպատակները պետք է լինեն մեր մոբիլիզացիայի ջանքերի հիմքում: Ջանքեր, որոնց գաղափարական առաջնորդողը պետք է լինեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ապահովությունը, անվտանգությունը և արժանավայել ապագան:

Վերջին երկու տասնամյակի պատմությունը բերել է մեզ մի հանգրվանի, երբ մենք պետք է պահանջենք, որ աշխարհը ճանաչի Ղարաբաղի ժողովրդի այս անքակտելի իրավունքը: Ղարաբաղի ժողովուրդը քվեարկել է այդ իրավունքի համար, պայքարել է դրա համար և ինստիտուցիոնալ շրջանակներ է ստեղծել այդ իրավունքը վերահաստատելու համար: Խնդրի կայուն կարգավորումը պետք է հիմնված լինի անցած 20 տարվա իրողությունների վրա, իրատեսորեն միտվի ապագային, խաղաղության ապագային:

Այս խորագրի վերջին նյութերը