Խմբագրական

14.07.2009 14:49


Տիգրան Սարգսյանը և խոհարարուհին

Տիգրան  Սարգսյանը  և խոհարարուհին

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը չափազանց «լավատես» է դարձել։ Պաշտոնական վիճակագրությունն, առաջին հինգ ամսվա տվյալներով, արձանագրել է ՀՆԱ 15,7 տոկոս անկում,  բայց «Հայկական աշխարհի» տեսաբանի կանխատեսմամբ՝ դա դեռ վերջը չէ։ Մեզ 20 տոկոսանոց նվազում կարող է սպասվել։

Նկատենք, որ վարչապետի մոտ ոճական փոփոխություն  է տեղի ունեցել։ Էլ չկան  կառավարության նիստերից առաջ տեղի ունեցող դասախոսություններն ու խրատները։ Էլ  չկան «գեոպոլիտիկ» ծրագրերի մասին հիշատակումներ՝ Հայաստանի «միջազգայնացման» թեմաներով։ Էլ չկա վարչապետի նախկին էնտուզիազմը։

Կառավարության միակ դեմքը,  ով դեռ «հեղափոխական»  ժամանակահատվածի   «գլոբալիստական» հովերով է՝ դա էկոնոմիայի նախարար Ներսես Երիցյանն է։ Նա դեռ պայքարում է՝ «Գյումրին և ծովը», «Ջերմուկը և ճոպանուղին» ծրագրերը կյանքի կոչելու և դիլիջանցի մեր հայրենակիցներին՝ միջազգային ֆինանսական կենտրոնի տարածքում ապրելու բարձր պատվին արժանացնելու համար։

Տպավորությունն  այնպիսին է, որ գործադիրում  դերաբաշխում են  իրականացրել։ Այժմ նրանք հայաստանցիների  ճաշակն ու ականջը բավարարող բազմապիսի քարոզ են իրականացնում։ Եթե նախկինում բոլորը միաբերան խոսում էին Հայաստանի՝ որպես «միջազգային տնտեսական փոթորիկներից ապահովագրված խաղաղ նավահանգստի» մասին,  ապա ներկայում  պատկերն այլ է։ Քեզ դեռ հաճելի՞ է լսել, որ Հայաստանը դառնալու է այսինչ միջազգային կենտրոն՝ խնդրեմ. էկոնոմիկայի նախարարը պատրաստ է, սեփական բլեֆին հավատացողի համառությամբ, ելույթ ունենալ։ Ուզու՞մ ես «տնտեսական  ապոկալիպսիսի» մասին ունկնդրել՝ խնդրեմ. վարչապետը, եկեղեցականի առոգանությամբ, կարող է տնտեսական վիճակի վատթարացման այնպիսի սցենարներ ներկայացնել, որ հոլիվուդյան  սարսափներ  նկարահանող ռեժիսորներն անգամ կվախենան։

Վարչապետն այժմ ընկել է մյուս ծայրահեղության մեջ։ Միջազգային տնտեսական ճգնաժամի և Հայաստանի վրա դրա  ազդեցության մասին խոսելը՝ նրա համար փրկօղակի  է վերածվել։ Բա էլ ուրիշ ինչպե՞ս  բացատրես վարածդ տնտեսական քաղաքականության ձախողումները։ Հիմա ամեն ինչ փորձ է արվում դուրս գրել միջազգային ճգնաժամի վրա ու ձեռքերը լվանալ։ Այսինքն՝ խուսափել պատասխանատվությունից։  

Կարծում եմ ժամանակն է,  որ Ազգային ժողովն օրենք ընդունի կառավարության ծրագրերի վերաբերյալ, որտեղ իրավական նորմերը, բացի հիպոթեզից և դիսպոզիցիայից, կպարունակեն նաև սանկցիաներ։ Մասնավորապես խոսքը վերաբերում է կառավարություն ներկայացրած ծրագրերի թվային ցուցանիշների չկատարման դեպքում նախատեսվելիք պատասխանատվությանը։

Երբ 2008-ի նախագահական ընտրություններից հետո ձևավորվեց նոր կառավարություն՝ Աժ-ին ներկայացվեց գործունեության  մի  ծրագիր, որով նախատեսվում էր առաջիկա տարիներին միջինը շուրջ 9 տոկոսանոց ՀՆԱ աճ։ Այսօր վարչապետն արդեն խոսում է առնվազն նույն չափով տնտեսական անկման հնարավորության կամ ավելի վատ զարգացումների մասին։ Այդ դեպքում հարց. ինչու՞ չի փոխվում կառավարության՝ կարճ ժամանակահատվածում իր ցածրորակությունն ապացուցած  ծրագիրը։ Այդ ծրագրով նախատեսված «աճերն» էին նաև որպես հիմք ներկայացվում այս տարվա ավելի քան 945 միլիարդ  դրամանոց  ծախսային մաս ունեցող բյուջեի համար։ Մեկ տարի էլ չանցած և՛ կառավարության ծրագիրը, և՛ հետևաբար պետբյուջեն «փուչ» դուրս եկան։ Եթե այն ժամանակ սխալ էին կանխատեսվել տնտեսական զարգացումները, ապա գործող կառավարության տնտեսական բլոկը ներկայացնող որոշ անդամների արհեստավարժության մասին պատմվող հեքիաթները շատ վատ ավարտ ունեցան։ Այս ամենից հետո վարչապետը կամ պետք է նոր ծրագիր ներկայացներ, կամ խոստովաներ, որ սխալվել է ու հրաժարական տար։ Տ. Սարգսյանը ո՛չ առաջինն է անում, ոչ՝ երկրորդը։ Նա հիմա սիրում է  խոսել տնտեսական «փուչիկների» պայթելու մասին։ Ասեմ, որ բացի վարչապետի նշած «փուչիկներից», Հայաստանում  նախևառաջ պայթել է  Տիգրան Սարգսյանի՝ խելքի տոպրակ լինելու մասին փչված «փուչիկը»։ Եվ  դա, թերևս,  կարելի է գնահատել, որպես տնտեսական ճգնաժամի դրական կողմերից։ Երբ խոսվում է տնտեսական ճգնաժամի ստեղծած հնարավորություններից՝ ես առաջին հերթին այդ հնարավորությունը տեսնում եմ «սուտի» արհեստավարժների մասնագիտական մերկությունը բացահայտվելու մեջ։ Բանն այն է, որ Հայաստանում տարածված «շտամպեր» և ստերեոտիպեր կան։ Ըստ այդմ՝ եթե որևէ մեկը բանկային համակարգից  է լինում, ապա առանց խորանալու  տվյալ անձի գիտելիքների մեջ՝ անմիջապես ասում են, թե նա արհեստավարժ է։ Կամ եթե մեկը հաճախ է  օգտագործում «ինֆլյացիա», «դեֆլյացիա», «ռեպո» կամ «դեֆիցիտ» բառերը՝ ուրեմն  նա «թույն» տնտեսագետ է  և եթե պարզվի, որ տվյալ սուբյեկտը նաև «հանդիպում» բառին «միթինգ» է ասում՝ ուրեմն վերջ։ Դա միջին վիճակագրական քաղքենու գավառական պատկերացումների  մասին  է  վկայում։ Բայց կառավարությունում տեղ զբաղեցրած մեր տնաբույծ «արհեստավարժներն» այնքան համը հանեցին, որ արդեն  այդ միջին վիճակագրական քաղքենին է  «ջոկել» սրանց «ծակ պրոֆեսորությունը»։ Ուստի կարծում եմ, որ Տիգրան Սարգսյանը հիմա պետք է  աշխատի իր նոր՝ «Պետության վախճանը-2. ես չէի պատկերացնում, որ դա այդքան արագ կստացվի» հիմնարար աշխատության վրա։

                                                                                                        Անդրանիկ   Թևանյան

Հ.Գ.։ Այս իշխանությունների  բոլշևիկյան  էության  մասին մեկ անգամ չէ, որ խոսել եմ։ Դա ապացուցվում է նաև կոնկրետ գործերով և մտածողությամբ։ Դատեք ինքներդ. Տիգրան Սարգսյանն անընդհատ խոսում է հակաճգնաժամային քաղաքականության մասին, բայց գործնականում այդ քաղաքականության միակ գործիքը դարձել է դրսից վարկ վերցնելը։

Հայաստանն իր անկախացման առաջին տարուց մինչև 2008 թվականն  ուներ մոտ 1,4 միլիարդ դոլարի արտաքին պարտք։ Վերջին  շրջանում մեր պետության ձեռքբերված վարկերն այդ արտաքին պարտքի չափը մեծացրել են կրկնակի անգամ։ Շուտով արտաքին պարտք/ՀՆԱ  հարաբերակցությունը կկազմի շուրջ 40 տոկոս։ Ֆինանսների նախարարը մեզ ավետում է, որ դա դեռ «կարմիր» գիծը չէ։ Ըստ նրա՝ այդ գիծն անցնում է, երբ արտաքին պարտքը կազմում  է ՀՆԱ-ի 50 տոկոսը։

Իրականում՝  կառավարությունն այժմ «պանիկայի» մեջ է և ուզում է տնտեսությունը «փրկել» վարկերով, քանի որ այլ ձև չեն գտել։ Այնտեղ չեն էլ մտածում վարկի վերադարձելիության և դրանց արդյունավետ օգտագործման մասին։ Կարևորը, որ վարկը երկարաժամկետ լինի։ Դա արդեն նմանվում է «Ինձանից հետո՝ թեկուզ ջրհեղեղ»  տխրահռչակ կարգախոսով առաջնորդվելուն։ Բայց ո՞վ է իշխանությանն  այդպիսի մանդատ տվել, ո՞վ է պատասխան տալու այն բանի համար,  որ պետության դոլարային պահուստները  փոշիացվեցին, իսկ հիմա Արժույթի միջազգային հիմնադրամից վարկ ենք վերցնում, որ այդ փոշիացած պահուստները համալրենք։ Այդ ո՞վ որոշեց, որ մասնավոր բանկերը պետք է 200 միլիոն դոլարով համալրեն իրենց միջոցները՝ գնելով մեր պահուստային դոլարները 305 դրամով, իսկ հիմա պետությունը պետք է վարկ վերցնի,  որ նախկինում կատարված գործողությունների հետևանքով առաջացած բացը լրացնի։  

Ինչ վերաբերում է, տնտեսական համակարգի բարեփոխումներին, ապա այստեղ էլ վիճակը նույնն է։ Եթե նկատել եք՝ կառավարությունն արդեն չի խոսում «երկրորդ սերնդի բարեփոխումների մասին»։ Այդ «բարեփոխումները», իրականում, միայն հարկային ճնշումների տեսքով արտահայտվեցին։ Ուրիշ ոչինչ։  Ասել է, թե միայն փող հավաքելն ու սեփական հայեցողությամբ բաշխելն էր «Հայկական աշխարհի» շինարարների պատկերացրածը։

Եթե Տիգրան Սարգսյանի «արհեստավարժությունն» այն է, որ պետք է միայն դրսից վարկ բերելով տնտեսությունը փրկել (այն էլ հարց է՝ տնտեսությունն այդկերպ կփրկվի՞, թե՞ ոչ, և արդյո՞ք վարկային ռեսուրսների մի մասով թոշակ ու աշխատավարձ տալը ճիշտ է՝ «հետո յա էշը կսատկի, յա՝ էշատերը» թեմայով), իսկ տնտեսական «բարեշրջումները» միայն բիզնեսին հարկերով խեղդելու մեջ է, ապա այդ դեպքում մեր բոլշևիկների գաղափարական հայր Լենինը ճիշտ էր. «Յուրաքանչյուր խոհարարուհի կարող է երկիր ղեկավարել»։ Տիգրան Սարգսյանը, որպես  հավատացյալ  բոլշևիկ (գրողը տանի, ինչպես կարելի է  «հավատացյալ» և «բոլշևիկ» բառերն իրար կողք- կողքի գրել) ամեն օր ապացուցում է  Վլադիմիր Իլյիչի խոսքերի ճշմարտացիությունը։

Այս խորագրի վերջին նյութերը