Լրահոս

24.11.2010 11:57


Ռաֆիկ Պետրոսյան. «Այսօր ուղղակի ուժ չկա, որ կարողանա ՀՀԿ–ից բարձր ձայներ ունենալ»

Ռաֆիկ Պետրոսյան. «Այսօր ուղղակի ուժ չկա, որ կարողանա ՀՀԿ–ից բարձր ձայներ ունենալ»

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունն օրերս հրապարակել էր Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում սոցիալ-քաղաքական հարցերի և արտաքին հարաբերությունների շուրջ բրիտանական «Պոպուլուս» ընկերության՝ միջազգային մակարդակով առաջին անգամ անցկացրած հարցման հայաստանյան արդյունքները։ Դրանց համաձայն՝ հարցվածների  26%-ը խորհրդարանական ընտրություններում իր ձայնը կտար «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, 21% -ը՝ ՀՀԿ-ին։

Մեկնաբանելով այդ հանգամանքը՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանն ասել է, թե վերլուծությունը ճիշտ չէ.

-Այսօր ուղղակի ուժ չկա, որ կարողանա ՀՀԿ-ից բարձր ձայներ ունենալ, և դա կապացուցվի ընտրությունների ժամանակ։ Իսկ եթե իրենք այդպես են վերլուծել, մենք ուրախ ենք. թող ԲՀԿ-ն ունենա 26%, նա մեր գործընկերն է։

Նա նշել է, որ հարցումներին միշտ պետք է քննադատաբար մոտենալ։

Հարցման արդյունքներով, սակայն, Սերժ Սարգսյանը գրեթե 3 անգամ ավելի շատ կողմնակիցներ ունի (28%), քան Գագիկ Ծառուկյանը (10%)։

«Այս վերլուծությունն է՞լ է սխալ» հարցին ի պատասխան՝ Ռ. Պետրոսյանն ասել է.

-Սա մոտավորապես ճիշտ է։ Մի քիչ ավելի բարձր պետք է լիներ նրա ցուցանիշը։ Հնարավոր է, որ  մի հարցման մեջ մի արդյունքը մի քիչ մոտ լինի, մյուսը հեռու լինի, մյուսն ընդհանրապես սխալ լինի։ Ինձ թվում է՝ այդ վերլուծությունը կատարվել է՝ հաշվի առնելով կատարվող աշխատանքը։ ԲՀԿ-ն շուտ է սկսել իր քարոզչությունը, ՀՀԿ-ն դեռ նոր է աշխատանքներ ծավալում, և մի որոշ ժամանակ հետո՝ մի 4-5 ամիս հետո ՀՀԿ-ն նորից կլինի ամենաբարձրը, եթե այդ վերլուծությունը ճիշտ է։ Բայց չեմ կարծում, որ իրենք այսօր ճիշտ են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը