Քաղաքական

12.05.2026 18:18


Ադրբեջանը ՀՀ-ում «իշխանություն է նշանակում». Ստեփան Դանիելյան

Ադրբեջանը ՀՀ-ում «իշխանություն է նշանակում». Ստեփան Դանիելյան

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն ուշադիր հետևում է Հայաստանում սպասվող ընտրական գործընթացներին և հույս ունի, որ հայ ընտրողները «ճիշտ ընտրություն» կկատարեն։

Բայրամովի հայտարարությունը լայն արձագանք է ստացել քաղաքական շրջանակներում՝ առաջ բերելով հարցեր, թե ինչ ուղերձ է փորձում հղել ադրբեջանական կողմը։

MediaHub-ի հետ զրույցում քաղաքագետ, «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Ստեփան Դանիելյանը կարծիք հայտնեց, որ այս գործընթացը բացահայտ է և որևէ ենթատեքստ չի պարունակում։

«Այստեղ ոչ մի ենթատեքստ չկա, ամեն ինչ բացահայտ է արվում։ Հայաստանի գործող վարչապետի և այս խմբավորման քարոզչական գիծն այն է, որ եթե իրենք չվերարտադրվեն, ապա պատերազմ կլինի։ Որպեսզի այդ գիծն ավելի համոզիչ լինի, բնականաբար, նրանք պետք է աջակցություն ստանան Ադրբեջանից՝ նման հայտարարությունների տեսքով։ Սա շանտաժ է՝ թե՛ ՔՊ-ի, թե՛ գործող վարչապետի նկատմամբ Ադրբեջանի կողմից։ Ակնհայտորեն պայմանավորված գիծ է տարվում, իսկ Ադրբեջանին դա պետք է, քանի որ նրա լավագույն գործընկերը Նիկոլ Փաշինյանն է, ում հետ, ըստ էության, ունեն պայմանավորվածություններ, որոնք հանրությանը հայտնի չեն։ Ադրբեջանը Հայաստանում, ըստ էության, նշանակում է իշխանություն, և այդ ամենը կատարվում է բացահայտ՝ առանց որևէ ենթատեքստի»,-ասաց Դանիելյանը։

Քաղաքագետը նաև անդրադարձավ այն հարցին, թե ինչ կարող է սպասել Հայաստանին, եթե Նիկոլ Փաշինյանը կրկին վերընտրվի։ «Պետք է սթափ գնահատել իրավիճակը։ Եթե Ադրբեջանին պետք է, որ Հայաստանում իշխանության լինի Նիկոլ Փաշինյանը, ապա պետք է նաև որոշակի քայլեր արվեն, որովհետև եթե Փաշինյանը իշխանությունը ստանում է Ադրբեջանի աջակցությամբ, ապա պետք է սպասարկի Ադրբեջանի շահերը։ Առաջինը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցն է, և նրանք պետք է այդ միջանցքի նկատմամբ վերահսկողություն ստանան՝ իրենց թելադրած պայմաններով։ Մյուս կետերն արդեն երկրորդական են, բայց դա նաև նշանակում է, որ Փաշինյանը պետք է ավարտի Հայաստանի դեմարկացիան և դելիմիտացիան, որի մասին բացահայտ խոսում են Ադրբեջանի իշխանությունները։ Այսինքն՝ պետք է փոխվեն պատմության դասագրքերը, հրաժարում լինի ցեղասպանության թեմայից, պատժվեն պատերազմի մասնակիցները, վերացվի նրանց հիշատակը։ Նրանք անում են ամեն ինչ, որպեսզի բանակն այլևս մարտունակ չլինի, արտաքին քաղաքականությունում Հայաստանը թեքվի դեպի Թուրքիայի և Ադրբեջանի կողմ, և շարունակվեն հարաբերությունների վատթարացումը Ռուսաստանի և Իրանի հետ։ Եվ այս ամբողջ փաթեթը պետք է իրականացնի գործող վարչապետը»,-նշեց քաղաքագետը։

Բայրամովը նաև հայտարարել էր, թե Հայաստանում պահպանվում են ռևանշիստական տրամադրություններ, և դա չի կարող հանգեցնել դրական արդյունքների։ Դանիելյանի կարծիքով՝ այս ձևակերպումը ևս ուղղված է հայ հասարակությանը։ «Այդ հայտարարությամբ նա նկատի ունի Հայաստանի հանրությանը, որին փորձում են շանտաժի ենթարկել։ Ադրբեջանի հետ գործող ՀՀ վարչապետը հանրությանը պատերազմով է վախեցնում և շանտաժի ենթարկում»,-ասաց Դանիելյանը։

Անդրադառնալով այն թեզին, թե եթե Նիկոլ Փաշինյանը չընտրվի, ապա պատերազմ կլինի, Դանիելյանը նշեց, որ դա միֆ է։ «Դա, բնականաբար, միֆ է։ Հայաստանն այսօր այնպիսի վիճակում է, որ ոչ մի քաղաքական ուժ պատերազմի և Արցախը ուժով վերադարձնելու խնդիր չի դնում»,- եզրափակեց քաղաքագետը։

Այս խորագրի վերջին նյութերը