Լրահոս

14.05.2013 07:28


Ա. Խաչատրյանի անվ. միջազգային մրցույթը դարձել է Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի անդամ

Ա. Խաչատրյանի անվ. միջազգային մրցույթը դարձել է Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի անդամ

Մայիսի 9-12-ը Թել Ավիվում անցկացվող Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIMC) 57-րդ գլխավոր վեհաժողովում Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն ընտրվել է որպես WFIMC-ի անդամ։ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն այսուհետև կանդամակցի մի պատկառելի ու հեղինակավոր երաժշտական ընտանիքի, որի անդամ են այնպիսի աշխարհահռչակ մրցույթներ, ինչպիսիք են Չայկովսկու անվան, Բրյուսելի Եղիսաբեթ թագուհու անվան, Մոնրեալի երաժշտական միջազգային մրցույթները։

Միջազգային երաժշտական այս կառույցը հիմնադրվել է 1957 թվականին։ Այսօր համաշխարհային այս ֆեդերացիային անդամակցում են աշխարհի առաջատար 120 երաժշտական մրցույթներ։ WFIMC-ի նպատակն է բացահայտել խոստումնալից և տաղանդավոր երիտասարդ երաժիշտներին։

Մեծ պատիվ է Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի անդամակցումը WFIMC-ին։ Այն նոր հեռանկարներ է բացում և ևս մեկ քայլ է հայկական մշակույթն աշխարհին ճանաչելի դարձնելու ճանապարհին։

Հատկապես ուրախալի է այս լուրը ստանալ Արամ Խաչատրյանի անվան միջազգային 9-րդ մրցույթի նախօրեին, որը կմեկնարկի հունիսի 6-ին Երևանում՝ հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 110-րդ տարեդարձի օրը։

Նշենք, որ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը դարձել է Հայաստանի այցեքարտը դասական երաժշտության աշխարհում։ Այն մեծ հեղինակություն է վայելում ամբողջ աշխահում և տարեցտարի ավելի լուրջ մրցակցություն է ունենում բավականին հայտնի միջազգային մրցույթների հետ։

«Արամ Խաչատրյան- մրցույթ» մշակութային հիմնադրամ

Այս խորագրի վերջին նյութերը