Մեկնաբանություն

13.05.2013 13:48


Ովքեր և ինչպես «խփեցին» Տարոնի տոկոսները (տեսանյութ)

Ովքեր և ինչպես «խփեցին» Տարոնի տոկոսները (տեսանյութ)

Երևանի ավագանու «ընտրությունների» ժամանակ իշխանությունները կիրառեցին ընտրակեղծիքների ամբողջ գործիքակազմը։ Տոկոս «խփելու» գործում ներգրավվեցին ցուցակավոր «թիթեռնիկներն» ու թաղային խուժանը։ Եվ այդ ամենը՝ ոստիկանության աչալուրջ հայացքի ներքո։

Վլադիմիր Գասպարյանի «կանտոռան» չտեսնելու էր տալիս ընտրաստրկավաճառներին ու ընտրական թրաֆիկինգի ենթարկողներին։ Ոստիկանության օրինապաշտությունը և ամենատեսությունը բռնեց միայն քվեարկության գործընթացն ավարտվելուց հետո, երբ սկսվեց անհաշտ պայքարը հրավառության դեմ։

Այդքանից հետո ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին մնում էր միայն պարտաճանաչ աշակերտի պես արձանագրել Տարոնի օգտին «խփված» տոկոսները և հիանալ «Ֆեյսբուքում» իրեն ուղղված հարցերով։

Ընտրակեղծիքների առումով այս անգամվա նորարարությունն այն էր, որ յուրօրինակ դեր էր վերապահված «անկախ» մամուլին։ Հատկապես աչքի ընկավ ոստիկանական պաշտպանության տակ գտնվող «1in.am» կայքը, որն ապահովում էր իշխանությունների թիկունքը՝ «Գողն ամենաբարձրն է գոռում՝ բռնեք գողին» տարբերակով։

Սույն լրատվամիջոցի առաքելությունն այն էր, որ «ընդդիմադիր» դիրքերից խոսի ընտրակեղծիքներից՝ ներկայացնելով, թե իբր խախտումներ են անում ԲՀԿ–ն ու ՀԱԿ–ը։ Ըստ այդմ՝ «1in.am»-ը ստանձնել էր իրական ընտրակեղծարարներից հանրային ուշադրությունը շեղելու, «բոլորն էլ վատն են» թեմայով գաղջ մթնոլորտ ապահովելու և Տարոնի օգտին արվող ընտրակեղծիքներն անուղղակիորեն արդարացնելու դերը։ Այլ կերպ ասած՝ «1in.am»–ը կատարում էր «թիթեռնիկների» ու թաղային խուժանի ինֆորմացիոն հովանավորի և փաստաբանի դերը։ Սա, իրոք, նոր խոսք է լրատվական դաշտում և ընտրակեղծիքների տեխնոլոգիայում։

Եթե վերջին երկու համապետական ընտրությունների ժամանակ երբեմնի թունդ ընդդիմադիր Արման Բաբաջանյանին պատկանող «1in.am»–ը փորձում էր ձևականորեն ՀՀԿ–ին էլ խփել, ապա այս անգամ համապատասխան շրջանակները որոշեցին ձևականությունների հետևից չընկնել ու մինչև վերջ «փչացնել» այդ լրատվամիջոցին։ Արդյունքում՝ քաղաքացիականությունից ու արևմտյան արժեքներից խոսող «1in.am»–ը Տարոնի օգտին աշխատեց «պուտանկեքի» և թաղային խուժանի հետ ուս–ուսի տված։

Եվ այսպես՝ Տարոնի համար տոկոս «խփեցին» ՀՀԿ–ի օգտին աշխատող «տասովշիկները», կարճափեշ «աչոնիկները», ոստիկանությունը, ԿԸՀ–ն ու «անկախ» մամուլը՝ «1in.am»–ի գլխավորությամբ։ Դե, իսկ գերագույն գլխավոր հրամանատարի դերում Սերժ Սարգսյանն էր։

Սևակ Մինասյան

Հ.Գ.։ Առաջարկում ենք ևս մեկ անգամ դիտել թեմայի վերաբերյալ «zham.am»–ի մեր գործընկներների պատրաստած տեսանյութը։

Այս խորագրի վերջին նյութերը