Լրահոս

13.05.2013 23:50


Իրանի նախագահական ընտրությունների PR-գովազդային մեկնարկը...

Իրանի նախագահական ընտրությունների PR-գովազդային մեկնարկը...

Ֆուտբոլային լեզւով ասած՝ 90-րդ րոպէին ներքին գործերի նախարարութիւն դիմեցին «ամենասպասւածները»՝ Ռաֆսանջանին եւ գործող նախագահի գաղափարակից-խորհրդական Ռահիմմաշային՝ գրանցւելու որպէս նախագահի թեկնածու: Խփւած գոլը, սակայն, բնութագրելի է նրանով, որ Ռա‎‎‎‎‎‎‎ֆսանջանիի գրանցումը, որպէս նախագահի թեկնածու, անմիջականօրէն ազդեց դոլարային փոխարժէքի վրայ՝ 100 թումանով յօգուտ իրանական փոխարժէքի:

«Ամենասպասւածներ», քանզի շաբաթներից ի վեր, գրեթէ հասարակա-քաղաքական բոլոր մակարդակներում կասկածայարոյց էր նրանց ընտրապայքարի դաշտ մուտքը..., «կը գայ-չի գայ, եթէ գայ-եթէ չգայ» PR-ային-գովազդային տրամաբանութեամբ:

Ժամանակից առաջ չանցնելու համար, սակայն, ասենք, որ դեռ առջեւում Սահմանադրութեան Պահապան խորհրդի «ֆիլտրի» դժւարանցանելի փուլն է, որը թէեւ համեմատաբար հեշտ է լինելու ԱՅԱԹՕԼԼԱՀ Ռաֆսանջանիի համար, բայցեւայնպէս՝ մեծ խոչընդոտներով է պայմանաւորւած Մաշայիի դէպքում..., երբ վերջինս դեռ սրանից 4 տարի առաջ երկրի առաջնորդի հրահանգով իսկ մերժւեց նախագահի թիւ 1 օգնականի հանգամանքը զբաղեցնելու համար:

Այնպէս որ՝ Մաշայիի որպէս նախագահի թեկնածու որակազրկման հաւանականութիւնը՝ Պահապան խորհրդի կողմից, մեծ է լինելու, որքան էլ որ գրանցման պահին նրան մեծ հրճւանքի ու ժպիտների ցուցադրութեամբ էր ուղեկցում նոյնինքն Ահմադինեժադը...:

Վերջնիս «յաղթական» պահւածքը նաեւ զաւեշտալի էր այն առումով, որ կարծես թէ՝ անցնող 8-ամեայ տնտեսա-քաղաքական իր կուրսում երկնիշ աճ է արձանագրել ու հիմա էլ հպարտօրէն «յաղթական» յետնորդին է գովազդում՝ ապացուցելու համար, թէ իր խորհրդական-խնամին անպարտելի է մինչեւ վերջ...:

Միւս կողմից, Ռաֆսանջանիի նման հեղինակութեան վերստին մէջտեղ գալով՝ մեծ տեղաշարժեր են ակնկալւում հէնց ընտրական գալիք գործընթացներում, որոնք այսպէս թէ այնպէս՝ կարող են նաեւ անկանխատեսելի հանգամանքներով ուղեկցւել, ինչպէս որ դրանք որպէս չգրւած օրինաչափութիւններ՝ պատահել են գրեթէ բոլոր նախորդ ընտրութիւններում:

Յատկանշական երեւոյթ էր նաեւ Ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար եւ Իրանի ատոմ. թղթածրարի թիւ 1 բանագնաց Սաիդ Ջալիլիի դիմում-գրանցումը, որը տւեալ դէպքում հանդէս է գալիս որպէս անկախ թեկնածու՝ հեռու մնալով առաջիկայ ընտրութիւնների այսպէս ասած՝ եռաբեւեռ ձեւաչափից, որտեղ ներկայացւելու են՝

1- Նախագահամէտ (Մաշայի), 2- արմատական պահպանողական (Ղալիբաֆ) եւ 3- բարեկարգչական (Ռաֆսանջանի) թեկնածուներով: Նման դէպքում, ահա, Ջալիլին ինքնըստինքեան դառնում է 4-րդ բեւեռի (անկախ) ներկայացուցիչ ու որպէս այդպիսին՝ նորանոր հարցականներ առաջացնող մի գործօն՝ խիստ հետաքրքիր մեկնարկ ունեցած գալիք նախագահական ընտրութիւններում:

«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

Այս խորագրի վերջին նյութերը