Մեկնաբանություն

06.05.2013 12:30


Ավելի լավ Սերժ

Ավելի լավ Սերժ

«Ընտրություններն» ավարտվեցին։ Ուռճացված մասնակցության թվեր ապահովելով՝ իշխանությունը հող էր նախապատրաստել խայտառակ կեղծիքների համար։ Արդյունքում՝ երեք նախադասություն իրար հետևից արտասանել չկարողացող մեկը վերանշանակվեց Երևանի քաղաքապետ (Րաֆֆի Հովհաննիսյանը, ամենայն հավանականությամբ, Տարոնին շուտով «ընտրաքվեների ռահվիրա» կանվանի)։

Թաղային խուժանը, շրջիկ խմբերը, կրիմինալի դեմ իբր պայքարի ելած ոստիկանությունը (բարև «զորավար») և ՀՀԿ–ն, ուս–ուսի տված, այնպիսի տոկոս «խփեցին» Տարոնի համար, որ շուտով կհասնենք Հյուսիսային Կորեային։

Ընտրակեղծարարներն այնպես աշխատեցին, որ «պերեբոռ» արեցին, քանզի ըստ ԿԸՀ–ի՝ Տարոն Մարգարյանն ավելի բարձր վարկանիշ ունի, քան Սերժ Սարգսյանը, ՀՀԿ–ն, Հայաստանի քաղաքական դաշտը ներկայացնող ուժերը կամ բոլորը միասին վերցրած։

Եթե ՀՀԿ–ն գլխավորող Սերժ Սարգսյանը մեկ տարի առաջ ընտրակեղծիքների նոր տեխնոլոգիայի օգնությամբ հաջողացրեց 44% հավաքել, ապա էժանագին ձեթի գովազդ հիշեցնող պաստառի վրայի տղայի օգտին երեկ «խփվել» է ավելի քան 55 տոկոս։

Փաստորեն, կարող ենք ասել, որ ՀՀԿ–ի առաջնորդը հիմա Տարոն Մարգարյանն է, քանզի նա ունի ավելի բարձր վարկանիշ, քան Սերժ Սարգսյանը, ով և՛ խորհրդարանական, և՛ նախագահական ընտրությունների ժամանակ ավելի ցածր տոկոսի «տեր» է եղել, քան Տարոնը։ Պատկերավոր ասած՝ Տարոնն ավելի լավ Սերժ է ՀՀԿ–ի համար, քան ինքը՝ Սերժը։ Հեչ սիրուն բան չստացվեց։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Աչք է ծակում այն, որ «Բարև Երևանի» համար ևս «խփվել» է անցողիկ տոկոս։ Անհավատալի է, որ ապրիլի 9–ի կապիկությունից ու մայիսի 1–ի խայտառակ հանրահավաքից հետո այդ ուժը հանկարծ ստանում է ավելի քան 8 տոկոս։ Րաֆֆին հիմա միայն դահլիճային հանդիպումներ կարող է կազմակերպել, և հնարավոր չէ, որ 35 հազ ձայն հավաքեր՝ առաջ անցնելով ՀԱԿ–ից ու ՀՅԴ–ից։ Ինչպես ասում են՝ «քուանշ»։

Ի դեպ, որքան ցինիկ է Արմեն Աշոտյանի գրառումն այն մասին, որ ՀՀԿ–ն հաղթել է ոչիշխանական (ՀՀ կրթության նախարարին ասենք, որ «ոչիշխանականը» տվյալ դեպքում գրվում է միասին, այլ ոչ թե «ոչ իշխանական» ձևով) ուժերի կազմակերպած ընտրություններում, նույնքան էլ «Րաֆֆինացված» ՕԵԿ–ություն է որոշ ժառանգականների հայտարարությունը, թե իրենք շարունակելու են պայքարը։

«Ժառանգության» մասով ամեն ինչ պարզ է։ Բաց է մնացել միայն հետևյալ հարցը. արդյոք Արմեն Մարտիրոսյանը իր առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի պես հացադուլի կնստի՞ Ազատության հրապարակում, և արդյոք Րաֆֆուց «Երևանի ապագա քաղաքապետ» նշանակված Մարտիրոսյանը ընտրությունների լեգիտիմության ճանաչման դիմաց Տարոնից կպահանջի՞ քաղաքապետարանի կոմունալ վարչության պետի ու կրթության բաժնի պետի պաշտոնների կիսումը «ժողովրդի» հետ։

Իշխանության «ողջախոհ» երիտթևի կողմից կեղծված ընտրությունները հարմար առիթ կարող են դառնալ Սերժ–Րաֆֆի «սիրային» նամակագրությունը «ընտրաքվեի ռահվիրայի» և «իրավատեր քաղաքապետի» մակարդակ իջեցնելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը