Հարցազրույց

22.04.2013 14:00


Սամվել Մարտիրոսյան

Սամվել Մարտիրոսյան

Հարցազրույց տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի հետ

–Անհավանական արագությամբ աճում է Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ–ական թեկնածու Տարոն Մարգարյանի «Ավելի լավ Երևան» ֆեյսբուքյան էջի «լայքերի» քանակը։ Օգտատերերից բողոքներ կան, որ իրենց անունից ու անկախ իրենց գիտության՝ այդ էջը «լայքվել» է։ Ի՞նչ ճանապարհով է հնարավոր ապահովել «լայքերի» նման հոսքը։

–Հազար ու մի ոչ լեգալ ձևեր կան։ Օրինակ եթե հիշում եք՝ թուրքական վիրուսը, որ մեկ ամիս առաջ պտտվում էր հայկական ցանցում։ Այն վարակում էր օգտատերերի էջերը և առանց նրանց իմանալու՝ ինչ–որ էջեր «լայք» էր անում։ Բայց տվյալ դեպքում ես այդ ակտիվությունը չեմ տեսնում, և մարդկանց նման մեթոդին դիմելու մեջ մեղադրելու ոչ մի հիմք չունեմ։

–Հետևաբար ի՞նչ տարբերակով կարելի է։

–Ենթադրում եմ, որ նմանատիպ անվանումներով այլ էջեր են եղել, և եթե այդ տարբեր էջերի ադմինիստրատորը և այս էջինը նույն մարդն է, ապա կարող է դրանք իրար կպցնել։ Ասենք եղել է «Ավելի լավ Երևան» էջ՝ ոչ նախընտրական թեմայով։ Հիմա եթե նույն մարդն է ադմինիստրատորը, կարող է դրանք միացնել։ Փաստորեն, «լայքը» այն էջից փոխանցվում է սրան։

–Ես ֆեյսբուքյան օգտատեր եմ, և ասենք թե իմ «լայքը» փոխանցել են այլ էջի, իրավունք չունե՞մ բողոքելու կամ նույնիսկ դիմելու դատարան, որ անկախ իմ կամքից՝ իմ անունից գործողություն են կատարել։

–Դատարան դիմելը մի քիչ դժվար է պատկերացնել, որովհետև անհայտ է, թե ինչ  բողոք եք ներկայացնելու։ Ինձ թվում է՝ միակ ձևը այդ «լայքը» հանելն է։ Խնդիրը նաև նրանում է, որ մարդիկ շատ մեծ քանակի «լայքեր» են տալիս՝ նույնիսկ անհայտ բաների, իսկ հետո մոռանում են, թե ինչին են «լայք» տվել։

–Բայց պետք է ընդունել, որ ամեն դեպքում խարդախություն է նման ձևով «լայք» «գողանալը»։

–Ենթադրում եմ, որ իմ ասած վերոնշյալ ձևն է եղել, և դրանում ոչ լեգալ պահ կա, իհարկե։ Որովհետև դու մի բանի ես լայք տվել, բայց հայտնվել է ուրիշ բանի մեջ։ Դատարան գնալուն չի հասնի, բայց ոչ դուրեկանան բան կա դրա մեջ։

–Ես հաշվեցի՝ ամեն վայրկյանում մեկից ավելի «լայք» ավելանում էր Տարոն Մարգարյանի «Ավելի լավ Երևան» էջում։ Դա չի՞ կարող ձեր նշած առաջի՛ն, այսինքն հակերային տարբերակի արդյունք լինել։

Չեմ կարծում, որ լայքերը մեկ ճանապարհով են հավաքում։ Կան հազար ու մի այլ ձևեր։ Օրինակ՝ ՀՀԿ–ն կարող է շատ հեշտությամբ հրահանգ տալ, և ՀՀԿ–ի անդամները մտնեն, սկսեն «լայք» անել։ Մյուս տարբերակը լայքերի առքուվաճառքն է։ Այսինքն՝ կեղծ օգտատերերի մեծ թիվ կա, որոնք վաճառվում են։ Իրականում դժվար է ասել, թե կոնկրետ որ տարբերակն է։ Միայն մի բան է երևում՝ որ «լայք» տվածները հիմնականում Հայաստանից են։ Փաստորեն այն տարբերակը չէ, որ ինչպես առաջ շատ հաճախ էր լինում, դրսից «լայքեր» էին առնում։

–Այսինքն՝ Հայաստանում կեղծ «լայքեր» հնարավո՞ր է գնել։

–Այո՛, մեզ մոտ էլ է արդեն այդ շուկան ձևավորվել։ Կան մարդիկ, ովքեր լայք են վաճառում։ Հազար «լայքն» ինչ–որ թիվ արժե։ Մարդիկ էլ առնում են։

–«Ֆեյսբուքի՞ն» են վճարում։

–Ո՛չ, կոնկրետ ինչ–որ մարդկանց։ Կան մարդիկ, ովքեր իրենց մոտ պահած լայքերի ինչ–որ քանակ ունեն և կեղծ օգտատերերի անունից «լայքեր» են տալիս։ Բայց ասեմ, հաշվի առնելով ՀՀԿ–ի ռեալ օգտատերերի թիվը՝ տեսականորեն պատկերացնում եմ, որ եթե կուսակցական շրջանակներին հրահանգ տրվի, իրենք այդքան էլ քիչ չեն, որ չկարողանան հավաքել։

–Բայց չպետք է մոռանալ՝ շատերն էլ բողոքում են, որ անկախ իրենց կամքից են հավանել Տարոն Մարգարյանի էջը։

–Այո՛, այսինքն պետք չէ մտածել, թե «լայքեր» հավաքելը միայն մեկ ճանապարհով է լինում։ Տարբեր միջոցներ են գործի դրվում։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը