Հարցազրույց

20.04.2013 15:08


Արամազդ Ղալամքարյան

Արամազդ Ղալամքարյան

Հարցազրույց Երևանի ավանագու ընտրությունների ՀԱԿ ցուցակում ընդգրկված թեկնածու, մարքեթինգի ու հանրային հարաբերությունների մասնագետ Արամազդ Ղալամքարյանի հետ

Քաղաքական իմաստով որքանո՞վ են կարևոր մայիսի 5–ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունները։ ՀՀԿն այն ներկայացնում է որպես զուտ քաղաքային ընտրություն։ Ո՞րն է այստեղ քաղաքական տարրը։

–Երևանի ավագանու ընտրությունը քաղաքական առումով ունի երկակի կարևորություն․ նախ, ընտրությունը ոչ թե անձանց, այլ քաղաքական կուսակցությունների միջև է, և երկրորդ՝ այս ընտրությունը միջոց է՝ փոխելու երկրում քաղաքական դաշտն ու իրականությունը, ստանձնելու քաղաքական պատասխանատվություն: Այս առումով՝ քաղաքական նոր իշխանության ձևավորումը, թեկուզ Երևանի մասշտաբով, հսկայական նշանակություն է ունենալու ողջ Հայաստանի, յուրաքանչյուր հայաստանցու համար:

Ինչպե՞ս է տրամադրված երևանցին ընդդիմադիր ուժերի և ՀՀԿի նմատմամբ։ Եվ արդյոք սկսե՞լ է գիտակցել, որ իր քվեն իրոք արժեք ունի, և իր մի ձայնով կարող է շատ բան փոխել։

Քարոզարշավը թափ է հավաքում, Հայ ազգային կոնգրեսի ցուցակը, այդ ցուցակի ոգին ու տրամաբանությունը, ցուցակում ընդգրկված երիտասարդ կազմը, քաղաքապետի մեր թեկնածուն օրեցօր ավելի ճանաչված են դառնում, գրավում երևանցու ուշադրությունն ու հետաքրքրություն առաջացնում: Մասնավորապես՝ սրան նպաստեց նաև ՀԱԿ համագումարը: Իմ շրջապատում կան մարդիկ, ովքեր երբեք ՀԱԿ-ի համակիր չեն եղել, բայց այս օրերին մոտենում են ինձ ու կիսվում երկրում շրջադարձային փոփոխություն տեսնելու իրենց հույսերով ու ակնկալիքներով: Ու ասեմ ձեզ՝ այդ մարդկանց միակ հույսը, ըստ իրենց, Հայ ազգային կոնգրեսն է: Ես նման երևույթի վերջին անգամ բախվել եմ 2008-ի նախընտրական շրջանում: Սա, մի կողմից, հույս է ներշնչում, մյուս կողմից՝ պատասխանատվություն դնում մեր ուսերին:

–«Տարոն Մարգարյանին սիրում են»,–այս նախադասությունը բոլոր ՀՀԿականները միաբերան կրկնում են։ Քարոզարշավն ի՞նչ է ցույց տալիս, իրո՞ք այդպես է։

Գիտե՞ք ինչ, ես հարկեր եմ վճարում ոչ թե այն բանի համար, որ սիրելի անձնավորություն ունենամ քաղաքապետարանում, այլ որ ապրեմ հարմարավետ, մաքուր, կանաչ, առողջ, զարգացող քաղաքում: Ինձ, որպես քաղաքացու, պետք է ունենալ թափանցիկ ու հաշվետու քաղաքապետարան, այլ ոչ թե սիրո օբյեկտ: Մյուս կողմից՝ նույնիսկ այդ փչոցին կհավատայի, եթե հասկանայի, թե հանուն ինչի պետք է սիրեն Տարոնին: Այն բանի համար, որ անհայտ եղանակով դարձել է միլիոնատե՞ր: Դե թող դրա ձևը մեզ էլ ասի, լա՞վ: Կամ՝ այն բանի համար, որ բանակում չի ծառայել, բայց պարգևատրվել է Երկրապահների միության մեդալո՞վ: Թե՞ որ քաղաքը ողողել էր անճաշակության գագաթնակետ լուսատու կենդանիներով ու «ծառերով»: Թե՞ այն բանի համար, որ քաղաքի կենտրոնում ավերում են «Ծածկած շուկան», իսկ ինքը խոշոր բիզնեսի դեմ անօգնական է: Ասացեք՝ ինչո՞վ պետք է նա արժանանար սիրո:

Ավագանու ընտրություններում ընդդիմադիր այլ ուժերի հետ համագործակցությունը ի՞նչ բնույթի կարող է լինել։ Հնարավո՞ր է, որ ավագանիում ընդդիմադիր ուժերը կոալիցիա կազմեն և նշանակեն ընդդիմադիր քաղաքապետի։

Ես այդ համագործակցությունը կբաժանեի երեք մասի՝ նախքան քվեարկության օրը, քվեարկության օրվա ընթացքում և քվեարկությանը հաջորդող շրջանում: Բոլոր երեք փուլերում էլ տեսնում եմ իրական համագործակցության հնարավորություն: Ավելին՝ այդ համագործակցության իրացման աստիճանն ինքնին ընտրողին կհուշի, թե ով ով է քաղաքական դաշտում:

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը