Լրահոս

17.04.2013 13:44


«ՀՀԿ–ի մտավորականները պատրաստ են վարժեցրած դելֆինների նման էժան գնով վարժություններ անել»

«ՀՀԿ–ի մտավորականները պատրաստ են վարժեցրած դելֆինների նման էժան գնով վարժություններ անել»

Հարցազրույց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի հետ

–Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավն ինչպե՞ս է ընթանում։

–Կարծես դեռ նորմալ է։ Հաղթանակ ամրագրելու ամենամեծ շանսն ունի ընդդիմությունը, և հատկապես «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, քանի որ ընդդիմադիր դաշտում ամենամոբիլ  կառույցներն ունի հենց ԲՀԿ–ն։ Բայց կուզենայի, որ այս ընտրություններն ավելի՛ քաղաքականացվեին, և թիրախը ոչ թե միայն Տարոն Մարգարյանը, այլև ՀՀ նախագահը, կառավարությունը և իշխող կուսակցությունը լինեին։ Սա պետք է նաև այն իմաստով, որ ասում են՝ իշխանափոխությունը սկսենք Երևանից։

–Իշխանությունն ամեն կերպ ուզում է մատուցել, թե սա ոչ թե քաղաքական, այլ քաղաքային ընտրություն է։

–Իշխանություններին ձեռք չի տալիս, որ ընտրողն իր ձայնը կուսակցությանը տա, որովհետև շատ լավ գիտի, թե որքան ցածր վարկանիշ ունի ՀՀԿ–ն։ Ի դեպ, պետք է արձանագրել, որ Գագիկ Ծառուկյանը, այսինքն ԲՀԿ–ի ծանր հրետանին, դեռ ամբողությամբ չի մտել «խաղի մեջ», բայց հուսով եմ՝ կմտնի։ Դա շատ կարևոր է, քանի որ շատ բաներով ԲՀԿ–ն նույնացվում է հենց Գագիկ Ծառուկյանի հետ, և նրա ակտիվ լինելը ցանկալի է։

–ՀՀԿ–ից շատ են ասում, թե Երևանում Տարոն Մարգարյանի վարկանիշը բարձր է, և երևանցիները սիրում են նրան։ Այս մասի՞ն ինչ կասեք։

–Այո՛, ՀՀԿ–ն ամեն ինչ փորձում է տանել դեպի Տարոն Մարգարյանը, բայց չէ՞ որ Տարոն Մարգարյանն էլ բնակչության մոտ նույնացվում է իշխանության հետ։ Համոզված եմ, որ եթե քաղաքականացվեն ավագանու ընտրությունները, անգամ Տարոնի հանդեպ դրական տրամադրված մարդիկ այնքան են ատում ՀՀԿ–ին, որ հաստատ Տարոնին ու ՀՀԿ–ին ձայն չեն տա։ Ի վերջո սա կուսակցությունների ընտրություն է։

–Արդյոք Տարոն Մարգարյանին ցուցակի առաջին տեղում գրելով՝ իշխանությունները չե՞ն փորձում ընտրողին մոլորեցնել և Տարոնի անվան տակ ավագանի տանել ասենք Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր), Աշոտ Աղաբաբյանի (Բուռնաշի) տղաներին, Սերժ սարգսյանի փեսայի եղբորը և այլոց։

–Փորձում են ընտրողին Տարոնով խաբել, բայց դա էլ չի փրկի, եթե ընդդիմադիր դաշտը քաղաքականացնի ընտրությունները։ Ասենք նաև, որ ՀՀԿ–ի ցուցակում են մտավորական այն գործիչները, որոնք ժամանակին դաջված էին պատին, երբ Գագիկ Բեգլարյանն էր քաղաքապետ, հետո այդ մարդիկ սկսեցին գովել Կարեն Կարապետյանին, իսկ հիմա էլ Տարոնի հետևում կանգնած՝ իրենց կարծիքով կտավի վրա ինչ–որ բան են ավելացնում։ Բայց ժողովուրդը բոլորին էլ հատ–հատ ճանաչում է, և ձեռնասուն մտավորականները որևէ բան չեն ավելացնում, եթե իհարկե չպակասեցնեն։ Իշխանությունների նկատմամբ ատելությունն այնքան մեծ է, որ անգամ համայն ազգի դրական կարծիքը վայելող մտավորականն էլ կանգնի ՀՀԿ–ի կողքին, ուղղակի կվարկաբեկվի։ Հետո, այս տարիներն ապացուցել են, որ այդ մտավորականները 99,9 տոկոսով վարժեցրած դելֆինների նման են, որոնց կերակրում են և վարժություններ են անել տալիս։ Այդ վարժությունները կլինեն նախագահական ընտրությունների, թե ավագանու ընտրությունների, տարբերություն չկա։ Նրանք պատրաստ են անգամ բավականին էժան գնով վարժություններ անելու։

–Իսկ որքանո՞վ եք հավանական համարում Երևանի ավագանու ընտրություններից հետո ընդդիմադիր ուժերի համագործակցությունն ու ընդդիմադիր քաղաքապետ ունենալը։

–Ուզում եմ հավատալ, որ նրանք կհամագործկացեն, և քաղաքապետը կլինի ընդդիմադիր, ինչն էլ իշխանափոխության սկիզբը կլինի։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը