Հարցազրույց

25.03.2013 12:09


Րաֆֆի Հովհաննիսյանը ՀՅԴ–ի հետ համաձայնեցրած չի եղել Սերժ Սարգսյանին ուղարկած պայմանագիրը

Րաֆֆի Հովհաննիսյանը ՀՅԴ–ի հետ համաձայնեցրած չի եղել Սերժ Սարգսյանին ուղարկած պայմանագիրը

Հարցազրույց ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի հետ

–Մարտի 22–ին Ազատության հրապարակից Րաֆֆի Հովհաննիսյանը փակ ծրարով իր վերջին երկու առաջարկներն ուղարկեց Սերժ Սարգսյանին։ Այդ պայմանագիրը ( ինչպես որ Րաֆֆի Հովհաննիսյանն է անվանում) նախապես համաձայնեցրե՞լ էր ՀՅԴ–ի հետ։

–Ո՛չ։

–Անգամ չէ՞ր էլ խորհրդակցել, որ այդպիսի պաշտոններ պետք է ուզի։

–Ո՛չ։ Մենք այդ առաջարկներին ծանոթացել ենք դրանք ներկայացնելուց հետո միայն։

–Այդուհանդերձ՝ հավանություն տալի՞ս եք դրանց։

–Ցանկացած որոշում, որը մեզ հետ խորհրդակցության արդյունքում չի ծնվում, բնականաբար, չենք կարող ամբողջությամբ հավանության արժանացնել։ Այդ առաջարկությունների մեջ կան կետեր, որոնք նաև ԱԺ–ում քննարկումների ընթացքում մեր ներկայացրած առաջարկությունների ընդհանուր կոնտեքստի մեջ տեղավորվում են, և, բնականաբար, կարող են նաև ընդունելի լինել։ Բայց ոչ ամբողոջությամբ այն առաջարկությունների փաթեթը, որը Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացրել է։

–Կոնկրետ ո՞ր առաջարկներն ընդունելի չեն ՀՅԴ–ի համար։

–Ուզում եք, որ ես կետա առ կետ մատնանշե՞մ։

–Եթե դժվար չէ։

–Կարող եմ ասել, թե որոնք են մեզ համար ընդունելի։

–Դե, եթե դրանք ավելի քիչ են, ուրեմն ընդունելիներն ասեք։

–Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը և Ընտրական օրենսգրքի արմատական բարեփոխումը լիովին տեղավորվում են մեր պատկերացրած կոմպրոմիսի շրջանակներում։ Կոնկրետ լծակների տրամադրման հետ կապված՝ դա՛ էլ ընդունելի տարբերակ է, եթե խոսքն օրենքով ամրագրված, հստակ վերահսկողական լծակների և ոչ գործադիր իշխանությունում պաշտոնների ստանձման մասին է։

–Ենթադրենք՝ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկներն ընդունվեն Սերժ Սարգսյանի կողմից, ու նաև ՀՅԴ–ին այդ պաշտոններից մի քանիսն առաջարկվի, կստանձնե՞ք։

–Մենք բազմիցս առիթ ունեցել ենք մեր տեսակետն ասելու։ Մեր առաջարկություններն էլ նաև գրավոր ներկայացրել ենք, թե ինչքանով ենք պատկերացնում ստեղծված իրավիճակից ելքը, և որ ձևաչափով է հնարավոր հաղթահարել դիմակայությունը։ Դրանք նաև գրավոր ներկայացրել ենք ԱԺ–ում քննարկումների ժամանակ։

–Այսինքն՝ ենթադրվում է, որ որոշ պաշտոններ Դաշնակցությունը կհամաձայնի՛ ստանձնել։

–Ես նման բան չասացի։

–Բայց ես ձեր պատասխանից նման բան հասկացա։ Ավելի հստակ, խնդրում եմ, պատասխանեք՝ կստանձնե՞ք, թե՞ ոչ։

–Մեր պատկերացրածը հետևյալն է՝ սահմանադրական փոփոխություններ՝ նախապես քաղաքական համաձայնությամբ, որ դա պետք է արվի կառավարման համակարգի փոփոխության հենքով։ Սահմանադրական փոփոխություններից հետո՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Մինչ այդ, Ընտրական օրենսգրքի արմատական փոփոխություն՝ 100% համամասնական համակարգի ամրագրում, ընտրական ցուցակների հետ կապված վիճահարույց խնդիրների կարգավորում, ընտրական հանձնաժողովների ձևավորման սկզբունքների ամրագրում։ Այդ ժամանակահատվածում նաև՝ օրենքով ամրագրված լիազորությունների ընձեռում ընդդիմությանը՝ վերահսկողական որոշակի լծակներ ունենալու համար։ Դա կարող է լինել, օրինակ, Վերահսկիչ պալատի խորհրդում քվոտա ունենալու ճանապարհով, Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովում, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում, Արդարադատության խորհրդում, բայց ոչ՝ գործադիր իշխանությունում։

–Չե՞ք կարծում, որ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկած պայմանագիրը գրեթե նույն բանն է, ինչ 2008թ. արեց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը։ Անգամ՝ ավելի վա՛տ։ Որովհետև Արթուր Բաղդասարյանին Սերժ Սարգսյա՛նն առաջարկեց կոալիցիա կազմել, իսկ այս դեպքում, փաստորեն, Րաֆֆի Հովհաննիսյանը ի՛նքն է, այսպես ասած, նետվում Բաղրամյան 26։

–Ես ասացի, թե մեր պատկերացրած հնարավոր կոմպրոմիսը ինչ դաշտում կարող է կայանալ։ Այսինքն՝ եթե խոսքը լուրջ, արմատական, անշրջելի գործընթացների մասին է, որից և՛ ժողովուրդը, և՛ երկիրը կշահի, կձևավորվի նորմալ քաղաքական համակարգ, այդ պարագայում հնարավոր է ընդհանուր փոխզիջումային, ճիշտ լուծումների գալ։ Բայց եթե խոսքը գործադիր իշխանությունում ինչ–որ լծակներ ունենալու մասին է, չեմ կարծում, որ դա ճիշտ ճանապարհ է և որևէ արդյունք կտա։

–Ինչպես հասկացա, Արթուր Բաղդասարյանի արարքի հետ համեմատել չե՛ք ուզում։

–Չե՛, բնականաբար՝ չեմ ուզում համեմատություններ անել։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը