Լրահոս

08.03.2013 16:09


Անդրիաս Ղուկասյանը միջնորդելու է, որ ՍԴ–ն Սերժ Սարգսյանին որպես վկա ներգրավի

Անդրիաս Ղուկասյանը միջնորդելու է, որ ՍԴ–ն Սերժ Սարգսյանին որպես վկա ներգրավի

«ԳԱԼԱ»–ն զրուցել է ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հետ, ով դիմել ՍԴ։

«Ինձ համար իրավական հիմք հանդիսացել է Սերժ Սարգսյան-Սերժ  Թանկյան բանավեճը, որը սկիզբ է առել փետրվարի 26-ին: Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ինքն է կազմակերպել Հայաստանում ընտրությունները, այդ հայտարարությունը հակասում է ընտրական օրենսգրքին, որովհետեւ մեր երկրում ըստ ԸՕ-ի` եռաստիճան հանձնաժողովների համակարգն է կազմակերպում եւ անցկացնում ընտրությունները, եւ, իհարկե, Սերժ Սարգսյանի հայտարարությունը այդ առումով հիմք է տալիս հասկանալ այդ ազդեցությունը, որը Սերժ Սարգսյանն ունեցել է ընտրությունների վրա»,-ասել է նա:

Ըստ Անդրիաս Ղուկասյանի՝ Սերժ Սարգսյանի հայտարարությունը վկայում է այն մասին, որ ընտրությունները ոչ միայն շինծու էին, այլ նաեւ այդ շինծու ընտրությունները կազմակերպողները  հանրությանը բացահայտորեն հայտնում են դրա մասին.

«Դիմումը ընդունվել է վարույթ, եւ նիստը նշանակվել է մարտի 11-ին, ուստի եւ արդեն այդ նիստի ժամանակ ես կներկայացնեմ այն բոլոր փաստերը, որոնք առկա են»։

Հարցին` ինչպիսի՞ն են Ձեր սպասելիքները ՍԴ-ից, Անդրիաս Ղուկասյանը պատասխանել է. «Ես միջնորդելու եմ, որ Սերժ Սարգսյանին որպես վկա ներգրավեն այս գործում, իմ կարծիքով դա հիմնավորված է այն փաստով, որ միայն իրեն է հասանելի այն տեղեկությունը, թե ինչպիսին է եղել նրա եւ ընտրական հանձնոժողովների հարաբերությունները: Չէ՞ որ երբ ինքը հայտարարել է, որ կազմակերպել է ընտրություններ, ըստ այդմ պետք է այդ հայտարարությունից բխի, որ նա կազմակերպել է ընտրությունները, որպեսզի հասկանա, թե խախտում տեղի ունեցե՞լ է` այնպիսի զանգվածային, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա, թե ոչ»:

Այս խորագրի վերջին նյութերը