Մեկնաբանություն

21.02.2013 15:51


Րաֆֆին «երկխոսացվե՞ց» (տեսանյութ)

Րաֆֆին «երկխոսացվե՞ց» (տեսանյութ)

Սերժ Սարգսյանի հետ ունեցած փակ հանդիպումից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը որևէ լուր չհայտնեց այն մասին, թե ինչ է խոսել տոկոս «խփողի» հետ՝ հարցեր առաջացնելով նախագահական նստավայրի դիմաց «Րաֆֆի՛, նախագա՛հ» գոռացողների մեջ։

Նախագահական նստավայրից դուրս գալուց հետո «Ժառանգության» առաջնորդի միակ ասելիքն ասելիքի բացակայությունն էր։ Նա տուն ուղարկեց հավաքվածներին՝ խոստանալով, որ կխոսի վաղը։ Ասելիքի բացակայությունը նա բացատրեց դիվանագիտական ինչ–ինչ հանդիպումների շտապելու հանգամանքով։

Փաստորեն, Րաֆֆին հակասում է ինքն իրեն, քանզի մինչև այսօր հայտարարել էր, թե դրսի ուժերը չեն որոշելու ընտրությունների հարցը, այլ ժողովուրդն է իշխանության հարցը լուծելու։ Հիմա ստացվում է, որ նա Սերժի հետ հանդիպումից հետո շտապում է ոչ թե Ազատության հրապարակ՝ իր զրույցի մանրամասները հաղորդելու, այլ դեսպաննների հետ հարցեր քննարկելու։ Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ հավաքվածներին էշի տեղ դնելու դրսևորում։

Հիշեցնենք, որ Րաֆֆին հայտարարել էր, թե ՀՀԿ ղեկավարի հետ բանակցելու է բացառապես իշխանության ընդունման–հանձնման թեմայով։ Եթե նա այս պահին ասելիք չունի, ապա ստացվում է, որ Սերժի հետ այլ հարց է քննարկել։

Սա արդեն էժանագին սերիալ չէ, սա այլ բան է։ Եթե անգամ Սերժը չի համաձայնել իշխանությունը հանձնելուն (ինչը ենթադրվում էր), ապա Րաֆֆին գոնե պետք է փոխանցեր այդ մասին ու հայտարարեր, որ ինքը վաղը կխոսի, թե ինչպես է պատկերացնում պայքարի շարունակությունը, քանզի ուզում է մտածել իր ռազմավարության ու մարտավարության մասին։ Իսկ այսպես դուրս եկավ, որ նա պարզապես ցրեց հավաքվածներին ու գնաց դրսի ուժերի հետ կոնսուլտացիաների, ինչը անհարգալից վերաբերմունք է ՀՀ ինքնիշխանության նկատմամբ։

Երեկ Րաֆֆին պատային վիճակի մեջ դրեց Սերժին՝ «ջրելով» վերջինիս «հաղթական» հանրահավաքը։ Իսկ այսօր արդեն Րաֆֆին ինքը հայտնվեց պատային իրավիճակում, որից հետո սկսվում է արդեն ախքացման քստմնելի ճանապարհը։

Եթե վաղը Րաֆֆին ցանկացած այլ տարբերակի մասին սկսի խոսել (արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջ, երկրորդ փուլ, ֆլան–ֆստան), ապա նրան տեղում պետք է «փչացնել» մինչև վերջ։ Նրան շանս տալու լիմիտներն արդեն սպառվում են։

Սևակ Մինասյան

Հ.Գ.։ Ուշագրավն այն է, որ Րաֆֆի–Սերժ հանդիպումը փոխադարձ համաձայնությամբ տեղի ունեցավ առանց լրագրողների, ինչը պետք է որ չբխեր Րաֆֆիի շահերից։ Մինչդեռ վերջինս սիրով համաձայնեց հանդիպումը փակ անցկացնելու տարբերակին։ Եթե դու հայտարարել ես հանդիպման օրակարգը, ապա ինչո՞ւ ես կողմ արտահայտվում տետ–ա–տետ հանդիպման, ի՞նչ ունես թաքցնելու։ Լեհական «Սոլիդարնոստ» շարժումը, օրինակ, կոմունիստական իշխանության հետ բանակցում էր հրապարակային ռեժիմով, և բոլորը տեսնում էին, թե ինչի շուրջն են ընթանում քննարկումները։

Հիմա տեղին է ասելը՝ Րաֆֆի՛, փակ ռեժիմով Սերժի հետ զրուցում ես, որ ի՞նչ անես։

Հ.Գ.–2։ Արդեն անեկդոտներ են  տարածվում այն մասին, որ Րաֆֆին իրականում ուզում էր հանդիպել Սերժին, որպեսզի ձեռքով բարև տա, քանզի ընտրարշավի ժամանակ չէր հասցրել դա անել։

Հ.Գ.–3։ Ինչով էլ ավարտվի այս պատմությունը, ակնհայտ է, որ գործող նախագահը վերածվել է հեռուստասերիալի դերասանի, ու դժվար է ասել, թե այդ հեռուստասերիալում ով է ավելի կոմիկական դեր կատարում՝ «նախագա՞հը», թե՞ նրա «վաստակավոր մրցակիցները»։


Այս խորագրի վերջին նյութերը