Մեկնաբանություն

12.02.2013 10:55


Թեկնածուն թեկնածուից գողացավ, Աստված տեսավ, զարմացավ

Թեկնածուն թեկնածուից գողացավ, Աստված տեսավ, զարմացավ

Խեղկատակության վերածված այս ընտրություններն աչքի են ընկնում նաև գրագողությամբ։ Իրար «պաս» տվող հիմնական թեկնածուներ կոչվածները միմյանց կրկնօրինակում են ինչպես տեքստային, այնպես էլ իմիջային առումներով։

Ամենահիմնական գրագողը Սերժ Սարգսյանն է, ով սիրում է ելույթների ժամանակ օգտագործել «վաստակավոր մրցակիցների» կարգախոսներն ու ձևակերպումները։ Նա հարյուրի փոխարեն խոստանում է հազար հատ հարյուր քայլ անել և հնարավոր է համարում Պարույր Հայրիկյանի ծրագրերի կյանքի կոչումը։

Սերժը նաև իմիջային «գրագողությամբ» է զբաղվում՝ «ա լյա» Րաֆֆի Հովհաննիսյան «վադալազկա» հագնելով նախընտրական հանդիպումների ժամանակ։ Բայց եթե Րաֆֆիի «վադալազկա» հագնելն արդարացված է («Ժառանգության» ղեկավարն այս ցրտին բառիս բուն իմաստով փողոցներն է ընկած ու համոզում է մարդկանց մասնակցել ընտրություններին), ապա Սերժ Սարգսյանինը մաքուր «պլեճ» է։ ՀՀԿ ղեկավարը, հավանաբար, ուզում է ժողովրդի ծոցից դուրս եկած երևալ ու ցույց տալ, որ ինքն էլ մանուկ է եղել, «վադալազկա» հագել, երգել, պարել, ուրախացել։

Րաֆֆին էլ պակաս գրագողը չէ։ Նա գողացավ Հրանտ Բագրատյանի «քայլային» մոտեցումն ու առաջարկեց հարյուրի փոխարեն 5 քայլ անել։ Իսկ Սերժից Րաֆֆին գողացավ ուրիշ բան։ «Ժառանգության» ղեկավարի քարոզարշավի ընթացքում էլ, ինչպես Սերժի հանդիպումներին, շոու–բիզնեսի ներկայացուցիչներ են մասնակցում և «մասսովկա» ապահովում, բայց դա ոչ թե «թխոցի» է, այլ իշխանության աջակցությունն է «մրցակցին»։

Նկատենք, որ գրագողության և խեղկատակության այս մթնոլորտում Հրանտ Բագրատյանի բախտը ոչ մի կերպ չի բերել։ Նրանից մտքեր և գաղափարներ են գողացել ոչ միայն Սերժը, Րաֆֆին ու Պարույրը, այլ նաև Շումպետերը, Բուագիլբերը, Ադամ Սմիթը, Դավիթ Ռիկարդոն, Ջոն Քեյնսը, Միլթոն Ֆրիդմանը, Կարլ Մարքսը և այլ մանր–մունր տնտեսագետներ։

Ահա այսպիսի սուր մրցակցության պայմաններում են անցնում ընտրությունները։ Սա այն դեպքն է, երբ տեղին է օգտագործել «Գողը գողից գողացավ, Աստված տեսավ զարմացավ» ձևակերպումը։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը