Մեկնաբանություն

25.12.2012 16:11


«Ազատական» կենտրոնի ջատագովները

«Ազատական» կենտրոնի ջատագովները

Մի ուշագրավ օրինաչափություն է նկատվում 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ Լևոն Տեր–Պետրոսյանին պաշտպանած և հետագայում ՀԱԿ–ի մաս կազմած որոշ գործիչների մոտ։ Նրանք, ովքեր լքել են ՀԱԿ առաջնորդին, հայտարարել են նոր ազատական կենտրոն ստեղծելու իրենց ծրագրերի մասին, բայց արդյունքում հայտնվել են, այսպես ասած, ազատիչական կենտրոնում։

«Արևմուտքը» չօգնեց նրանց

Սկզբում ՀԱԿ–ը լքեցին ու «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը ստեղծեցին Խաչատուր Քոքոբելյանն ու նրա թիմակիցները։ Հայտարարվեց, որ նոր կուսակցությունը լինելու է հայկական ազատականության առաջամարտիկը։ ԱՄՆ դեսպանատան չինովնիկների հետ հանդիպման մասին ծավալուն մամլո հաղորդագրություններ տարածելով՝ «Ազատ դեմոկրատներից» ուզում էին տպավորություն ստեղծել, թե Արևմուտքն իրենց հետ է, բայց դա նույնիսկ «արևմտամետ» քաղքենիների համար էր անհամոզիչ թվում։

Էլ ավելի մեծացնելու համար Հայաստանում իբր ազատականության կղզյակը՝ ԱԺ ընտրություններից առաջ տեղի ունեցավ «Ժառանգություն»–«Ազատ դեմոկրատներ»–հասարակական սեկտոր կոչվածով միասնական ցուցակի հրապարակումը։ Իշխանամետ մամուլն այն ներկայացրեց որպես արևմտամետ ու ազատական դաշինք, սակայն «էն գլխից» էլ երևում էր, որ այդ եռամիասնությունը կայացել է Բաղրամյան 26–ի քավորությամբ և ցուցակային միջամտությամբ։ Այդ միավորման վրա խնդիր էր դրված «ընդդիմադիր» դիրքերից պայքարել իշխանություններին անհաճո ուժերի դեմ, ինչի դիմաց խոստացվել էր պատկառելի ներկայություն խորհրդարանում. Րաֆֆին խոսում էր 25%–ի, իսկ Անահիտ Բախշյանը՝ անգամ 50%ի մասին։

Րաֆֆի Հովհաննիսյանին թվացել էր, թե ինքը կարող է երկակի խաղ խաղալ ու ֆռռացնել «երկխոսացման» մեծ մասնագետ Սերժ Սարգսյանին, սակայն ի վերջո զրկվեց անգամ 2,5 հոգանոց խմբակցություն ունենալու հնարավորությունից՝ նույն իշխանամետ մամուլի կողմից ծաղրուծանակի ենթարկվելով։

«Ժառանգության», «Ազատ դեմոկրատների» և հասարակական սեկտորի (իրականում՝ նախագահական սեկտորի) միավորման պատմությունն այդպիսով անփառունակ վախճան ունեցավ։ Կողմերն ստացան այն, ինչին արժանի էին։

Մեզ մնում է միայն արձանագրել, որ անտաղանդ պարելով, սարերի քամի անելով և «հ» տառով սկսվող հայրենասիրական բառերն առիթ–անառիթ օգտագործելով՝ ազատական ու առավելևս՝ ազգային չես դառնա։

Անցնենք առաջ։

ՀԱԿ–ը լքելուց հետո նոր ազատական կենտրոն ստեղծելու մասին էր խոսում տխրահռչակ Դավիթ Շահնազարյանը։ Նա, պատկերավոր ասած, տուն չէր գնում «անկախ» մամուլի ու կայքերի խմբագրություններից, ինչը հուշում էր, որ գործ ունենք հերթական ազատիչական գործչի հետ։

Շահնազարյանի գործունեությունն ավարտվեց նրանով, որ իշխանության հետ երկխոսության մեծ սիրահարն այժմ բացահայտորեն պաշտպանում է Սերժ Սարգսյանին՝ հույսով, որ իրեն կնկատեն ու բացի հարցազրույցներ տալու հնարավորությունից նաև այլ հնարավորություններ կտան։

Մեկ այլ «թունդ ընդդիմադիր» «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն էլ փողոցը գրավելու և ազատականության կղզյակի «նահանգապետ» դառնալու հավակնություններով դուրս եկավ ՀԱԿ–ից։ Արամին թվում էր, թե ԱՄՆ այցելելով, վառվռուն գույների փոխկապներ կապելով ու ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատան «վարսավիրների» հետ հանդիպելով՝ ինքն ազատական ու արևմտամետ է ընկալվելու և կարողանալու է իր գինը բարձրացնել Սերժ Սարգսյանի մոտ, սակայն, ինչպես և սպասվում էր, կրկնեց Շահնազարյանի անցած ուղին։ Դե իսկ Գագիկ Ծառուկյանի՝ նախագահի թեկնածու չառաջադրվելու որոշումից հետո  նա ընդհանրապես հայտնվեց քաղաքական գործազուրկի կարգավիճակում։

Բոլորի համար էլ ակնհայտ էր, որ իշխանությունները նախագահական ընտրությունների ժամանակ «Հանրապետության» ղեկավարին օգտագործելու էին որպես նեոգեղամյան ու դրա համար էին դուրս բերել ՀԱԿ–ից, սակայն Արամի բախտը չբերեց և նա նույնիսկ նեոգեղամյան չդարձավ՝ մնալով նաև անմանդատ։

Եգիպտացումից հետո և «քցվելուց» առաջ

Ինչպես օրերս պարզվեց, գործնականում ՀԱԿ–ը լքած նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը նույնպես ուզում է ազատական կենտրոն ստեղծել։

Պարզվում է նաև, որ «Պետք է եգիպտանալ» և «Պետք է թունիսանալ» գերհեղափոխական կոչերի հեղինակ Բագրատյանն առաջադրվում է նախագահական ընտրություններում, բայց իշխանության գալու ձգտում չունի։ Հարց է առաջանում, թե այդ դեպքում ինչու՞ ես առաջադրվում։

Դատելով այն հայտարարություններից, որոնք Բագրատյանն արեց «Ազատություն» կուսակցության համագումարում, ի նկատի ունենալով, թե ինչպես և ինչ նպատակով նախկին վարչապետն առաջ ընկավ Տեր–Պետրոսյանի որոշումից և հաշվի առնելով այն կոդերը, որոնցով նա ուզում է մասնակցել նախագահական ընտրություններում՝ մենք կստանանք այն նույն պատկերը, որը տեսել ենք Խ. Քոքոբելյանի,  Ր. Հովհաննիսյանի, Դ. Շահնազարյանի և Ա. Սարգսյանի պարագայում։

Բագրատյանին, թերևս, ինչ որ բան են խոստացել, բայց նրան ասենք, որ չեն տալու։ Դեռ ոչ մի «երկխոսացված» իր ուզածին չի հասել և նախկին վարչապետը բացառություն չի կազմելու։ Նա այդ ամենը կհասկանա փետրվարի 19–ին, բայց արդեն ուշ կլինի։  

Եթե Բագրատյանը համոզված է, որ իր պայմանավորվածությունները «ժելեզնի» են, ապա հետընտրական ֆրուստրացիան նրա մոտ պաթոլոգիկ դրսևորումներ է ստանալու։ Րաֆֆին էլ էր վստահ, որ «ժելեզնի» պայմանավորվել է...

. . .

Եվ այսպես, Հայաստանում ազատական գաղափարների յուրօրինակ վարկաբեկում է տեղի ունենում, քանզի եթե իրենց ազատական են համարում Արամ Սարգսյանն ու ավելի շուտ ձախական մոդել հիշեցնող «100 քայլի» հեղինակ Բագրատյանը, ապա ազատականության վիճակն էլ այսպիսին պետք է լինի։ Իսկ դա նշանակում է, որ իրոք կարիք կա ազատական գաղափարների իրական կրողների թիմ ձևավորելու, եթե, իհարկե, Հայաստանը մինչև այդ դիմանա միակուսակցական համակարգի ճնշմանը և իշխանությունների՝ գերկենտրոնացված տնտեսություն ստեղծելու ձգտումներին։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը