Տնտեսական

04.12.2012 13:22


Պետական բյուջեի եկամուտները կազմել են 752.6 մլրդ դրամ, ծախսերը՝ 751.1 մլրդ դրամ

Պետական բյուջեի եկամուտները կազմել են 752.6 մլրդ դրամ, ծախսերը՝ 751.1 մլրդ դրամ

2012 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 752.6 մլրդ դրամ, իսկ ծախսերը` շուրջ 751.1 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 80.9%-ով և 76.9%-ով ապահովել են ՀՀ կառավարության տարեկան ծրագրի կատարումը: Հարկ է նշել, որ չնայած բյուջետային ծախսերի արձանագրված կատարողականին` ապահովվել է պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում պետական մարմինների` սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը: «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9 րդ հոդվածի 11 րդ կետի և 11-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներից ելնելով` պետության դրամական միջոցների համախմբված հաշվառման նպատակով պետական բյուջեի ծրագրային և փաստացի ցուցանիշներում ներառվել են նաև ՀՀ պետական հիմնարկների համար բացված արտաբյուջետային հաշիվների համապատասխան շրջանառությունը, ինչպես նաև առանց սահմանափակման պետական բյուջեից կատարվող վճարումները: Մասնավորապես` արտաբյուջետային եկամուտները կազմել են 20.9 մլրդ դրամ կամ նախատեսված տարեկան մուտքերի 88.5%-ը, իսկ ծախսերը` 16.4 մլրդ դրամ կամ տարեկան ծրագրի 62.5%-ը: Առանց արտաբյուջետային միջոցների պետական բյուջեի եկամուտները կազմել են 731.7 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 734.7 մլրդ դրամ` ապահովելով տարեկան ծրագրի համապատասխանաբար 80.7% և 77.3% կատարողական:

ՀՀ պետական բյուջեի եկամուտները

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 9.1%-ով կամ շուրջ 63 մլրդ դրամով, ինչը հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին:
Պետական բյուջեի եկամուտների 94.2%-ը ձևավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 5.2%-ը` այլ եկամուտների, 0.6%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին: 
2012 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 708.9 մլրդ դրամ հարկային եկամուտներ, պետական տուրքեր և պարտադիր սոցիալական ապահովության վճարներ, որոնք ապահովել են տարեկան ծրագրի 80.8% կատարողական: 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 10.4% ով կամ 66.5 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ավելացված արժեքի հարկի, շահութահարկի, բնապահպանական ու բնօգտագործման վճարների, եկամտահարկի, ակցիզային հարկի և մաքսատուրքի գծով ստացված մուտքերի աճով: 
Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը կազմել են շուրջ 603.7 մլրդ դրամ, որի 49.6%-ն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին: Այն կազմել է շուրջ 299.5 մլրդ դրամ և 10.8%-ով կամ 29.2 մլրդ դրամով գերազանցել նախորդ տարվա նույն ցուցանիշը: ԱԱՀ-ի մուտքերից ավելի քան 191.4 մլրդ դրամը ստացվել է ՀՀ սահմանին հարկումից, 108 մլրդ դրամը` ներքին շրջանառությունից: Հարկ է նշել, որ ԱԱՀ-ի մուտքերի աճն ապահովվել է և´ ներմուծման, և´ ներքին շրջանառության աճի հաշվին:
Պետական բյուջեի հարկային եկամուտների ու պետական տուրքերի 6.3%-ն ապահովվել է ակցիզային հարկի հաշվին` կազմելով շուրջ 38.1 մլրդ դրամ: Մասնավորապես` հանրապետություն ներմուծվող ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացվել է 25.8 մլրդ դրամ, հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների հարկումից` 12.3 մլրդ դրամ: Ընդ որում, տեղական արտադրության ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացված մուտքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 28.1%-ով, իսկ ներմուծվող ապրանքների գծով մուտքերը` 18.6%-ով. արդյունքում ակցիզային հարկի ընդհանուր մուտքերն աճել են 21.5%-ով կամ 6.7 մլրդ դրամով:
Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների 15.8% ը ձևավորվել է շահութահարկի հաշվին` կազմելով 95.2 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շահութահարկի մուտքերն աճել են 13.8%-ով կամ 11.5 մլրդ դրամով:
2012 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 73.3 մլրդ դրամ եկամտահարկ` ապահովելով հարկերի և տուրքերի 12.1%-ը և 10.9%-ով կամ 7.2 մլրդ դրամով գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը:
Մաքսատուրքի գծով մուտքերը կազմել են 36 մլրդ դրամ կամ հարկերի և տուրքերի 6% ը և 20.9%-ով (6.2 մլրդ դրամով) գերազանցել 2011 թվականի համապատասխան ցուցանիշը: 
2012 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին պետական բյուջե են մուտքագրվել 19.2 մլրդ դրամ պետական տուրքեր` կազմելով տարեկան ծրագրի 91%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված մուտքերն աճել են 7.2% ով կամ 1.3 մլրդ դրամով:
Հաշվետու ժամանակահատվածում գործունեության առանձին տեսակներից գանձվել են 12.8 մլրդ դրամ հաստատագրված վճարներ` ապահովելով հարկային եկամուտների ու պետական տուրքերի 2.1%-ը: Նշված մուտքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 26.4%-ով (4.6 մլրդ դրամով)` պայմանավորված հաստատագրված վճարներով հարկվող գործունեության մի շարք տեսակներ հարկման ընդհանուր դաշտ անցնելու հանգամանքով:
2012 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 19.8 մլրդ դրամ բնօգտագործման և բնապահպանական վճարներ` կազմելով հարկերի և տուրքերի 3.3%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 90.2%-ով (9.4 մլրդ դրամով)` հիմնականում պայմանավորված «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում, ինչպես նաև զուգահեռաբար «Ընդերքի մա¬սին» ՀՀ օրենսգրքում կատարված փոփոխություններով, որոնց համաձայն հանքարդյու¬նա¬հա¬նող¬ների կողմից նախ¬կի¬նում պետական բյուջե վճարվող բոնուսի, կոն¬ցեսիոն վճարի, ինչպես նաև մետաղական օգ¬տակար հա¬նա¬ծո¬ների արդյունահանման համար վճարվող բնօգտագործման վճարների և ռո¬յալթիների փոխարեն սահմանվել են ռոյալթիներ` որպես բնօգտագործման վճարներ: Հաշվետու ժամանակահատվածում այս աղբյուրից ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 10.8 մլրդ դրամ:
Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել ավելի քան 9.8 մլրդ դրամի այլ հարկեր` կազմելով հարկերի և տուրքերի 1.6%-ը: Մասնավորապես` 4.7 մլրդ դրամ են կազմել արտոնագրային վճարները, 2.8 մլրդ դրամ` ճանապարհային վճարները, 328.7 մլն դրամ` կոնցեսիոն վճարը, 344 մլն դրամ` հարկային օրենսդրության խախտման համար «Հարկերի մասին» ՀՀ օրենքով սահմանված տուգանքները, 386.9 մլն դրամ` հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարները և 1.5 մլրդ դրամ` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նյութական խրախուսման ֆոնդի եկամուտները: Նախորդ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսների համեմատ այլ հարկերը նվազել են 26.1% ով կամ 3.5 մլրդ դրամով` հիմնականում պայմանավորված վերոհիշյալ օրենսդրական փոփոխություններով, որոնց արդյունքում հանքարդյու¬նա¬հա¬նող¬ների կողմից նախ¬կի¬նում վճարվող և այլ հարկային եկամուտներում հաշվառվող բոնուսի, կոն¬ցեսիոն վճարի և ռոյալթիների փոխարեն սահմանված ռոյալթիները հաշվառվում են որպես բնօգտագործման վճարներ:
Պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով 2012 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների եկամուտները կազմել են շուրջ 105.3 մլրդ դրամ: 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված մուտքերի աճը կազմել է 2.9% կամ շուրջ 3 մլրդ դրամ: 
2012 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 4.5 մլրդ դրամ կամ տարեկան ծրագրով նախատեսվածի 36.3%-ը: Նշված գումարից 615.9 մլն դրամը ստացվել է ՀՀ տավարաբուծության զարգացման ծրագրի շրջանակներում, որն ուղղվել է տոհմային երինջների ձեռքբերմանը: 2.1 մլրդ դրամ է մուտքագրվել Հայ-գերմանական ֆինանսական համագործակցության «Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի աջակցության ծրագրի» շրջանակներում, որը տարեկան ծրագրում նախատեսված չէ: Ավելի քան 1.7 մլրդ դրամ է մուտքագրվել պետական հիմնարկների արտաբյուջետային հաշիվներին` կազմելով տարեկան ծրագրով նախատեսվածի 75.7%-ը, առանց որի պաշտոնական դրամաշնորհների կատարողականը կազմում է 27.3%: 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ստացված դրամաշնորհները նվազել են 64.2%-ով կամ շուրջ 8 մլրդ դրամով: 
2012 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի այլ եկամուտները կազմել են շուրջ 39.3 մլրդ դրամ` 96.3%-ով ապահովելով տարեկան ծրագրային ցուցանիշը: Նշված գումարից ավելի քան 17.7 մլրդ դրամը կազմել են ՀՀ պետական հիմնարկների արտաբյուջետային եկամուտները, որոնց ծրագիրը կատարվել է 89.7%-ով: Առանց արտաբյուջետային միջոցների այլ եկամուտների հունվար-հոկտեմբերի փաստացի ցուցանիշի գծով արձանագրվել է տարեկան ծրագրի 102.4% կատարողական:
Այլ եկամուտների ծրագրի կատարողականը հիմնականում ապահովվել է բանկերում և այլ ֆինանսավարկային հաստատություններում բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից և դեպոզիտներից ստացվող տոկոսավճարների, իրավաբանական անձանց կապիտալում կատարված ներդրումներից ստացվող շահաբաժինների և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցումից մուտքերի հաշվին, որոնք գերազանցել են տարեկան ծրագրային ցուցանիշները համապատասխանաբար 360.1, 6.6 և 69.2 տոկոսով` կազմելով 4.1 մլրդ դրամ, 925.7 մլն դրամ և 297.8 մլն դրամ:
Պետական սեփականություն հանդիսացող գույքի վարձակալությունից եկամուտները կազմել են 480.4 մլն դրամ` կազմելով տարեկան ծրագրով կանխատեսված ցուցանիշի 65.3% ը, իսկ պետության կողմից տրված վարկերի օգտագործման դիմաց հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջե է մուտքագրվել 4.5 մլրդ դրամ` կազմելով տարեկան ծրագրային ցուցանիշի 85.8%-ը և 19.7%-ով գերազանցելով 2011 թվականի նույն ժամանակահատվածի փաստացի ցուցանիշը:
Տիրազուրկ, ժառանգության իրավունքով, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանցից (բացառությամբ ՀՀ համայնքների, միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների) նվիրատվության կարգով պետությանը որպես սեփականություն անցած դրամական միջոցներից պետական բյուջե է մուտքագրվել 358.6 մլն դրամ` 4%-ով գերազանցելով տարեկան ծրագրային ցուցանիշը:
Հաշվետու ժամանակահատվածում ավելի քան 6.7 մլրդ դրամ է մուտքագրվել իրավախախտումների համար կիրառվող պատժամիջոցներից` կազմելով տարեկան ծրագրով կանխատեսված ցուցանիշի 90.4%-ը և 37.1%-ով կամ 1.8 մլրդ դրամով գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: 
Օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պետական բյուջե մուտքագրվող այլ եկամուտների գծով մուտքագրվել է 21.9 մլրդ դրամ` կազմելով տարեկան ծրագրով կանխատեսված ցուցանիշի 87.3%-ը` 11.9%-ով կամ 2.3 մլրդ դրամով գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: 
2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ այլ եկամուտներն աճել են 12.8% ով կամ 4.5 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է oրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պետական բյուջե մուտքագրվող այլ եկամուտների, իրավախախտումների համար կիրառվող պատժամիջոցներից մուտքերի և պետության կողմից տրված վարկերի օգտագործման դիմաց ստացված մուտքերի աճով:

ՀՀ պետական բյուջեի ծախսերը

2012 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 4.5% ով կամ 32.1 մլրդ դրամով: Ընդ որում, աճ է արձանագրվել ընթացիկ ծախսերի գծով, իսկ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների գծով գրանցվել է անկում:
Ընթացիկ ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 691.9 մլրդ դրամ` 77.8%-ով ապահովելով տարեկան ծրագրի կատարումը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընթացիկ ծախսերն աճել են 8.2%-ով կամ 52.5 մլրդ դրամով: 
Ընթացիկ ծախսերից 61.7 մլրդ դրամ տրամադրվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատանքի վարձատրությանը, որը կազմել է տարեկան ծրագրի 75.9%-ը և 1.8%-ով գերազանցել նախորդ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսների ցուցանիշը: 4.2 մլրդ դրամ տրամադրվել է պարտադիր սոցիալական ապահովության վճարներին` 72.7%-ով ապահովելով տարեկան ծրագրի կատարումը և 1%-ով զիջել նախորդ տարվա ցուցանիշը:
Ծառայությունների և ապրանքների ձեռքբերման նպատակով պետական բյուջեից օգտագործվել է 159.2 մլրդ դրամ, որը կազմել է տարեկան ծրագրի 76.5%-ը և 21.6% ով գերազանցել նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը` հիմնականում պայմանավորված նյութերի ձեռքբերման ծախսերի աճով: 
Հաշվետու ժամանակահատվածում 34.6 մլրդ դրամ տրամադրվել է պետական պարտքի սպասարկմանը` կազմելով տարեկան ծրագրի 79.3%-ը: Մասնավորապես` նշված գումարից 23.3 մլրդ դրամը տրամադրվել է ներքին, 11.3 մլրդ դրամը` արտաքին պարտքի սպասարկմանը: Պետական պարտքի սպասարկման ծախսերը 16.9%-ով գերազանցել են նախորդ տարվա նույն ցուցանիշը` պայմանավորված և´ ներքին, և´ արտաքին պետական պարտքի սպասարկման ծախսերի աճով:
Անցած ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեից տրամադրվել են 17.5 մլրդ դրամի սուբսիդիաներ` կազմելով տարեկան ծրագրի 82.9%-ը և 15.7%-ով գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը:
Շուրջ 86.9 մլրդ դրամ են կազմել պետական բյուջեից տրամադրված դրամաշնորհները, որից 85.6 մլրդ դրամը տրամադրվել է պետական հատվածի այլ մակարդակներին, 1.3 մլրդ դրամը` միջազգային կազմակերպություններին: Մասնավորապես` համայնքների բյուջեներին տրամադրվել են 27 մլրդ դրամի դոտացիաներ, որոնք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրեթե չեն փոփոխվել: Դրամաշնորհների տարեկան ծրագիրն ընդհանուր առմամբ կատարվել է 83.5% ով, իսկ նախորդ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսների համեմատ նշված ծախսերն աճել են 9.9% ով:
Ընթացիկ ծախսերի 34.3%-ը` 237.2 մլրդ դրամ, ուղղվել է սոցիալական նպաստների և կենսաթոշակների վճարմանը` ապահովելով ներկայացված բոլոր պարտավորությունների կատարումը և արձանագրելով տարեկան ծրագրի 80.9% կատարողական: Մասնավորապես` նշված գումարից 164 մլրդ դրամ են կազմել կենսաթոշակները, 65 մլրդ դրամ` նպաստները: 8.1 մլրդ դրամ տրամադրվել է սոցիալական ապահովության միջոցառումների իրականացման նպատակով աշխատողներին առաջարկվող սոցիալական փաթեթի ծառայությունների շրջանակներում, որից 6.7 մլրդ դրամն օգտագործվել է բժշկական ապահովագրության նպատակով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նպաստների և կենսաթոշակների ծախսերն ավելացել են 12.1%-ով կամ 25.6 մլրդ դրամով: 
Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի միջոցներից 90.6 մլրդ դրամ տրամադրվել է այլ ծախսերին` կազմելով տարեկան ծրագրի 68.4% ը և 16.3%-ով զիջելով նախորդ տարվա նույն ցուցանիշը:
Պետական բյուջեի ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները հունվար- հոկտեմբեր ամիսներին կազմել են 59.1 մլրդ դրամ կամ տարեկան ծրագրի 68.1% ը: Մասնավորապես` 61.7 մլրդ դրամ են կազմել ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը, որոնց տարեկան ծրագիրը կատարվել է 69.6%-ով: 2.5 մլրդ դրամ է մուտքագրվել ոչ ֆինանսական ակտիվների օտարումից` 43% ով գերազանցելով տարեկան ծրագիրը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների ցուցանիշը նվազել է 25.6%-ով` հիմնականում պայմանավորված շենքերի և շինությունների վրա կատարված ծախսերի նվազմամբ:

ՀՀ պետական բյուջեի հավելուրդը

2012 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է ավելի քան 1.5 մլրդ դրամ հավելուրդով` ծրագրով նախատեսված 46.6 մլրդ դրամ և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 29.4 մլրդ դրամ պակասուրդի դիմաց: Բյուջեի հավելուրդն առաջացել է պետական հիմնարկների արտաբյուջետային միջոցների օգտագործման արդյունքում, որոնց գծով հավելուրդը կազմել է 4.5 մլրդ դրամ: Առանց արտաբյուջետային միջոցների, պետական բյուջեն կատարվել է շուրջ 3 մլրդ դրամ պակասուրդով: 
Պետական բյուջեի հավելուրդի ներքին աղբյուրները կազմել են -12.8 մլրդ դրամ, արտաքին աղբյուրները` 11.2 մլրդ դրամ: Պետական բյուջեի եկամուտների, ծախսերի և պակասուրդի ֆինանսավորման աղբյուրների ծրագրայինից շեղումների արդյունքում բյուջեի ազատ միջոցներից ծրագրով նախատեսված 23.6 մլրդ դրամ օգտագործման դիմաց նշված միջոցներն ավելացել են 16.6 մլրդ դրամով:
Ներքին աղբյուրներում 18.2 մլրդ դրամ են կազմել փոխառու զուտ միջոցները,  30.9 մլրդ դրամ` ֆինանսական զուտ ակտիվները: Մասնավորապես` 19.1 մլրդ դրամ են կազմել գանձապետական պարտատոմսերից զուտ մուտքերը` ապահովելով ծրագրված ծավալի 63.3%-ը: Մուրհակների մարման նպատակով օգտագործվել է 204.0 մլն դրամ կամ նախատեսվածի 65.2%-ը: 757.9 մլն դրամն ուղղվել է «ՎՏԲ Հայաստան» ՓԲԸ-ից ստացված վարկի մարմանը` կազմելով տարեկան ծրագրի 50%-ը: Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ռեզիդենտներին պետական բյուջեից տրամադրվել են շուրջ 20.3 մլրդ դրամի վարկեր կամ տարեկան ծրագրով նախատեսված ծավալի 91.5%-ը: Շուրջ 6.5 մլրդ դրամ ստացվել է տրամադրված ներքին վարկերի վերադարձից, որը կազմել է ծրագրով նախատեսված ցուցանիշի 45.5%-ը:
Անցած ժամանակահատվածում պետական բյուջեի հավելուրդի արտաքին ֆինանսավորումը կազմել է 11.2 մլրդ դրամ, այդ թվում` 43.2 մլրդ դրամը` փոխառու զուտ միջոցների,  32.0 մլրդ դրամը` ֆինանսական զուտ ակտիվների գծով: Արտաքին աղբյուրներից տրամադրվել են 60.2 մլրդ դրամի վարկային միջոցներ` կազմելով ծրագրի 90.6%-ը: Մասնավորապես` Եվրամիության կողմից Մակրոֆինանսական աջակցության ծրագրի շրջանակներում հաշվետու ժամանակահատվածում տրամադրվել է 20.2 մլրդ դրամ, Համաշխարհային բանկի հետ Զարգացման քաղաքականության երրորդ ծրագրի շուրջ գործող համաձայնագրի շրջանակներում` 30.3 մլրդ դրամ, Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից` 9.8 մլրդ դրամ: Ավելի քան 17.0 մլրդ դրամ (ծրագրվածի 62%-ը) ուղղվել է արտաքին պարտավորությունների մարմանը, որից 5.6 մլրդ դրամ հատկացվել է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի գծով պարտքի մարմանը, 429.1 մլն դրամ` ԳԶՄՀ, 278.2 մլն դրամ` ՎԶԵԲ, 315.8 մլն դրամ` ՕՊԵԿ միջազգային զարգացման հիմնադրամի, շուրջ 8.0 մլրդ դրամը` Արժույթի միջազգային հիմնադրամի, 126.3 մլն դրամը` Աբու-Դաբիի Զարգացման Հիմնադրամի նկատմամբ ունեցած պարտքի մարմանը, 654.7 մլն դրամ` ԱՄՆ ապրանքային վարկերի մարմանը, 1.2 մլրդ դրամ է տրամադրվել Էլեկտրաէներգիայի հաղորդման և բաշխման համակարգի ծրագրի գծով Ճապոնիայի նկատմամբ պարտքի մարմանը, 55.6 մլն դրամ` ԱԷԿ-ի վառելիքի չոր պահպանման համակարգի ծրագրի գծով Ֆրանսիայի նկատմամբ պարտքի մարմանը, 346.7 մլն դրամ` Գերմանիայի Դաշնային Հանրապետության նկատմամբ պարտավորությունների մարմանը:
Հաշվետու ժամանակահատվածում 31.1 մլրդ դրամ միջպետական վարկ է տրամադրվել ԼՂՀ-ին` ապահովելով 86.6% կատարողական: Վրաստանի կողմից Հայաստանի նկատմամբ ունեցած վարկային պարտավորությունների գծով կատարվել է 229 մլն դրամի վճարում` կազմելով տարեկան ծրագրի 76.6%-ը: Բաժնետոմսերի և կապիտալում այլ մասնակցության ձեռքբերմանն ուղղվել է 906.3 մլն դրամ` կազմելով տարեկան ծրագրի 99.1%-ը: Հաշվետու ժամանակահատվածում 152.8 մլն դրամով ավելացել է արտաքին աղբյուրներից ստացված արտաբյուջետային դրամաշնորհային միջոցների մնացորդը:

Պետական բյուջեի եկամուտներում, ծախսերում և պակասուրդի ֆինանսավորման աղբյուրներում ներառված չեն արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող նպատակային ծրագրեր իրականացնող գրասենյակներով շրջանառվող միջոցները:

Այս խորագրի վերջին նյութերը