Հարցազրույց

13.06.2009 17:23


Ստանիսլավ Բելկովսկի

Ստանիսլավ Բելկովսկի

Ռուսաստանի ազգային ռազմավարության ինստիտուտի հիմնադիր Ստանիսլավ Բելկովսկին ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ հարցազրույց է տվել ադրբեջանական «Day.Az»–ին, որ կարծում ենք, կհետաքրքրի նաև մեր ընթերցողներին։

-Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Սանկտ-Պետերբուրգում կայացած հանդիպման արդյունքները։
-Ես գտնում եմ, որ այս բանակցություններում ճեղքում չեղավ և չէր էլ կարող լինել։ Ներկայումս Ռուսաստանը չունի բավարար ռեսուրսներ, որպեսզի հայ-ադրբեջանական հարաբերություններում հանդես գա որպես մոդերատոր։ Միաժամանակ, Հայաստանն ու Ադրբեջանը չեն հրաժարվի հանդիպել Ռուսաստանի միջնորդությամբ։ Դա բնական է։ Սակայն այս փուլում պետք չէ ակնկալել, որ հայ-ադրբեջանական և ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Ռուսաստանի միջնորդությունը կարող է արդյունավետ լինել։

-Իսկ ո՞ր երկիրը կարող է հանդես գալ որպես հայ-ադրբեջանական և ղարաբաղյան հակամարտության կարգավորման մոդերատոր։

-Առայժմ նման երկիր չկա։ Հակառակ դեպքում՝ հայ-ադրբեջանական և ղարաբաղյան հակամարտությունն արդեն լուծված կլիներ։ Սակայն հիմնահարցի կարգավորման գործում հնարավոր մոդերատոր է ԱՄՆ-ը։ Ես հնարավոր եմ համարում նաև Թուրքիայի և Եվրամիություն որոշակի դերակատարումը այս հարցում, սակայն՝ ավելի քիչ չափով։

-Ձեր կարծիքով՝ որքանո՞վ է նպատակահարմար, որ Թուրքիան,  որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի չորրորդ համանախագահող երկիր, ներգրավվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։

- Թուրքիան, որի իշխանությունն իսլամիստների ձեռքում է, ձգտում է տարածաշրջանում ավելի մեծ դերակատարում ունենալ։ Մասնավորապես, փորձում է արագորեն բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ, ինչն արտացոլում է հայ-ադրբեջանական և ղարաբաղյան հակամարտության գործընթացում մոդերատոր դառնալու նրա փորձերը։ Իմ կարծիքով,  Թուրքիան դատապարտված է դառնալ այս հիմնահարցի լուծման մասնակիցներից մեկը։
-Այս տարածաշրջանում կա նաև Իրանը։ Նա կարո՞ղ է հավակնել տարածաշրջանային մոդերատորի դերին։

-Անկախ Իրանի նախագահի ընտրությունների արդյունքից (Մահմուդ Ահմադինեջադի հիմնական մրցակիցը էթնիկ ադրբեջանցի Միր-Հուսեյն Մուսավին էր-«7 օր»)՝ դեռևս վաղ է խոսել այն մասին, որ Թեհրանը կարող է հավակնել տարածաշրջանային մոդերատորի դերին։ Չէ՞ որ դրանում բացարձակապես շահագրգռված չէ ԱՄՆ-ի նման գերհզոր պետությունը։ Այդ իսկ պատճառով Իրանը կարող է փորձել Ադրբեջանի կամ Հայաստանի վրա ազդել միայն ինչ-որ գաղտնի դիվանագիտության միջոցով։ Սակայն նրան չի հաջողվի դառնալ տարածաշրջանային մոդերատոր։

-Ինչպիսի՞ն են մոտ ապագայում ղարաբաղյան հիմնահարցի լուծման հեռանկարները։

-Մոտ ապագայում չի կարելի ակնկալել  հայ-ադրբեջանական և ղարաբաղյան հակամարտության կարգավորում։ Հնարավոր մոդերատոր երկրներից և ոչ մեկը չի կարող միանշանակ ադրբեջանամետ կամ հայամետ դիրք գրավել։ Բացի այդ, զգացնել է տալիս տարածաշրջանային առաջնորդի բացակայությունը։ Այդ իսկ պատճառով, պետք է զինվել համբերությամբ և սպասել հայ-ադրբեջանական և ղարաբաղյան հակամարտության լուծման երկարատև բանակցային գործընթացին։

«Day.Az»

Այս խորագրի վերջին նյութերը