Հարցազրույց

09.11.2012 10:46


Լևոն Սահակյան

Լևոն Սահակյան

Հարցազրույց  `«Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ»–ի դասախոս Լևոն Սահակյանի հետ

–ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի, 64-րդ հոդվածի 2-րդ մասին և «Պետական ոչ առևտրային կազմակերպություններ»-ի մասին ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետի համապատասխան՝ ՀՀ կառավարությունը որոշել «Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ–ը միացման ձևով վերակազմակերպել՝ միացնելով «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ–ին: Ինչպե՞ս եք գնահատում այս որոշումը։

Նախ ընդգծեմ, որ իմ պատասխանները հնչում են քոլեջի կոլեկտիվի անունից։ Այդ որոշումը քոլեջի աշխատակազմը և ուսանողները գնահատում են դրական՝ հույս ունենելով, որ դա չի անդրադառնա քոլեջի ինքնուրույն գործունեության վրա: «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ն ու «Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ը մասնագիտական առումով լիովին համապատասխանում են և ուսումնական տեսակետից ապահովվում է ուսանողների շարունակական ուսուցումը:

Մոտ մեկ տարի առաջ, երբ կառավարությունը ցանկանում էր «Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջը» միավորել «Երևանի մշակույթի պետական քոլեջ»–ին, դուք և ձեր գործընկերները դեմ էիք արտահայտվում: Ի՞նչ տարբերություն կա «Երևանի մշակույթի պետական քոլեջ»–ին միավորվելու և «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիային» միավորվելու միջև։

–«Երևանի մշակույթի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ը «Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի հետ ոչ մի մասնագիտական ընդհանրություններ չուն, և այդ երկու քոլեջների միացումը անթույլատրելի էր, որի արդյունքում վերանում էր «Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ»-ը, որը միջնակարգ մասնագիտական հաստատությունների մեջ ունի իր ուրույն տեղը, և վստահորեն կարելի է ասել նաև, իր միջազգայնորեն ճանաչված անունը (բրենդը), որի ապացույցն են տարբեր երկրներից եկած ուսանողները: Քոլեջը իր տեսակով միակն է հանրապետությունում, իսկ Սովետական Միության մեջ եղել է 4-րդը՝ Մոսկվայից, Լենինգրադից և Կիևից հետո:

–«Երևանի մշակույթի պետական քոլեջի ղեկավար» Նադեժդա Սարգսյանը անդրադառնալով ձեր այդ բողոքին՝ ասել է. «Մի հատ պատմությանը նայե՛ք: Էդ բրենդը ի՞նչ է տվել, ո՞ւմ է տվել: Ի՞նչ ջազային երգիչ ու երաժիշտ է տվել»։ Ինչ կասե՞ք այս մասին։

–Ինչ վերաբերվում է երգչուհի Նադեժդա Սարգսյանի այդ խոսքերին, թե ինչ պատմություն ունի և ինչ շրջանավարտներ է տվել «Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ»-ը, ապա մենք առանց զլանալու, և ի գիտություն երգչուհի Նադեժդա Սարգսյանի, կարող ենք թվարկել այն երգիչների և երաժիշտների ստվար շարքը՝ սկսած քոլեջի սկզբնավորման տարիներից մինչև մեր օրերը՝ Սյուզան Մարգարյան, Էռնա Յուզբաշյան, Արմեն Գևորգյան, Անահիտ Մանուկյան, Նունե Եսայան, Աիդա Սարգսյան, Գոգա, Արմինկա, Անչոկ, Ռուբեն Սասունցի, Գոհար Հովհաննիսյան, Սիլվա Հակոբյան, Ջուս, Լուսինե Աղաբեկյան, Նարե Գևորգյան, ջազային երգչուհիներ Լուսինե Կչոզյան, Իլոնա, որոնք ներկա դրությամբ հանդիսանում են «Երևանի Հ.Ռ–ի էստրադային սիմֆոնիկ պետական նվագախմբի» մենակատարներ, նույն նվագախմբում հարվածային գործիքների վրա հանդես է գալիս Արմեն Սարգսյանը, կարող ենք այսպես շարունակել անվերջ: Մենք վստահ կարող ենք ասել, որ Նադեժդա Սարգսյանը չէր կարող տեղյակ չլինել այս երգիչների և երաժիշտների մասին, որոնք անցել են Ակսել Բակունցի հիմնադրած դպրոցը, և նա չպետք է մոռանա, որ ինքը նույնպես Բակունցի սաներից է:

Նաժդա Սարգսյանը նաև պնդել է, թե կառավարության այս որոշումների հետ ինքը որևէ կապ չունի։ Իրո՞ք այդպես է։

–Փա՛ռք ասծո, որ նա իրավասու չէ, և որևէ կապ չի կարող ունենալ կառավարության որևէ որոշման հետ: Նա բազմիցս եթերից և մամուլում հայտարարում է, որ կապ չունի այդ որոշման հետ և անվերապահորեն ընդունում է կառավարության բոլոր որոշումները: Նա առիթը բաց չի թողնում միշտ որևէ ձևով անդրադառնալ այդ հարցին՝ բացասական առումով նշելով ջազ քոլեջի անունը, որի իրավունքը նա չունի:

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը