Հարցազրույց

02.11.2012 11:53


Երվանդ Բոզոյան.

Երվանդ Բոզոյան.

Հարցազրույց քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ

- Մի քանի ամսից նախագահական ընտրություններն են, մեզ ի՞նչ է սպասվում:

- Այս հարցը հուզում է ողջ հասարակությանը: Եվ պատասխանը շատ պարզ է. իշխանությունը ներկայացնելու է գործող նախագահի թեկնածությունը: Եվ եթե քաղաքական մնացած դաշտը չկարողանա համախմբված մի թեկնածու առաջադրել, ապա գործող նախագահը կարող է հեշտությամբ ընտրվել:

- Իսկ օբյեկտիվ հիմքեր կա՞ն մտածելու, որ ընդդիմադիր քաղաքական դաշտը իր միասնական թեկնածուին կառաջադրի:

- Իհարկե, կան: Եվ դրա վառ օրինակը եղավ Վրաստանում: Ամենքը հասկանում էին, որ գործող նախագահ Սահակաշվիլուն փաստացի կարող էր չեզոքացնել միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին: Իրենց ամբիցիաները մի կողմ դրեցին ու միացան Իվանիշվիլու թեկնածության պաշտպանությանը: Եվ հասան հաջողության: Այսօր Հայաստանում էլ նման դեմք կա: Դա Գագիկ Ծառուկյանն է: Եթե հասարակական-քաղաքական շրջանակներում գիտակցեն, որ Հայաստանում անհրաժեշտ է ինչ-որ բան փոխել, կհամախմբվեն նրա շուրջը:

- Բայց այստեղ առկա էր Սահակաշվիլու գործոնը. ըստ շատ վերլուծաբանների, նա ցուցաբերեց քաղաքական կամք, որպեսզի անցկացվեն արդար ընտրություններ: Դուք մտածում եք՝ նույնը կարող է տեղի ունենալ մե՞ր պարագայում:

- Այդ հարցը մեր երկրում ուղղակի շատ քիչ է ուսումնասիրված, և մարդիկ պատկերացում չունեն, թե ի՞նչ է կատարվել Վրաստանում: Ես բավականին լավ ինֆորմացված եմ. այնտեղ էլ Սահակաշվիլին քաղաքական կամք չուներ անցկացնելու արդար ընտրություններ: Պետական մեքենան և վարչական ռեսուրսները մասսայականորեն օգտագործվում էին: Նույնիսկ առավել կոշտ ձևով, քան Հայաստանում էր: Իսկ վերջին շաբաթը Վրաստանի ազգային անվտանգության աշխատակիցները և հատուկ նշանակության խմբերը ուղղակիորեն մտնում էին Իվանիշվիլու կողմնակիցների բնակարանները և ահաբեկում նրանց: Հնարավորն անում էին, որպեսզի վախի մթնոլորտ ձևավորեն երկրում: Սակայն այդ ամենը չօգնեց, որ Սահակաշվիլին վերարտադրվեր: Եվ պարզապես այս պարագայի համար պետք է ասել` Սահակաշվիլին կարողացել է ընտրությունները կեղծել այնքան, ինչքան թույլ է տվել վրաց ժողովուրդը:

- Բայց այդ դեպքում ես կարող եմ այսպես ասել` վրաց ժողովուրդը շատ ավելի ուժեղ էր, համառ էր, որպես քաղաքացի պատրաստված էր և կարողացավ տեր կանգնել իր իրավունքներին: Բայց նույնը չես ասի մեր ժողովրդի մասին. այն հեշտությամբ կուլ է գնում իշխող դասի խաղերին: Եվ ընդհանրապես, մեր հասարակությունն ապատիայի մեջ է:

- Վրաց հասարակության մեջ էլ կար ապատիա: Եթե 2008 թվականին մեզ մոտ եղավ մարտի 1, ապա 2010-ին էլ նման բան եղավ նրանց մոտ, ու հասարակությունը հայտնվեց ապատիայի մեջ: Բայց ապատիաները հավերժ չեն տևում. մարդիկ նորից վերականգնում են իրենց արժանապատվությունը: Ի վերջո, ամեն ինչ կախված է հասարակական պահանջից ու քաղաքական ուժերի կամքից: Եթե քաղաքական ուժերը բավարարում են հասարակության պահանջը, ապա առաջանում է այդ պրոցեսը: Եթե ոչ, ապա ոչինչ էլ տեղի չի կարող ունենալ:

- Իսկ Դուք կարծում եք, թե Գագիկ Ծառուկյանը միա՞կ ընդունելի թեկնածուն կլինի ժողովրդի համար: Եվ միա՞կ ընտրված թեկնածուն ընդդիմադիր ուժերի կողմից:

- Ընդդիմադիր դաշտում շատ արժանի գործիչներ կան, ովքեր կարող են ընդունելի լինել հասարակության համար: Բայց իր ժամանակի մեջ հասարակությունն ընտրում է մեկին: Օրինակ, 1996-ին ընտրեց Վազգեն Մանուկյանին, 1998-ին` Կարեն Դեմիրճյանին, 2003-ին` Ստեփան Դեմիրճյանին, 2008-ին հասարակությունը զգաց, որ Լևոն Տեր-Պետրոսյանի միջոցով կարող է բան փոխել: Տվյալ պահին, տվյալ ժամանակաշրջանում ինչ-որ մեկն է ի հայտ գալիս: Պարտադիր չէ, որ նա լինի ամենալավը, պարզապես այդպես է ստացվում:

Այսօր փաստորեն այդ անձը դարձել է Ծառուկյանը: Ես չեմ ասի, որ նա ամենալավ գործիչն է, ունի մեծ առավելություններ մյուսներից: Պարզապես ժամանակն է դրան հանգեցրել: Ի վերջո, ԱՄՆ-ում էլ այսօր Օբաման ու Ռոմնին ամենախելոք մարդիկ չեն, նրանցից խելոքներ շատ-շատ կլինեն: Սակայն ամերիկյան հասարակությունը չի ընտրում իր մեջ եղած լավագույններին, այլ ընտրում է իրար հետ մրցակցող երկու մարդկանցից մեկին:

Մի բան էլ ասեմ` ընդհանրապես լավ անձ գոյություն չունի քաղաքական-պետական համակարգում: Ցանկացած մեկին, ում տալիս ես բացառիկ լիազորություններ, միանգամից սկսում է փչանալ: Տնտեսական դաշտից դրա վառ օրինակն «Արմենթելն» էր: «Արմենթելը» տվեցինք հույներին, շնորհեցինք մենաշնորհով, և եղավ մի խայտառակ իրավիճակ այս ոլորտում: Հենց որ այլ օպերատորներ ևս սկսեցին գործել դաշտում, իրավիճակը կարգավորվեց: Եվ բնավ չէր նշանակում, թե այն ժամանակվա «Արմենթելի» ղեկավարները շատ վատ մարդիկ էին:

- Իսկ աշխարհաքաղաքական կենտրոնների դիրքորոշումը չի՞ կարող մեզ մոտ ինչ-որ բան փոխել: Ի վերջո, շատերի գնահատմամբ մեր երկիրը կախված է դրսի կենտրոնների կամքից: Նաև` հենց պետության ղեկավարի ընտրության հարցում:

- Մի քիչ գերագնահատում ենք աշխարհաքաղաքական կենտրոնների գործոնը: Ի վերջո վերջիններս, հաշվի առնելով Հայաստանի հասարակության տրամադրությունները, փորձում են կարգավորել իրենց հարաբերությունները այս կամ այն գործչի հետ: Մենք ինքներս այնքան ենք ստրկամիտ դարձել, որ մեզ թվում է, թե դրսի ուժերը` նույն Ռուսաստանը կամ Միացյալ Նահանգները, կամ Եվրամիությունը, կարող են որոշիչ դերակատարություն ունենալ: Բայց այդպես չէ: Բերեմ Կուբայի օրինակը. «կողքին» է աշխարհի ամանաուժեղ երկիրը` ԱՄՆ-ը, բայց չի կարողանում փոխել նրա հասարակարգը: Կամ` Վրաստանը. Ռուսաստանը ոչինչ չկարողացավ անել, որպեսզի այս երկրում ձևավորի իր համար չեզոք իշխանություն:

- Բնականաբար, իշխանությունը կօգտագործի ընտրակեղծիքների իր մշակած-փորձարկած մեքենան: Արդյոք մեր ժողովուրդը, հասարակական-քաղաքական ընդդիմադիր ուժերը կկարողանա՞ն կոտրել այն:

- Այս հարցի պատասխանը ոչ ոք չգիտի: Եթե մեր ժողովուրդը կարողացավ կոտրել, ուրեմն փառք ու պատիվ նրան: Եթե չկարողացավ, թող ոչ ոքի չմեղադրի իր ապագա ողբերգությունների համար: Մեղավորը միայն ինքն է: Եթե վրաց ժողովուրդը կարողանում է կոտրել, ուկրաինացի ժողովուրդը կարողանում է, մոլդովացին կարողանում է, իսկ մենք չենք կարողանում, և ինքներս մեզ դարձնում ենք Ադրբեջանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի նման երկիր, ուրեմն արժանի ենք այն կյանքին, որ ունեն այդ հասարակությունները: Պարզապես այդ երկրները մահմեդական երկրներ են, նաև ունեն էներգետիկ ռեսուրսներ ու կարող են գոյատևել: Բայց մենք նման հարստություններ չունենք: Ավելացրած` շրջապատված ենք թշնամիներով, որոնք նպատակ են դրել հզորանալ ու մեր հարցերը լուծել:

Եթե չգիտակցենք այս մարտահրավերները, կանգնելու ենք ազգային անվտանգության լուրջ սպառնալիքի առջև: Այնպես որ, պարտավոր ենք ջարդել ընտրակեղծիքի մեքենան և օրինական ճանապարհով ձևավորել իշխանություն: Եվ այդ դեպքում տվյալ իշխանությունը կիմանա, որ եթե վատը եղավ, կհեռացվի ու կփոխարինվի ուրիշներով:

Աղբյուրը՝ «Հայացք» օրաթերթ

Այս խորագրի վերջին նյութերը