Մեկնաբանություն

24.07.2012 11:20


Պայքարել պետք չէ պահանջել

Պայքարել պետք չէ պահանջել

Վերնագրում պակասում են ստորակետը և շեշտը։

Նրանք, ովքեր կարծում են, թե ստորակետը պետք է դնել «պահանջել» բայից առաջ ու արդարադատություն ակնկալել Սերժ Սարգսյանից, առնվազն միամիտներ են։

Նրանք, ովքեր համոզված են, որ ստորակետը պետք է դնել «պայքարել» բայից հետո, իրատեսներ են, քանզի ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի գլխավորած իշխանության դեմ միայն պայքարելով է հնարավոր արդյունքի հասնել։

ՀԱԿ–ի անդամ երիտասարդների դեմ դատական համակարգի «կացնային» ու պատվիրված որոշումը հերթական անգամ ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանից կերտվող հանդուրժող և երկխոսող իմիջը կեղծ է։

Իշխանությունն ընդառաջ է գնում քաղաքացիական հասարակությանը երբ իրեն է պետք կամ երբ ինքն է «քաղաքացիական հասարակության» միջոցով ձևակերպում «պահանջները»՝ առաջնորդվելով բացառապես անձնական շահերով։ Եվ ուրեմն, Սերժ Սարգսյանից արդարադատություն պահանջելը տհասության նշան է։

Փորձը ցույց է տալիս, որ ավտորիտար ռեժիմները հասկանում են միայն ուժի լեզուն։ Փորձը ցույց է տալիս նաև, որ պահանջներով ու խնդրագրերով բան դուրս չի գա և պետք է «չորով» պարտադրել։

Օսմանյան կայսրությունում էլ հայերը, այլ ազգերի պես ազատագրական շարժում սկսելու փոխարեն, պահանջում էին ու խնդրում բարեփոխումներ, բայց վերջում երիտթուրքերից ստացան ցեղասպանություն։

ՍՍՀՄ փլուզումից առաջ շատերը Գորբաչովից էին ակնկալում Ղարաբաղի հարցի լուծում։ 1988–ին մի միֆ կար տարածված, թե իբր Գորբաչովն ուզում է հայերին տալ Ղարաբաղը, բայց նրա մահմեդական կինը (Ռաիսա Մաքսիմովնան թաթարուհի էր), «կեղտոտ» Լիգաչովն ու փտած կոմկուսի ծերակույտն են խանգարում նրան։

«Այ, եթե կարողանանք Գորբաչովին օգնել ներքին պայքարի մեջ ու «Լենին, Պարտիա, Գորբաչով» գոռանք, ապա նա մեր կողմը կանցնի ու Ղարաբաղը կտա»,–անմեղսունակի շիտակությամբ կարծում էին ոմանք։ Սա, իհարկե, ֆոլկլորի մակարդակով էր տարածվում, բայց փաստն այն է, որ նման մտածելակերպ կար։

Կյանքը, սակայն, իր շտկումները մտցրեց։ Ղարաբաղն անցավ հայերին, բայց ոչ թե «բարեշրջիչ» Գորբաչովի օգնությամբ, այլ կռվի միջոցով։ Ինչ մնում է Գորբաչովին, ապա նա «փուռը» տվեց, թե՛ իր ղեկավարած պետությունը, թե՛ իրեն։

Ասելս այն է, որ Սերժ Սարգսյանից արդարադատություն պահանջելն ու նրանից բարեփոխումներ ակնկալելը նման է Օսմանյան կայսրությունից հայերի վիճակի բարելավում կամ Գորբաչովից Ղարաբաղ պահանջելուն։

Այսպիսով, վերնագրում առկա նախադասության մեջ ճիշտ կետադրությունը հետևյալն է. «Պայքարե՛լ, պետք չէ պահանջել»։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը