Հարցազրույց

01.06.2009 17:56


Աստղիկ Գևորգյան.

Աստղիկ Գևորգյան.

Հարցազրույց Ժուռնալիստների միության նախագահ, ՀՀԿ-ի ցուցակով Երևանի ավագանու թեկնածու Աստղիկ Գևորգյանի հետ

-Ինչպե՞ս եք գնահատում Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավն ու քվեարկությունը։

-Քարոզարշավը գնահատում եմ հավասարակշռված։ Իմ կարծիքով' բոլոր ուժերը կարողացան, իրենց հնարավորությունների սահմանում, անցկացնել քարոզարշավը։ Ով ինչքա՞ն՝ դժվար է ասել։ Ամեն մեկն ուներ իր ծրագիրն ու մարտավարությունը։ Մեկն ընտրել էր հանդիպումների բակային, մյուսը՝ դահլիճային, հաջորդը՝ հանրահավաքային ձևաչափը։ Եվ ոչ մեկս իրավունք չունենք հարցնելու, թե ինչու՞ է այդ ձևը ընտրվել, այդպե՞ս չէ...

-Իսկ ընտրությունները, ըստ Ձեզ, ինչպե՞ս անցան։

-Ես ոչ դիտորդ եմ եղել, ոչ էլ վստահված անձ։ Բացի իմ քաղաքացիական պարտքը կատարելուց, որևէ ընտրատեղամաս չեմ այցելել։ Այն ընտրատեղամասում, որտեղ որ ես եմ քվեարկել, ամեն ինչ շատ խաղաղ է եղել։

-Հավանաբար, տեղյակ եք լրագրողների նկատմամբ կիրառված բռնարարքների մասին...

-Գոհար Վեզիրյանի մասին տեղյակ եմ։ Սակայն ոչ մի մեկնաբանություն չեմ կարող տալ, քանի որ ինքս պետք է համոզվեմ, թե իրականում ինչ է եղել։

-Երեկ ամբողջ օրվա ընթացքում մենք ահազանգեր էինք ստանում, որ լրագրողների նկատմամբ բռնարարքներ են կիրառվում։ Եթե այդ ահազանգերը հաստատվեն, որպես  Ժուռնալիստների միության նախագահ՝ ինչպիսի՞ քայլեր կձեռնարկեք։

-Եթե հաստատվեն, խիստ բացասական կգնահատեմ, որովհետև ոչ մի պարագայում ոչ մեկին իրավունք չի տրված բռնարարք կատարել քաղաքացու, առավել ևս՝ լրագրողի նկատմամբ։ Ցավոք սրտի, նախորդ բոլոր ընտրությունների և ոչ միայն դրանց ժամանակ՝ լրագրողների նկատմաբ բռնարարքներ եղել են։ Ամեն անգամ մենք և լրագրողական մյուս կազմակերպությունները հանդես ենք եկել հայտարարություններով։ Սակայն ես Նվեր Մնացականյանի առիթով հարցազրույցներից մեկում ասել եմ, որ այլևս հայտարարությամբ հանդես չեմ գալու, քանի դեռ բռնարարք կատարողը չի հայտնաբերվել և պատժվել։ Անիմաստ է դառնում հայտարարությամբ հանդես գալը, երբ բռնարարքները մնում են անպատիժ...

(Մեր զրույցն ընդհատեց Աստղիկ Գևորգյանի բջջային հեռախոսի զանգը։ Դատելով մեր զրուցակցի արձագանքներից՝ ամենայն հավանականությամբ զանգահարողը շնորհավորում էր Աստղիկ Գևորգյանին. Երևանի ավագանու ընտրությունների ՀՀԿ համամասնական ցուցակում նա անցողիկ տեղ է զբաղեցնում)։

-Մենք կանգ առանք անարդյունավետ հայտարարությունների վրա...

-Հայտարարությունների իմաստն այն է, որ իրավապահ մարմինները հայտնաբերեն բռնարարքի հեղինակին և չբավարարվեն միայն «հարուցված է քրեական գործ արտահայտությամբ»։ Բռնարարք կատարողին ոչ թե պետք է սոսկ դատապարտեն, այլ դատապարտեն առավելագույն չափով, որպեսզի կանխվի լրագրողի նկատմամբ հաջորդ բռնարարքը։

-Եթե պարզվի, որ լրագրողների նկատմամբ բռնություն է կիրառվել ՀՀԿ-ի կողմից՝ ավագանու  համամասնական ցուցակից դուրս կգա՞ք.։

-Ո՛չ։ Ինչու՞ պետք է դուրս գամ։ Կմնամ, կպայքարեմ։ Ես ընդգրկվել եմ այդ ցուցակում ոչ թե նրա համար, որ կանխեմ լրագրողի նկատմամբ բռնարարքները։ Ես այլ նպատակներ ունեմ. պետք է մասնակցեմ Երևանին առնչվող բոլոր խնդիրների լուծմանը։ Դա ի՞նչ բան է՝ դուրս գալ։ Ինչի՞ համար։ Ես կարող եմ պայքարել աշխատելով, ոչ թե դուրս գալով։

-Որպես բռնարարքների հեղինակներ նշվում են իշխանությունները։ Դուք ՀՀԿ համամասնական ցուցակում եք ընդգրկված...

-Ես չգիտեմ, ես կուսակցական չեմ։ Ես նաև չգիտեմ, թե բռանարարք կատարվե՞լ է, և այն Հանրապետականի ներկայացուցի՞չն է կատարել, թե ում նկատմամբ բռնարարք կատարվել է, իրականում հենց նա է դրա հեղինակը։

-Այսինքն, Դուք կարծում եք, թե Գոհար Վեզիրյանը հարձակվել է պատգամավոր Լևոն Սարգսյանի թիկնապահների վրա՝ պատճառելով նրանց մարմնական վնասվածքնե՞ր։

-Չեմ կարող ասել։ Այն, ինչը չգիտեմ, չեմ կարող ասել, ինչը որ գիտեմ՝ կասեմ։ Ես համոզված չեմ, թե իրողությունն ինչպիսին է։ Եթե համոզված եմ, ապա իմ դիրքորոշումը հստակ արտահայտում եմ։ Անկախ կազմակերպություն եմ ղեկավարում, ես ինքս էլ անկախ մարդ եմ, երբեք կուսակցական չեմ եղել, որևէ կախվածություն չունեմ։

-Այս ընտրությունները մեկ քայլ առա՞ջ էին, ինչպես որ նշում են իշխանությունները։

-Ես էլ եմ կարծում, որ մեկ քայլ առաջ են։

-Ինչո՞վ։

-Իմ շրջապատի բոլոր մարդիկ, ովքեր գնացել են ընտրության, ասել են, որ ամեն տեղ խաղաղ մթնոլորտ է եղել։ Ես ինքս տեսել եմ այդ խաղաղ մթնոլորտը։ Եվ վերջ ի վերջո՝ Հանրապետականն այնքան շատ ձայն է ստացել։ Ես դա ասում եմ ոչ թե նրա համար, որ քաղաքապետարան եմ անցել ՀՀԿ ցուցակով։ Այնքան մեծ է ձայների տարբերությունը, որ ինչ-որ դեպքեր էլ որ եղել են, ապա արդյունքների վրա չեն կարող ազդել։ Թող լինեն արձանագրություններ... ես դժվարանում եմ ասել։

-Գագիկ Բեգլարյանին շնորհավորե՞լ եք։

-Դեռ չենք հավաքվել, իսկ Գագիկ Բեգլարյանին զանգել, շնորհավորել եմ, անպայման։ Նա ուրիշ մարդ չէ ինձ համար։ Ես Կենտրոն համայնքի մտավորականների խորհրդի նախագահն եմ, մենք համատեղ աշխատել ենք։ Մենք էլ միմյանց պետք է շնորհավորենք։ Երևանի ավագանու լրագրող անդամ արդեն ունենք։

 Զրույցը վարեց Վախթանգ Մարգարյանը

Այս խորագրի վերջին նյութերը