Մեկնաբանություն

11.07.2012 17:22


Ի՞նչ խնդիր է ուզում լուծել Սերժ Սարգսյանը

Ի՞նչ խնդիր է ուզում լուծել Սերժ Սարգսյանը

Նախագահական նստավայրի վերահսկողության տակ գործող լրատվամիջոցները տևական ժամանակ շրջանառության մեջ են դրել այն թեզը, թե իբր Սերժ Սարգսյանն ուզում է ձերբազատվել այսպես կոչված օլիգարխներից, և եթե լինի քաղաքացիական հասարակության աջակցությունը, ապա նա կտրուկ քայլերի կդիմի։

«Տեսեք, թե ինչպես նա «փուռը» տվեց Ռուբեն Հայրապետյանին»,–որպես իրենց ասածի հիմնավորում՝ շեփորահարում են «անկախ» մամուլի մշակները։

Իրականությունը, սակայն, լրիվ այլ է։

Սերժ Սարգսյանը Հայաստանում գործող կլանաօլիգարխիկ համակարգի պարագլուխն է և տարիներ շարունակ ինքն է եղել ու կա ռուբենհայրապետյանների հովանավորն ու նրանց շահերի պաշտպանը մեզանում առկա իշխանական բուրգում։ Բուրգ, որի բաղկացուցիչները ֆիզիկական անձինք են. բուրգի վերնաշենք հանդիսացող օլիգարխիան (Սերժ Սարգսյան, Տիգրան Սարգսյան, Սերժի ընտանիքի անդամներ՝ սաշիկամիշիկական տեսքով) և օլիգարխիային կցված  կլանների ղեկավարները (Ռուբեն Հայրապետյան, Սամվել Ալեքսանյան և այլն)։ Սա էլ հենց իրենից ներկայացնում է կլանաօլիգարխիկ համակարգը, որի մասին այդքան շատ խոսվում է։

Հարկ է հստակ ամրագրել, որ Սերժ Սարգսյա՛նն է իշխանության ու կիսաքրեական բիզնեսի սերտաճման ջատագովն ու ճարտարապետը։ Ճիշտ է, նա այդ գործի պիոները չէ, բայց 1998–ի իշխանափոխությունից, իսկ ավելի ստույգ՝ 1999թ. հոկտեմբերի 27–ից հետո նա է ամբողջությամբ կուռացիա արել և անում խոշոր կապիտալի ոլորտը (բացառությամբ՝ Գագիկ Ծառուկյանի, Հրանտ Վարդանյանի ու Խաչատուր Սուքիասյանի ղեկավարած համակարգերի) ու կիսակրիմինալ աշխարհը (Լևոն Սարգսյան, Մհեր Սեդրակյան և այլն)։

Հիշեցնեմ, որ երբ Անդրանիկ Մարգարյանը դեռ ողջ էր, Պաշտպանության նախարարի կարգավիճակ ունեցող Ս. Սարգսյանն անդամակցեց ՀՀԿ–ին՝ իր հետ որպես «օժիտ» այդ կուսակցություն տանելով «հայերեն վատ խոսող» զանգվածին, ում այսօր ընդունված է օլիգարխիա անվանել։ Ասել է թե՝ կիսաքրեական բիզնեսը կամ մեծահարուստների ճնշող մեծամասնությունը մշտապես եղել են ու կան ՀՀԿ այժմյան ղեկավարի հենարանը։

Այդ «օլիգարխները» Սերժ Սարգսյանին օգնեցին և՛ 2007թ. ԱԺ, և՛ 2008թ. նախագահական, և՛ 2012թ. ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրակեղծիքների մեխանիզմով հաղթանակ տանելու հարցում։

Հիմա, երբ իշխանական քարոզչամեքենան տարածում է, թե Սարգսյանը փորձում է ազատվել օլիգարխներից, դրա մեջ կա և՛ մեծ բլեֆ, և՛ փոքրիկ ճշմարտություն։

Բլեֆն այն է, որ «օլիգարխիայի» վրա հենված նախագահն անգամ տեսականորեն չի կարող պայքարել օլիգարխների դեմ։ Դա էր պատճառը, որ Սերժ Սարգսյանն անձամբ էր քարոզում Ռուբեն Հայրապետյանի ու մյուս օդիոզ դեմքերի օգտին։ Մի՞թե բոլոր «օլիգարխներին» ԱԺ տանելով են պայքարում նրանց դեմ։ Դա անհեթեթություն է։

Բաղրամյան 26–ի կողմից «հակաօլիգարխիկ» պայքար մղելու քարոզի մեջ փոքրիկ ճշմարտությունն այն է, որ Սերժ Սարգսյանն իրոք կուզենար ձերբազատվել իր շրջապատի մեծահարուստ կիսաքրեական դեմքերից, բայց՝ «մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցելու, այլ ոչ թե համակարգը ներսից բարեփոխելու նպատակով։ Այսինքն՝ «քաղաքացիական հասարակությանը» կոչ անելով սատարել Սերժին՝ լուծվում է սեփականության վերաբաշխման, տնտեսական ու քաղաքական դաշտի գերկենտրոնացման և հավերժ մենաշնորհայնացման խնդիրը։ Ասել է թե՝ Սարգսյանն իր առաջ խնդիր է դրել վարվող «բարեշրջումների» զոհ դարձած հասարակության դժգոհությունն օգտագործել բացառապես սեփական շահերն առաջ մղելու համար։ Այլ կերպ ասած՝ Սարգսյանը ժամանակին նպաստել է «օլիգարխների» հարստացմանը, իսկ հիմա ուզում է նրանց ձեռքից, «քաղաքացիական» թամաշայի օգնությամբ, խլել ունեցվածքը՝ թաքնվելով «Հարուստներից խլենք, ժողովրդին տանք» դեմագոգիկ լոզունգի տակ։

Սարգսյանական նեղ թիմի իրական նպատակն է ինքնուրույնության որոշակի աստիճան ունեցող և կապիտալի ավտոնոմ չափաբաժին ունեցող «չար օլիգարխներին» փոխարինել «նշանակովի օլիգարխներով»՝ նպատակ հետապնդելով մեկ տեղ կենտրոնացնել երկրի բոլոր ֆինանսական հոսքերը, որի պարագայում պարզապես թուրքմենբաշիական համակարգ կձևավորվի՝ առանց նավթի ու գազի։ Այս քաղաքականությունն արդեն իսկ տվել է իր արդյունքները՝ տնտեսության անկում, աղքատության աճ, կապիտալի փախուստ, պետական պարտքի շեշտակի աճ և սարսափելի չափերի հասնող արտագաղթ։

Հարցն այն չէ, թե գործող կլանաօլիգարխիկ համակարգը լավն է, ու այն պետք է պաշտպանել։ Ամենևին։ Կլանաօլիգարխիկ համակարգը պետք է հիմնովին ապամոնտաժել, բայց ոչ թե սուլթանատի վերածելով (ինչպես նախագահականում են ուզում), այլ բաց շուկայական տնտեսություն ստեղծելով ու ազատ մրցակցություն ապահովելով։ Ու այդ ժամանակ բոլորն էլ անկախ իրենց կամքից կքաղաքակրթվեն ու սոցիալապես պատասխանատու բիզնեսով կզբաղվեն։ Այլ փորձ համաշխարհային պատմության մեջ չի եղել։ «Էքսպոպրիատորների էքսպոպրիացիան» միայն բոլշևիկյան տիպի մտածողությանն է հատուկ։ Իսկ թե ինչի հասան բոլշևիկյան լոզունգների հետևից գնացողները, հայտնի է բոլորին. գուլագներում տեղ ու դադար չկար, իսկ «տրոցկիստների» ու մենշևիկների հարցերը լուծելուց ու բացարձակ իշխանություն հաստատելուց հետո «հակաօլիգարխիկ» ստալինյան ռեժիմը շարքային քաղաքացիներին գնդակահարում էր՝ «ժողովրդի թշնամի» մեղադրանքը ներկայացնելով։

Բոլոր նրանք, ովքեր այժմ «Սերժը պայքարում է օլիգարխների դեմ» դեմագոգիկ լոզունգն են առաջ տանում կամ որպես «ազնիվ քյարփինջ» ներգրավվում են այդ խաղի մեջ, կամա թե ակամա, հայաստանյան նեոբոլշևիզմի կրողների կողմից օգտագործվող «պեշկաներ» են դառնում, և պարզապես ծիծաղելի է երբ այդ մարդիկ խոսում են քաղաքացիական հասարակության արժեքներից։

Նեոբոլշևիզմը, ըստ սահմանման, քաղաքացիական հասարակության թշնամին է։ Իրական քաղաքացիական հասարակությունը պետք է կողմ արտահայտվի «Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան» բանաձևին և խնդիր դնի ժողովրդավարական անցում ապահովել։ Մնացածը դատարկ խոսակցություններ են, որոնք միտված են ոմանց հաճախորդությունը թաքցնելուն։

. . .

Ամփոփենք. Սերժ Սարգսյանը ոչ թե ուզում է կլանաօլիգարխիկ համակարգը վերացնել, այլ այն վերաձևել՝ «մեկ պատուհանի կոռուպցիայի» մեխանիզմով մոնոլիտ բուրգ սարքելու նպատակով։ Իսկ եթե անգամ հիպոթետիկ ընդունենք, որ նա ուզում է պայքարել առանձին օլիգարխ կոչվածների դեմ, ապա դա մեծ բլեֆ է, քանզի նրա միակ հենարանը մեծամասնական տարածքների «բդեշխների» ֆունկցիա կատարողներն են և «հակաօլիգարխիկ» քարոզը զուտ PR-տրյուկ է, որը հրամցվում է գալիք նախագահական ընտրություններին ընդառաջ։

Եթե իշխանությունը խնդիր դրած լիներ սեփականության ու պետական կառավարման տարանջատում ապահովելու, ապա նախագահական նստավայրն այդպես կառչած չէր մնա «օլիգարխներից» ու կրծքով չէր պաշտպանի 41 մեծամասնական ընտրատեղամասերի պահպանման գաղափարը։ Ավելի շուտ «օլիգարխները» կուզենան տարանջատվել Սերժ Սարգսյանից, քան հակառակը, քանի որ կապիտալի նախնական կուտակման փուլն անցնելով՝ բոլորն էլ հակված են սեփականության լեգիտիմությունն ապահովելուն, ինչին կտրուկ դեմ է արտահայտվում Հայաստանի իրական օլիգարխիան՝ վերը նշված պատճառներով։

Ռուբեն Հայրապետյանի հետ կապված պարզապես ֆորս–մաժոր տեղի ունեցավ և փարիսեցիություն է նրա՝ մանդատից հրաժարվելու մասին հայտարարությունը որպես «օլիգարխների դեմ նախագահի պայքար» ներկայացնելը։

Ինչ վերաբերում է ընթացիկ քաղաքականությանը, ապա Սարգսյանի որդեգրած գիծը նեոբոլշևիկյան տիպի է, որին պետք է հակադրել ազգային–դեմոկրատականը կամ որ նույնն է՝ բուրժուադեմոկրատականը։ Հայաստանի ապագան վճռվելու է՝ ելնելով այս երկու հոսանքների բախման արդյունքից։ Հանգուցալուծումը կլինի 2013թ. նախագահական ընտրությունների ժամանակ։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը