Մեկնաբանություն

11.07.2012 15:17


Սերժի «պալաչը»

Սերժի «պալաչը»

Հանդիսանալով բոլշևիկյան մտածողության կրող և սովետական ագիտպրոպի դպրոցի ներկայացուցիչ՝ Սերժ Սարգսյանը որոշել է քաղաքական հակառակորդների դեմ էժանագին թամաշա կիրառել։ Նախագահականից բեմադրվում է «աշխատավորական կոլեկտիվների վրդովմունքը» խեղկատակությունը։ Մարտի է նետվել ՀՀԿ ղեկավարի կուսընկեր Արթուր Հարությունյանը, նույն ինքը՝ Պալաչը, ում պաշտպանության տակ են առել իշխանական բոլոր «առաջադեմ» լրատվամիջոցները, որոնք մեկ կենտրոնից եկած հրահանգով նախ անոնս արեցին «պետպատվերով գործադուլը», ապա սկսեցին «ռասկրուտկա» անել բուն թատրոնը։

Ինչպես արդեն հայտնի է, Սերժի գաղափարակից ընկերոջը պատկանող Երևան–Աբովյան երթուղով աշխատող «Քինգ դե լյուքս» ավտոբուսի վարորդները կամավոր–պարտադիր սկզբունքով բողոքում են «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից կազմակերպվող նույն երթուղով քաղաքացիներին անվճար տեղափոխող ավտոբուսների աշխատանքի դեմ։ Փաստորեն, Սերժ Սարգսյանն իրեն հատուկ ոճով «տակից» ու «մուտիլովկաներով» է պայքարում ԲՀԿ–ի դեմ, քանի որ շատ լավ գիտի՝ քաղաքական հարթության մեջ ինքն անզոր է. «թղթե» ձայները զրոյական արժեք ունեն։

Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանն ու իր երիտթիմը որոշել են հանրային բողոքի իմիտացիա սարքել ու վնասել Ծառուկյանին, բայց նրանք պետք է լավ իմանան, որ անվճար ավտոբուսներից օրական օգտվում են հարյուրավոր մարդիկ, ու դա լավ կյանքից չեն անում։ Անվճար օգտվողները Սերժ Սարգսյանի գլխավորած թիմի տնտեսական «բարեշրջումների» զոհերն են։ Ի դեպ, այդ «բարեշրջումների» զոհ են նաև այն վարորդները, ովքեր «Քինգ դե լյուքսում» են աշխատում։

Հիմա եթե Բաղրամյան 26–ում որոշել են շոու սարքել, ապա այդ շոուն կարող է շուռ գալ իրենց դեմ։ Այնպես ինչպես Վահե Ավետյանի սպանության հետ կապված բողոքի երթի ժամանակ «Նեմե՛ց, մարդասպանը» վերափոխվեց «Սերժի՛կ, հեռացիրի», նույն ձևով Գագիկ Ծառուկյանին վնասելու նպատակ հետապնդող «Ո՛չ բարեգործական ավտոբուսներին» կոչը կարող է սահուն կերպով դառնալ «Ո՛չ 10 մարդու կյանքի գնով նախագահ դարձածին»։

Սերժ Սարգսյանը, թերևս, լավ չի պատկերացնում, որ «պալաչ» օպերացիան խիարի պես բան է. մեկ տեսար՝ ձեռքիդ է, իսկ մեկ էլ տեսար ...

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը