Լրահոս

19.06.2012 10:05


ԼՂՀ ԱԳՆ հայտարարությունը

ԼՂՀ ԱԳՆ հայտարարությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է, որ Ադրբեջանը շարունակում է ինտենսիվորեն խախտել կրակի դադարեցման ռեժիմը ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի ամբողջ երկայնքով: Սույն թվականի հունիսի 18-ին ժամը 8.15-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրագործված կոպիտ խախտումների արդյունքում, սպանվել է ԼՂՀ ՊԲ` զինվորական ծառայության զորակոչված զինծառայող 1993 թ. ծնված Արամ Սիմոնի Գյուլնազարյանը: Ադրբեջանի հերթական սադրանքը բացահայտ մարտահրավեր է ԵԱՀԿ –ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին, այն նախկինում ընդունված պարտավորությունների և պայմանավորվածությունների բոյկոտ է, Փարիզում նախատեսվող` Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը խափանելու փորձ: Տվյալ հարցի շուրջ ԼՂՀ իշխանությունների պաշտոնական տեսակետն արտացոլող համապատասխան նոտան ուղարկվել է ԵԱՀԿ Գործող նախագահի Անձնական ներկայացուցչի գրասենյակ: Մենք դատապարտում ենք Ադրբեջանի ագրեսիվ և հանցավոր գործողությունները և հայտարարում ենք, որ լարվածության հետագա սաստկացման պատասխանատվությունն ընկած է ադրբեջանական կողմի վրա: Կարծում ենք, որ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը /ԵԱՀԿ/ պետք է Ադրբեջանի անհասցե հայտարարություններից անցնի խիստ գնահատականների և պատժամիջոցների` զինյալ-ուժային քաղաքականության, խաղաղ կարգավորմանը խոչընդոտելու, թշնամանք հրահրելու և տարածաշրջանում նոր պատերազմ սանձազերծելու համար: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կրկին հավաստում է իր դիրքորոշումը` մնալ հավատարիմ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ միջոցներով կարգավորմանը և լինել պատրաստակամ կատարելու կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդման` կողմերի գործող պարտավորությունները, որոնք ամրագրվել են ԼՂՀ, ՀՀ և ԱՀ պաշտպանության գերատեսչությունների ղեկավարների կողմից ստորագրված` 1995 թ. փետրվարի 5-ի համաձայնագրում: ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը վստահություն է հայտնում, որ միջազգային հանրությունը կոչ է անելու Ադրբեջանի ղեկավարությանը հրաժարվել շանտաժի, սպառնալիքների և դիվերսիաների անհեռանկար քաղաքականությունից և վերադառնալ կառուցողական երկխոսության` տարածաշրջանում տևական խաղաղության և հակամարտության համապարփակ կարգավորման հասնելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը