Լրահոս

15.06.2012 12:35


Սոցհարցումներ ԼՂՀ նախագահական ընտրություններին ընդառաջ

Սոցհարցումներ ԼՂՀ նախագահական ընտրություններին ընդառաջ

ԼՂՀ-ն կարող է հանդես գալ որպես տարածաշրջանի ամենաժողովրդավար ու քաղաքակիրթ երկիրը։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ հավելելով, թե մասնավորապես նախագահական ընտրություններից առաջ այնտեղ կաշառք բացարձակապես չի բաժանվում:

Սոցիոլոգն անդրադարձել է Արցախում հուլիսի 19-ին կայանալիք նախագահական ընտրություններին ու ներկայացրել կատարված որոշ հարցումների արդյունքները։

–Մայիսի 26-27-ը Ստեփանակերտում, 6 շրջկենտրոններում և 14 գյուղերում բնակվող մոտ 1000 չափահասների շրջանում անցկացված սոցհարցման արդյունքներով` մարդկանց 86,7 տոկոսը կարծում է, որ Բակո Սահակյանն արել է ի պաշտոնե պահանջվածը և ավելին, 10,5 տոկոսը մտածում է, որ նա արել է պահանջվածից քիչ, իսկ 2,8 տոկոսը՝ որ ոչինչ չի արել, միայն վնաս է բերել։

Ըստ բանախոսի՝ իրենց աղքատ են համարել հարցված ընտանիքների 19, համեստ՝ 73, ունևոր՝ 8 տոկոսը: Տասը ընտանիքից մեկը մնում է ծանր նյութական վիճակում, տասից չորսը՝ ոչ լավ-ոչ վատ, իսկ մնացած չորս-հինգը գոհ են իրենց կյանքից։

Ադիբեկյանը նշել է, որ ԼՂՀ ներկայիս նախագահ, նախագահի թեկնածու Բակո Սահակյանը մեծ ժողովրդականություն և աջակցություն է վայելում.

–Թեկնածուների վարկանիշը հետևյալն է. Բակո Սահակյան՝ 30 տոկոս, Վիտալի Բալասանյան՝ 3,5 տոկոս, Արկադի Սողոմոնյան՝ 1,5 տոկոս: Ընդ որում, ընտրություններին պարտադիր մասնակցելու պատրաստակամություն է հայտնել արցախցիների 84,3 տոկոսը: Մարդկանց 4,5 տոկոսն ասել է, որ հնարավոր է՝ մասնակցի, իսկ չմասնակցելու մասին հայտարարել է ԼՂՀ բնակչության 5 տոկոսը։

Ամփոփելով իր խոսքը՝ Ադիբեկյանը նշել է, որ անցկացրած սոցհարցման տվյալներով` Ղարաբաղի ցանկալի կարգավիճակի մասին թվային ցուցանիշները հետևյալն են. ԼՂՀ-ի անկախ պետություն լինելուն կողմ է բնակչության 44 տոկոսը, Հայաստանին միանալուն կողմնակից է կրկին 44 տոկոսը, 8,8 տոկոսը ցանկանում է, որ ԼՂՀ կարգավիճակը մնա` ինչպես կա:

Այս խորագրի վերջին նյութերը