Լրահոս

23.05.2012 15:05


Սերգեյ Լավրով. «Սիրիական հակամարտությունը կարող է տարածվել Լիբանանում»

Սերգեյ Լավրով. «Սիրիական հակամարտությունը կարող է տարածվել Լիբանանում»

Այսօր մամլո ասուլիսի ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մտահոգություն է հայտնել, որ Սիրիայի հակամարտությունը կարող է տարածվել Լիբանանում, որն էլ կարող է շատ վատ հետևանքներ ունենալ։

Ավելի վաղ Լիբանանի հյուսիսային շրջաններում, մասնավորապես Տրիպոլի քաղաքում, տեղի էին ունեցել բախումներ տեղի բնակչության սուննիների, ովքեր սատարում են սիրիացի ապստամբներին, և ալևիների միջև, որոնք Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմնակիցներն են համարվում։ Սիրիայի իշխանությունները հայտարարել էին, որ Լիբանանի հյուսիսային սահմանամերձ շրջանները վերածվել են «ահաբեկիչների որջի»։

Լավրովն ասել է, որ հաշվի առնելով Լիբանանի բնակչության էթնիկ և կրոնական կազմը և այն սկզբունքները, որոնց հիման վրա կառուցված է այդ պետությունը, հակամարտության տեղափոխումը Լիբանանի տարածք կարող է շատ վտանգավոր լինել։ ՌԴ արտգործնախարարն ընդգծել է, որ շատ ցավալի է, երբ ի հայտ են գալիս և արհեստականորեն սրվում  են անհամաձայնություններ մահմեդական սուննիների և շիաների միջև։

Սա դեպքերի զարգացման ամենավտանգավոր ճանապարհն է, որը պետք է կանխել ցանկացած գնով։ Հույս ունեմ, որ միջազգային հանրության բոլոր պատասխանատու անդամները և առաջին հերթին իսլամական ու արևմտյան երկրները ճիշտ հետևություններ կանեն և կկարողանան ժամանակին կանգ առնել,–ասել է Լավրովը։

Այս խորագրի վերջին նյութերը