Տնտեսական

19.05.2012 13:02


Հետընտրական շրջանի գնաճն օրինաչափություն է. պարզաբանում է Արմեն Պողոսյանը

Հետընտրական շրջանի գնաճն օրինաչափություն է. պարզաբանում է Արմեն Պողոսյանը

Ինչպես հայտնի է, խորհրդարանական ընտրություններին հաջորդող շաբաթների ընթացքում Հայաստանում գրանցվել է որոշ ապրանքների գների աճ։ Հատկապես աճել են ներկրվող ապրանքների գները, մասնավորապես շաքարավազի գինը։ «7օր»–ի հետ զրույցում «Սպառողների ասոցիացիա» հ/կ նախագահ Արմեն Պողոսյանը հետևյալ կերպ այս իրավիճակը է մեկնաբանել.

Նախ՝ եթե շաքարավազի 99 տոկոսը ներկրում է մեկ մարդ, ապա ամեն ինչ հասկանալի է։ Նույն վիճակն է նաև կարագի շուկայում։  Կան խորքային, մեթոդաբանական պատճառներ, և կան գնաճի կոնյուկտուրային պատճառներ։ Տվյալ դեպքում մեր փորձը ցույց է տալիս, որ նախընտրական շրջանում դանդաղում կամ կանգնում է գների աճը, և հետընտրական շրջանում նոր ալիք է սկսվում։ Սա օրինաչափություն է,–ասել է Արմեն Պողոսյանը։

«Սպառողների ասոցիացիայի» նախագահը տեղեկացրել է նաև, որ Հանրային ծառայությունները կարգավորող պետական հանձնաժողովն արդեն իսկ պետք է քննարկի «Երևան ջուր ընկերության» ջրի սակագնի բարձրացման հայտը։

Դա միշտ էլ հարմարեցվում է ընտրություններին նախորդող և հաջորդող ժամանակաշրջաններին. զսպում են գների աճը մինչև ընտրությունները,–ընդգծել է Արմեն Պողոսյանը։

Նա ասել է, որ «հեծանիվ հորինել պետք չէ», և կան միջոցներ, որոնք կարող են նպաստել գնաճի տեմպերի նվազեցմանը։ Առաջին հերթին դա մաքսային օրենսդրությունն է, որը պետք է նպաստի տեղական արտադրության զարգացմանը։ Արմեն Պողոսյանը բերել է ծխախոտի շուկայում վարվող հարկային քաղաքականության օրինակը. ԱԺ–ն օրենք է ընդունել, որով հավասարեցրել է ներքին արտադրողների և ներմուծողների ակցիզների գինը, ինչը ներկրողի համար ավելի շահեկան է, և որի պատճառով ներքին արտադրության ծավալները նվազեցին։

Իմ համոզմունքը հետևյալն է՝ ներկրողների համար պետք է սահմանվի քվոտա շաքարավազի, կարագի, բենզինի, օղու և այլ ապրանքների վրա, ասենք՝ 20 տոկոս,–հայտնել է Արմեն Պողոսյանը։

«Սպառողների ասոցիացիայի» նախագահը կարծում է, որ նման կերպ ազատ մրցակցային դաշտ կստեղծվի, երբ ընկերությունները կպայքարեն իրար հետ այդ քվոտաների համար՝ առաջարկելով ներկրման առավել շահեկան պայմաններ։ 20 տոկոսի համար մեկ խումբ կպայքարի, մյուս 20 տոկոսի համար՝ այլ խումբ, արդյունքում ներկրումը կտրոհվի մի քանի ընկերությունների միջև, որոնցից ոչ մեկը չի ունենա գերիշխող դիրք։

7or.am  

Այս խորագրի վերջին նյութերը